Պետեկամուտների կոմիտեն գտնում է, որ քաղաքացիներին հարկային տեսչություններում տանջելը արդյունք տվել է
«Այո՛, հարկային տեսչություններում իսկապես խառնաշփոթ է, բոնուսները ստանալու համար մարդիկ ժամերով ու օրերով հերթ են կանգնում, մի քաղաքացու սպասարկելը տեւում է 40-50 րոպե, անընդհատ կտրոնների հետ կապված նոր խնդիրներ են առաջանում, ու քաղաքացիները իսկապես ստիպված են լինում քաշքշուկների մեջ ընկնել, բայց այդ ամենին պետք է ըմբռնումով մոտենալ: 60 հազար քաղաքացու 2 ամսում սպասարկելն այնքան ծանր է, որին հարկայինը պատրաստ չէր: Մենք էլ ենք առանց զգուշացնելու այցելում հարկային տեսչություններ ու նույն բաները մեր աչքով տեսել ենք»,- երեկ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանը «Առավոտին» պարզաբանումներ տվեց ՀԴՄ կտրոնների բոնուսների հետ կապված բողոքների առնչությամբ: Ինչպես մեր խմբագրությունում, այնպես էլ հարկայինի «թեժ գծի» հեռախոսահամարով ամեն օր բոնուսների տրամադրման մասին բազմաթիվ բողոքներ են լինում, ըստ պարոն Բեյբությանի, մարդիկ «թեժ գիծն» իրենց համար դարձրել են հատուկ բոնուսների համար սուբյեկտիվ հարցեր լուծելու միջոց. «Մեկ էլ զանգում-ասում են՝ այս հարկային տեսչությունում այսինչն ինձ հետ լավ չխոսեց, իրեն վատ պահեց եւ այլն: Նույնիսկ այնտեղ ենք հասել, որ մեզ «թեժ գծով» հանձնարարականներ են տալիս, ասում են՝ ես Պողոսյան Պողոսն եմ, հենց հիմա այսինչ հարկային տեսչությունում եմ, հերթի մեջ եմ, պահանջում եմ, որ ինձ շուտ սպասարկեն: Բնականաբար, մենք չենք կարող այնպես աշխատել, որ մարդիկ չբողոքեն: Հարկային աշխատողը պետական փողի հետ գործ ունի ու պարտավոր է ամեն կտրոն մանրամասն ստուգել, որ չարաշահումներ չլինեն»:
Ա. Բեյբությանը նորմալ է համարում այն, որ հարկայինի աշխատակիցները երբեմն բոնուս հաշվելու նյարդային աշխատանքի մեջ ծերերի հետ լավ չեն վերաբերվում, այնպես չեն սպասարկում, ինչպես քաղաքացին է ուզում. «Ի՞նչ անի տեսչության աշխատակիցը, երբ ծանրաբեռնված աշխատանքի մեջ ծեր մարդիկ առանց կտրոնները ստուգելու ու խմբավորելու, ինչ ունեն-չունեն՝ լցնում են տոպրակի մեջ ու տանում-դնում հարկայինի աշխատակցի դեմն ու պահանջում ստուգել: Հարկայինի աշխատակիցները, իրենց հիմնական գործառույթներից բացի, առանց հավելյալ վարձատրվելու, ստանձնել են նաեւ ՀԴՄ կտրոններ հաշվելու պարտականությունը: Դրա համար էլ աշխատանքային լարված պրոցես է, որին մենք պատրաստ չէինք: Չէինք սպասում, որ այսքան բոնուս ստացողներ կլինեն եւ այսքան ակտիվություն կլինի»: Քաղաքացիներին քաշքշուկների մեջ գցելու համար Պետեկամուտների կոմիտեի նման արդարացումը, իհարկե, ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ ճգնաժամի պայմաններում հարկայինը փորձել է մինիմալ ծախսերով ստանալ մաքսիմալ արդյունք ու միայն ՀԴՄ-ները ստուգելու համար առանձին հաստիք չբացել: Սակայն մի քանի հազար դրամ բոնուս ստանալու համար երկար նվաստանալուց, տարբեր սենյակների դռներ թակելուց, հերթ կանգնելուց հետո ոչ մի քաղաքացու համար այդպիսի արդարացումը չի կարող ընդունելի լինել: Բոնուս ստացողին հետաքրքիր չէ, որ հարկայինի աշխատակիցը, բացի իրեն սպասարկելուց, այլ գործեր էլ ունի: Պարոն Բեյբությանն էլ նկատեց. «Եղել է, որ հարկատուն ուզեցել է մտնել սպասարկման բաժին՝ խնդիր է ունեցել պարզելու, բոնուս ստացողները չեն թողել՝ ստիպելով նրան էլ իրենց հետ հերթ կանգնել: Մարդն ուզում է իր շահերը պաշտպանել, նրան հետաքրքիր չէ, որ դա հարկային տեսչություն է եւ առաջին հերթին պետք է հարկատուների հարցերը լուծվեն»:
Բացի խառնաշփոթից՝ ի՞նչ տվեց մեզ ՀԴՄ կտրոնների վիճակահանությունն ու բոնուսը՝ մեր հարցին ՊԵԿ-ի նախագահի տեղակալը պատասխանեց, որ՝ շատ տնտեսվարողներ իսկապես մտան հարկային դաշտ. «Բոլոր կազմակերպությունների ֆիսկալային շրջանառությունները նախորդ տարվա համեմատությամբ մոտ 40 միլիարդ դրամով ավելացել են, իսկ դա մեր աշխատանքի արդյունքն է»: Պարոն Բեյբությանի ընտանիքը նույնպես հավատում է «Շահում եք դուք, շահում է պետությունը» կարգախոսին, եւ ՀԴՄ կտրոն է հավաքում. «Արդեն 2 անգամ 40 հազար դրամի բոնուս ենք ստացել»:
Մեզ հետ զրույցում Ա. Բեյբությանը տարբեր օրինակներ բերեց, թե ինչպես է այս կամ այն քաղաքացին փորձել խախտում անել ու, ասենք, 70 մլն դրամի գնումներ կատարած մի սխալ կտրոնով փորձել բոնուս ստանալ: Մի կազմակերպություն էլ իր աշխատողներին աշխատավարձի փոխարեն ՀԴՄ կտրոն է տվել, որ բոնուս ստանան: Բազմաթիվ են դեպքերը, երբ բոնուս փորձել են ստանալ խանութների վաճառողները. «Շատ վաճառողներ պարտադիր տպում են կտրոնը, բայց ձգձգում են, որպեսզի քաղաքացին հեռանա ու կտրոնն իրենց մնա»: Հենց դա է պատճառը, որ այսօր բոնուս ստացողների մեծ մասը վաճառողներ են ու իրենց բարեկամները, բայց եթե կոնկրետ վաճառողին տեսչությունում «բռնացնելը» հեշտ է, ապա հարկայինը ոչ մի մեխանիզմ չունի հայտնաբերելու եւ պատժելու վաճառողների ազգական-բարեկամներին:
Խոշոր գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար արդեն մի քանի անգամ տուգանվել է ու օրինախախտ վաճառողների պատճառով տուժել: Պարոն Բեյբությանի խոսքերով՝ հիմա տնտեսվարողները նոր բան են մտածել. վաճառողներին ստիպել են պայմանագիր ստորագրել, որ եթե ՀԴՄ կտրոններ չտրամադրելու համար հարկայինը տուգանի, տուգանքը պետք է մուծի վաճառողը:
Պետեկամուտների կոմիտեի տվյալներով, ամենաշատ խախտումներն արձանագրվել են մանրածախ առեւտրի ոլորտում: Միայն օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին թույլ տված խախտումների համար կասեցվել է 124 ընկերության գործունեություն, հիմնականում՝ վարսավիրանոցներ, բենզա եւ գազալցակայաններ, ավտոսպասարկման կետեր, հանրային սպասարկման օբյեկտներ: Տուգանվողների ցուցակում է նաեւ «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերության՝ Արաբկիրում գտնվող խանութը, որը մինչեւ սեպտեմբերի 14-ը չի աշխատելու: