Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ավարտվել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ակտիվիստ Վահագն Գեւորգյանի գործով դատաքննությունը: Դատավարության ընթացքում ցուցմունքներ է տվել այս տարի ապրիլին Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» ժամանակ, իբր, իրավապահներին վիրավորական եւ «անպարկեշտ» արտահայտություններ արած, նրանց նկատմամբ բռնություն կիրառած Վ. Գեւորգյանը: Նրա նկատմամբ քրգործը հարուցվել էր ապրիլի 10-ին, երբ ի թիվս այլ քաղաքացիների՝ ոստիկանները նաեւ Գեւորգյանին էին փորձել հեռացնել պողոտայից եւ արդյունքում ուժի կիրառմամբ նրան ու եւս երկու երիտասարդների բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին:
Այս գործը եւս հիմնված է բացառապես ոստիկանների եւ այն էլ իրար հակասող ցուցմունքների վրա:
Վ. Գեւորգյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը երեկ դատարանին միջնորդել էր գործին կցել այն տեսագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես են ոստիկաններն իր պաշտպանյալին բերման ենթարկում: Դատավորը մերժել էր այդ միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Գեւորգյանը վիրավորանքը հասցրել էր մինչեւ բերման ենթարկվելը եւ մեղադրանքին չի առնչվում: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, պաշտպան Էլբակյանն այս միջնորդությունը համարել էր դատավորի կողմնակալ վերաբերմունքի դրսեւորում եւ միջնորդել էր դատավորին ինքնաբացարկ հայտնել: Այս միջնորդությունը եւս մերժվել էր: Փոխարենը դատավորը բավարարել էր պաշտպանական կողմից երկու այլ միջնորդությունները: Դրանցից մեկը վերաբերում էր բերման ենթարկվելու ժամանակ Վ. Գեւորգյանի ստացած մարմնական վնասվածքների վերաբերյալ դատական փորձագետի եզրակացությունը գործին կցելուն, մյուսը՝ լրացուցիչ 5 ականատես վկաներ ներգրավելուն: Դատավորը այս մի դեպքում միջնորդությունը մասամբ էր բավարարել՝ որոշում կայացնելով դատակոչել վկաներից միայն մեկին՝ Գեւորգ Բոյաջյանին: Նրա ցուցմունքները լսելուց հետո դատարանը որոշեց անցնել դատավարության եզրափակիչ փուլին: Վաղը դատարանում կլսվեն մեղադրող եւ պաշտպանական կողմերի ճառերն ու ամբաստանվողի «վերջին խոսքը»:
Հիշեցնենք, որ ամբաստանվող Վահագն Գեւորգյանը «ՀԺ» թերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանի որդին է: