Ըստ Արամ Կարապետյանի, մարտի 1-ի հանձնաժողովի աշխատանքային խմբի առաքելությունը օլիգարխների անհանգստությունը ցրելն էր:
Երեկ մարտի 1-ի հանձնաժողովի նիստ էր հրավիրվել, որի ժամանակ աշխատանքային խմբի ղեկավար Գուրգեն Արսենյանը եւ անդամներ Արտյուշա Շահբազյանն ու Արամ Հարությունյանը խոսեցին ՊՆ-ում իրենց տեսածի եւ լսածի մասին: Հիշեցնենք, որ ՊՆ խմբի այցելության համար առիթ էր դարձել այն, որ փաստահավաք խումբը հրապարակել էր մի տեղեկատվություն այն մասին, որ հանրապետության մի շարք օլիգարխ-պատգամավորներ իրենց սափրագլուխների համար մարտի 1-ի դեպքերի առիթով ՊՆ համապատասխան բաժնից զինվորական բաճկոններ էին ստացել: Եթե կարճ ասենք՝ աշխատանքային խումբը պարզել է, որ ՊՆ համապատասխան ստորաբաժանումում «Մարտի 1-ին որեւէ իրային, ապրանքային շարժ տեղի չի ունեցել»: Գուրգեն Արսենյանը նաեւ հայտարարեց. «Աշխատանքային խմբի գործունեությունը մեզ բերեց այն համոզմունքին, որ կարելի է հայտարարել՝ ՀՀ ՊՆ թիկունքի ծառայությունը որեւէ կապ չի ունեցել մարտի 1-ի իրադարձությունների հետ: Շատ կարեւոր էր, որ մենք էլ համոզված լինենք, որ ՀՀ ՊՆ-ն չի հանդիսանում իր գործառույթներից դուրս այլ գործառույթներ իրականացնող կառույց»: Արամ Հարությունյանը խոսեց ընդդեմ փաստահավաք խմբի. «Եթե իրենք գնում էին, ուրեմն՝ իրենց մտքով էլ էր անցնում, որ կարող է թղթերը փոխած են: Բայց իրենք գնում էին: Ավելի շուտ իրենց նպատակն էր ոչ թե գնալը եւ ինչ-որ բան պարզելը, այլ ուղղակի ցույց տալը, որ գնացին, խոչընդոտ եղավ»: Այս նախադասությունից հետո Գուրգեն Արսենյանը տեղից դիտողություն արեց, թե՝ «Փաստահավաքին մի խփիր»:
Արտյուշա Շահբազյանը ամենայն մանրամասնությամբ պատմեց, թե ինչպես են իրենք «ճիշտ ճանապարհով» գնացել ՊՆ. «Հարցրեցինք, թե ինչու չեն թույլատրել փաստահավաք խմբին մտնել ներս, նրանք մեր օրինակը բերեցին, ասելով՝ ահա, դուք եկել եք պրոցեդուրային կարգը պահպանելով, սա ՊՆ է, եւ եկեք հասկանանք, որ այստեղ հենց այնպես, անակնկալ մարդ չի կարող մտնել»: Արամ Կարապետյանը տեղից հիշեցրեց, որ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված փաստահավաք խմբին տրված էր լիազորություն հենց նախագահի հրամանագրով՝ մտնել ցանկացած պահ, ցանկացած տեղ:
Երեկ մեզ հետ զրույցում ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն ասաց. «Այս այցով մեկ անգամ եւս ապացուցվեց, որ երկրում ոչինչ չի փոխվել: Ես կարծում եմ, որ կար երկու-երեք կարեւոր պատճառ այս այցելության համար: Շատ անհանգստացած էին այն օլիգարխները, ում անունները նշված էին փաստահավաքի փաստաթղթում, շատ անհանգստացած էին բոլոր այն մարդիկ, որոնք, ըստ այդ փաստաթղթի, մասնակից են եղել: Ուրեմն, դա ինչ-որ ձեւով պետք է հերքվեր: Ցանկացած այլ հերքում, որ տալիս էր իշխանությունը, ընկալելի չէր, պետք էր թուղթ: Թղթի դեմ պիտի թուղթ դրվեր, գնացին, թուղթը սարքեցին, դեմը դրեցին: Ի սկզբանե սա հասկանալով՝ ես չուզեցի այս շոուին մասնակցել: Ես ուզում էի վերջին հարց տալ, չտվեցի: Եվ ուզում եմ ձեր թերթի միջոցով բոլորին տալ այդ հարցը՝ եթե բոլորն այդքան վստահ էին, որ ոչ մի նման բան չէր եղել, փաստահավաք խմբին ինչո՞ւ ներս չթողեցին, թող գնար, այդ թղթերը հավաքեր, բերեր»: «Առավոտը» այս հարցը փոխանցեց Գուրգեն Արսենյանին՝ եթե ամեն ինչ այդքան հստակ էր եւ նորմալ, ինչո՞ւ փաստահավաք խմբին չթողեցին մտնել ՊՆ եւ տեղում ծանոթանալ իրավիճակին: Ի պատասխան՝ Գուրգեն Արսենյանն ասաց, որ իրենց եւս հեշտ չեն թողել ներս. «Մեզ էլ մի պահ չթողեցին մտնել, երբ մեզ ուղեկցող զինվորականը մեքենայով մտավ, մեր առաջ դուռը փակեցին, որովհետեւ մերը քաղաքացիական մեքենա էր, մենք քաղաքացիական մարդիկ ենք: Հետո մեզ ուղեկցող Պողոսյանը գոռաց, ասաց՝ դուռը բացեք, թող ներս գան: Մի մոռացեք, որ դա ռազմական ստորաբաժանում է, եւ քաղաքացիական անձանց մուտքը կարգով է լինում»: