Անահիտ Բախշյանը երեկ հրաժարական տվեց, եւ կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Արմեն Մարտիրոսյանը:
Երեկ 22.30-ի սահմաններում «Ժառանգության» գրասենյակից մեզ հաղորդեցին տեղեկություններ նոր ավարտված վարչության նիստի մասին, որի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը կտարածվի այսօր:
Ըստ այդմ, մինչ «Ժառանգության» վարչության նիստը՝ տեղի է ունեցել պատգամավորական խմբակցության նիստ, որը քննարկել ու ընդունել է Արմեն Մարտիրոսյանի հրաժարականը եւ խմբակցության ղեկավար ընտրել Ստյոպա Սաֆարյանին: Այնուհետեւ Անահիտ Բախշյանի հրավիրած վարչության նիստում Արմեն Մարտիրոսյանն ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ: Իսկ կուսակցության 5-րդ համագումարում վարչության նախագահ ընտրված Անահիտ Բախշյանը՝ նախապես վստահության քվե ստանալուց հետո, ներկայացրել է հրաժարական: Եվ նրա առաջարկով է ընտրվել Արմեն Մարտիրոսյանը: Վարչության փոխնախագահ է ընտրվել Ռաֆիկ Հակոբյանը, որը ԵՊՀ-ում ամբիոնի վարիչ է, պրոֆեսոր:
«Ժառանգության» գրասենյակից մեզ փոխանցված տեղեկատվության համաձայն՝ Անահիտ Բախշյանի վստահության խնդիրը նախապես առաջադրել էին վարչության անդամներ Վարդան Խաչատրյանը, Մովսես Արիստակեսյանը եւ Զոյա Թադեւոսյանը, որոնք տեղեկացված էին, բայց չէին մասնակցել նիստին: Վարչության այս անդամների գործունեությանն անվստահություն հայտնելուց հետո՝ նիստի որոշմամբ (ի դեպ, ներկա են եղել 10 անդամներից 7-ը: «Ժառանգության» կանոնադրության համաձայն՝ խմբակցության ղեկավար ընտրվելուց հետո վարչության անդամ է դարձել նաեւ Ստյոպա Սաֆարյանը: Եվ բոլոր որոշումներն ընդունվել են միաձայն) որոշվել է կուսակցությունից հեռացնել Մովսես Արիստակեսյանին, Վարդան Խաչատրյանին ու Զոյա Թադեւոսյանին: Նրանց անվստահություն հայտնելու պատճառները կմանրամասնվեն այսօր հրապարակվելիք հաղորդագրության մեջ: «Ժառանգությունից» հեռացվել են նաեւ 3 այլ կուսակցականներ, որոնք վարչության անդամներ չեն:
Նիստում ընդունվել են այլ որոշումներ եւս: Մասնավորապես՝ քննարկվել են ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ խորհրդակցություններ սկսելուն ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի հունիսի 6-ին արված կոչի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության հետագա գործողությունները եւ որոշվել է լիազորել վարչության նորընտիր նախագահին «նշանակել բանակցողներ՝ կլոր սեղանի շուրջ համագործակցության հնարավոր ձեւաչափերի վերաբերյալ խորհրդակցություններ սկսելու նպատակով»:
Նշենք, որ «Ժառանգությունից» հեռացված բոլոր 3 գործիչներն էլ «Առավոտի» թղթակցից տեղեկացան, թե հեռացվել են կուսակցությունից: Մեկնաբանություններից ձեռնպահ մնաց միայն Վարդան Խաչատրյանը: Իսկ Մովսես Արիստակեսյանն ասաց. «Այդ նիստն անօրինական է, քանի որ քվորում չի եղել: Ներկա են եղել 6 հոգի: Մեր վարչության անդամների թիվը 11 է: Որոշումները, կուսակցության կանոնադրության համաձայն, պիտի ընդունվեն 2/3-ի ներկայությամբ, այսինքն՝ 7 հոգով»: Մեր հարցին, թե հեռացված 3-ից բացի՝ ո՞վ է վարչության այն 4-րդ անդամը, որը ներկա չի եղել նիստին՝ պրն Արիստակեսյանը տվեց Արթուր Սարդարյանի անունը: Մեր դիտարկմանը՝ չէ՞ որ նա վարչության անդամ ընտրվելուց հետո անցած տարվա ամռանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ Մովսես Արիստակեսյանն այսպես արձագանքեց. «Այդպիսի բան չի եղել: Նրան համագումարն է ընտրել, եւ համագումարն էլ կարող է պահանջել նրա հրաժարականը: Արթուր Սարդարյանը չէր գալիս նիստերին, հետո եկել է»: Նաեւ հավելեց՝ «Լավ չի, որ անօրինական որոշումներ են կայացնում՝ դա սազական չէ «Ժառանգությանը», քանի որ այն միշտ պայքարել է կեղծիքի դեմ: Կեղծիքով չի կարելի որոշում կայացնել: Մենք 4 հոգով արդեն 10 օր է՝ դիմել էինք վարչության նախագահին, որպեսզի արտահերթ նիստ հրավիրի, բայց Անահիտ Բախշյանը՝ խախտելով կանոնադրության պահանջները, 10 օրում արտահերթ նիստ չի հրավիրել, չի հարգել վարչության 4 անդամների դիմումը»:
Զոյա Թադեւոսյանը մանրամասնեց, թե ինչու էին պահանջում արտահերթ նիստում քննարկել վարչության նախագահի վստահության հարցը. «Անահիտ Բախշյանին անվստահություն հայտնելու խնդիրը կապված է այն փաստի հետ, որ ամիսներ շարունակ կուսակցությունում այդ կեղծիքի կապակցությամբ (խոսքն այն մեղադրանքի մասին է, թե «Ժառանգության» համագումարում կեղծվել են քվեարկության արդյունքները.- Ա. Ի.) առաջացել էին տարաձայնություններ, այն առումով, որ կեղծիք կատարողները պետք է պատասխան տան կատարվածի համար: Եվ մեր կուսակցության 9 անդամներ դիմումով խնդրել էին Անահիտ Բախշյանին ստեղծել հանձնաժողով եւ այնտեղ քննարկել Արմեն Մարտիրոսյանի վարքագիծը, որը ղեկավարել է համագումարում իրականացված կեղծիքները, եւ նրան հովանավորել էր Հովսեփ Խուրշուդյանը: Սակայն մենք չկարողացանք հասնել նրան, որ Անահիտ Բախշյանը հրավիրի այդպիսի նիստ: Բացի այդ՝ վարչության նիստերն անցնում էին աղմուկով, վերածվում տարաձայնությունների բախումների, եւ հնարավոր չէր լինում շարունակել նիստը: Եթե վարչության նախագահը չի կարողանում նիստը ղեկավարել՝ պետք է հրաժարական տա, մանավանդ որ՝ ինքն էլ էր գտնում, թե չի կարողանում դա անել»:
Այն փաստը, որ իրենց նախաձեռնության հետեւանքով ի վերջո հենց իրենց հեռացրեցին՝ Զոյա Թադեւոսյանն այսպես գնահատեց. «Ոչի՜նչ, թող հեռացնեն, դա խնդիր չի: Ես ուրախ եմ, որ հեռացվել եմ այդ կուսակցությունից, որը լեցուն է կեղծարարներով: Եվ այսօր Արմեն Մարտիրոսյանը կուսակցությունը կղեկավարի, որովհետեւ նա համար առաջին կեղծարարն է կուսակցությունում: Կարծում եմ, որ մեր կուսակցության բազմաթիվ անդամների մեջ սա հսկայական շոկ կառաջացնի, քանի որ հնարավոր չէ ուզուրպացնել կուսակցությունը, կեղծիքներով վարչություն ընտրել համագումարում՝ ոչ միայն քվեաթերթիկներ փոխել, այլ նաեւ վարչության նիստում կատարել գործողություններ, որոնք տեսնում են համագումարի բոլոր անդամները, եւ բոլորը դժգոհում են նրանցից: Եվ պարզ է, որ Թադեւոսյան Զոյան ձեռք չի տալիս, որովհետեւ Թադեւոսյան Զոյան կեղծիքներ չի անում, տեղեր չի վաճառում հանձնաժողովներում, ինչը նրանք միշտ փորձել են այդ հարցը բարձրացնել իմ մոտ, եւ ես՝ դեռ նրանց բերանը չբացած, արդեն փակել եմ այդ հարցը, ընդհանրապես՝ արմատի՛ց: Բացի այդ՝ Թադեւոսյան Զոյային մեղադրում են ՀԱԿ-ի, այսինքն՝ մեր ժողովրդի հետ համագործակցելու, ՀԱԿ-ի անդամներին հանձնաժողովներում տեղեր տրամադրելու, ինչն արեցի ավագանու ընտրությունների ժամանակ, եւ դա նրանց զայրույթն է առաջացրել: Ու հիմնական պատճառն այդ է»: Ի դեպ, ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչը մեր զրույցի ընթացքում նաեւ մեղադրանք հնչեցրեց, թե հանձնաժողովներում իրենց 30 տեղեր վաճառվել էր. «Եվ դրանցից տեղյակ էր Արմեն Մարտիրոսյանը: Նախապես պայմանավորվել էր ինչ-որ մարդկանց հետ՝ դա վաճառելու»:
Զոյա Թադեւոսյանը պնդեց, թե իր հեռացման պատճառը հետեւյալն է. «Ես իրական ընդդիմություն եմ ու չեմ խաղում իշխանական խաղեր: Եվ ես պայքարում եմ նրանց իսկ արած կեղծիքների դեմ: Շնորհակալ եմ նրանց որոշման համար՝ նման սրիկաների կողքին ես գտնվելու ցանկություն չունեմ»: