Գառնիկ Մարգարյանը ՀՅԴ-ին մեղադրում է «ներհայաստանյան գենոցիդ» իրականացնելու մեջ
«Հայ իրականության մեջ Հայ հեղափոխական դաշնակցությունը մի ազգային ուժ էր, որը պետք է ազգային հարցերի լուծման շարունակողը լիներ եւ դրանք իրենց տրամաբանական ավարտին հասցներ: Բայց վերջին տարիներին, հատկապես՝ 1998-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Դաշնակցության ղեկավարությունը անհասկանալի կերպով ազատ արձակվեց եւ անցավ իշխանական թեւ, մասնակից դարձավ ներհայաստանյան գենոցիդին. նրան, ինչ որ արել էին թուրքերը մեր ազգի նկատմամբ: Ես սա ցավով եմ նշում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում վերլուծելով իշխանություն եղած շրջանում ազգային գաղափարախոսությամբ ՀՅԴ-ի կեցվածքը՝ ասաց մեկ այլ ազգային կեցվածքով ուժի՝ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը: «Ստեղծել այդպիսի հզոր ուժ, կուսակցություն՝ բավականին մեծ ջանքեր, ինտելեկտ եւ ֆինանսական միջոցներ է ենթադրում, բայց այդ ամենը դնել այս հանցավոր ռեժիմի օգտագործման տակ, դարձնել նրան մասնակից՝ 1999-ի հոկտեմբերի 27-ի, 2003-ի ապրիլի 13-ի, 2009-ի մարտի 1-ի դեպքերին… «Պապլավոկ»-ում դաշնակցականի ողնաշարը կոտրեցին՝ ՀՅԴ-ն լռեց: Իսկ ո՞վ է ասում, որ ՀՅԴ-ի մասնակցությունը իշխանական խաղերին հիմա քողարկված չի, որպեսզի ռեժիմը դրսում փորձի թաքնվել այդ «հայրենասիրության» քողի տակ: Ես անլուրջ եմ համարում իրենց եւ այդ հանրահավաքները, եւ հնչեցրած գնահատականները: Ափսոսում եմ, որ որպես հզոր ազգային ուժ՝ մասնակից դարձավ այս հանցավոր ռեժիմի սեւ գործերին»,- ասում է Գառնիկ Մարգարյանը: Ելնելով նաեւ այս իրողությունից՝ մեր զրուցակիցը բացառում է ՀՅԴ-ի հետ որեւէ համագործակցություն՝ անկախ դրա ձեւաչափից: Ավելին, չնայած ՀԱԿ-ի հետ ազգային հարցերում հակադիր դիրքորոշումներին, նա միանշանակ հայտարարում է. «2007-ին բավականին բարդ իրավիճակում եւ դժվարությամբ մենք Կոնգրեսին անդամակցելու որոշում կայացրեցինք: Այդ որոշումը փոփոխության ենթակա չէ: Մենք չենք պատրաստվում լքել ՀԱԿ-ը կամ ՀԱԿ-ի թիկունքում խաղեր տանել: Մենք ժամանակին կհուշենք սխալները, այն թույլ մոտեցումները, որոնք առկա կլինեն»: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՀԱԿ-ի տարածած հայտարարության մասին մեր հարցի պատասխանն էլ եղավ. «ՀԱԿ-ը ունի քաղաքական մարմին, որը հայտարարություն կանի մոտ օրերս, եւ այդտեղ, կարծում եմ, հստակ գնահատականներ կտրվեն»:
Ինչ վերաբերում է «ազգային ճակատի» ձեւավորմանը՝ Գառնիկ Մարգարյանը հայաստանյան քաղաքական դաշտում նոր ուժի ձեւավորումը որակում է «առնվազն միամտություն»: Եվ հիմնավորում է. «Անցյալ տարվա խայտառակ նախագահական ընտրություններից, մարտի 1-ից եւ դրան հաջորդող ու մինչ օրս շարունակվող բռնություններից հետո սուբյեկտից օբյեկտի վերածված երկրի փրկության համար որոշ ուժեր համախմբվեցին եւ առաջնորդեցին քաղաքացիական շարժումը: ՀԱԿ-ի եւ ծրագրերը, եւ տակտիկական, եւ ստրատեգիական մոտեցումները ճիշտ են: Ոչ ոք չի կարող հավակնել այդ տեղին»: Մեր զրուցակիցը հարգանքով է վերաբերվում «Ժառանգությանը», կարծում է, որ այն իր ղեկավարով հանդերձ՝ «առողջ ազգային ուժ է», միաժամանակ գտնում է, որ «որեւէ ուժ ինքնուրույն չի կարող առաջնորդել հասարակությանն իշխանափոխության եւ նոր համակարգի ստեղծման»:
Դիտարկմանը՝ ճիշտ համարո՞ւմ եք «Ոչ մի թիզ հող» կարգախոսն այսօր, ճիշտ չե՞ք համարում հարեւանների հետ հարաբերությունների կարգավորումը, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Համամարդկային արժեքների տեսանկյունից՝ այո, հարեւանների հետ պետք է ունենալ բարիդրացիական հարաբերություններ: Բայց կոնկրետ մեր պարագայում հարց է ծագում՝ ո՞վ է հարեւանդ: Եթե Թուրքիայի տարածքում լիներ Սիրիան, Լիբանանը կամ մեկ ուրիշը, խնդիր չկա, բայց մեր հարեւանը թուրքն է, որի հետ ունենք մեծագույն ազգային հարցեր: Թուրք իշխանավորների հետ համամարդկային նորմերի կիրառումն անհնար է, քանի դեռ հայ ժողովուրդը լիարժեք չի ստացել եղեռնի քաղաքական, ինչու ոչ՝ նաեւ բարոյական գնահատականները: Ինչ վերաբերում է Ադրբեջանին՝ 1988-94թթ. հայ ազգային սերուցքի համախմբման եւ ազգային-ազատագրական պայքարի արդյունքում ազատագրվել է Հայաստան երկրի մի մասը. ինչի՞ մասին է խոսքը: Եվ որեւէ իշխանություն, առավել եւս՝ ոչ լեգիտիմ, որեւէ իրավունք չունի շահարկել այս հարցերը, դրանք փորձել օգտագործել սեփական աթոռին մի քանի օր ավելի մնալու համար: Հայ ժողովուրդը նման համաձայնությունները չի ընդունի: Քանի առկա է ազգային խնդիրը՝ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի»: