Սեպտեմբերի 1-ից Երեւանում՝ «Ակադեմիա» պատկերասրահում (Բաղրամյան 24), գործում է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանի «Բրիտանիա» լուսանկարների ցուցահանդեսը: Ինչպես «ԱրմԻնֆո» գործակալությանը հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ցուցահանդեսում ընդգրկված են հեղինակի՝ 2003-2009 թթ. արված՝ ՄԹ բաղկացուցիչ մասերի՝ Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի տեսարժան վայրերի, նաեւ բնության ու մարդկանց լուսանկարներ, դրվագներ բրիտանացիների կյանքից: Յուրաքանչյուր լուսանկար ուղեկցվում է բովանդակության համառոտ բացատրությամբ, ինչը մասնավորապես օգտակար է Բրիտանիայի մասին պատկերացում կազմելու համար: Ցուցահանդեսի կապակցությամբ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը եւ ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը սեպտեմբերի 4-ին կազմակերպել են համատեղ ընդունելություն, որին ներկա են եղել պետական գործիչներ, լրատվամիջոցների, արվեստասեր հասարակության եւ գործարար ոլորտի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր արտերկրից: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ սեպտեմբերի 15-ը: