Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի Խոմուտինինո գյուղի Կոմունիստական կուսակցության ակտիվը ՌԴ Կոմկուսի ԿԿ քարտուղար Գեննադի Զյուգանովին ուղղված նամակով բողոքել է այդ բնակավայրում «կեղծ կոմունիստների» ի հայտ գալու մասին: «Lenta.ru»-ի մատուցմամբ, նամակի հեղինակները Զյուգանովին հավաստիացրել են, որ վերջերս գյուղում ձեւավորվել է ՌԴ Կոմկուսի «նոր բջիջ», որին անդամագրվել է արդեն 350 մարդ: Գյուղի «հին կոմունիստները» կարծում են, որ դա կեղծ «բջիջ» է եւ ստեղծվել է «Միասնական Ռուսաստան» իշխանական կուսակցության նախաձեռնությամբ՝ շրջանի ղեկավարի աջակցությամբ: Մինչ այդ, Խոմուտինինոյի քաղաքական կյանքում կոմունիստները վճռական դերակատարություն են ունեցել եւ հիմա իշխանական կուսակցությունը փորձում է գյուղի կոմունիստների ազդեցությունը չեզոքացնել կեղծ կոմկուս ձեւավորելու ճանապարհով՝ տեղական իշխանությունների առաջիկա ընտրությունների ընթացքում իրենց «գրպանային» կուսակցության անդամներին գյուղխորհրդում խցկելու նպատակով: Նամակի հեղինակները, ի դեպ, իրենց առաջնորդ Զյուգանովին տեղեկացրել են նաեւ, որ «լժեկոմունիստները» տեղի ընտրական հանձնաժողովին արդեն ներկայացրել են իրենց կուսակցության համամասնական ցուցակը, որում ընդգրկված է 10 թեկնածու: Խոմուտինինոյի գյուղխորհրդի ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 11-ին: