Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուտարարը չի կարողանում արտոնագիր ստանալ

Սեպտեմբեր 09,2009 00:00

Քանի որ գյուտի գրանցման համար նրա թոշակը չի բավականացնում

«Ես գյուտարար եմ, ունեմ 22 կարեւոր գյուտ: Հիմա իմ 4 գյուտերի համար կայացված է որոշում, որ արտոնագիր պետք է տան, դեռ 4 գյուտերի հայտերն էլ ընթացքի մեջ են: Ամեն մի գյուտի արտոնագրի համար պետք է 15 հազար դրամ վճարեմ: Ես թոշակառու եմ եւ ի վիճակի չեմ այդքան գումար վճարել: Իմիջիայլոց՝ նշեմ, որ գյուտարարների մեծ մասը թոշակառուներ են: Մեր ընտանիքում 8 հոգի ենք, միայն հարսս է աշխատում, այն էլ 21 հազար դրամ է ստանում, բուժքույր է: Ես էլ 30 հազար դրամ թոշակ եմ ստանում, այդքան գումարով էլ ապրում ենք: Նախկինում գյուտերի համար վճարում էինք 3500 դրամ, իսկ հիմա միանգամից 15 հազար դրամ սարքեցին»,- մեզ հետ զրույցում դժգոհեց 70-ամյա գյուտարար Հենիկ Մխիթարյանը: Նա պարզ մաթեմատիկական հաշվարկ է կատարել ու կանգնել փաստի առաջ. իր 8 գյուտերի համար պետք է վճարի 120 հազար դրամ, ինչը նրա 4 ամսվա թոշակն է կազմում: «Ասենք՝ հավաքեցի ու տվեցի, բա մեր ընտանիքն ինչո՞վ պիտի ապրի»,- իր արած գյուտերից փոշմանած հարցնում է Հ. Մխիթարյանը: Նրա խոսքերով, եթե արտոնագրի համար պահանջվող 15 հազար դրամը 3 ամսում չվճարի, արտոնագրից պարզապես կզրկվի. «8 արտոնագրից էլ կզրկվեմ: Գոնե որեւէ գործարար որպես բարեգործ այդ մուծումները կատարի մեր փոխարեն»: Ըստ Հ. Մխիթարյանի, առանց այդ էլ մինչ արտոնագիր ստանալը մեկ գյուտի համար գյուտարարը ծախսում է մոտ $100. «Համոզված եմ, որ յուրաքանչյուր թոշակառու այդ գումարը չի կարող վճարել: Հայաստանում տարեկան ստանում են ընդամենը 100-120 արտոնագիր, որի համար մուծվում է 10-12 հազար դոլար: Պետության համար դա մեծ գումար չէ, սակայն, եթե պետությունը այդ գումարը չի կարող տալ մեր փոխարեն, թող գոնե դիմի գործարարներին: Համոզված եմ, որ կգտնվի գործարար, որը ոչ միայն այդ գումարը, այլեւ յուրաքանչյուր արտոնագիր ստացողի՝ ծրարում դրված գումար էլ կտա եւ կշնորհավորի: Գործարարը դա ոչ միայն որպես բարեգործություն է անելու, այլեւ այդ գյուտի ներդրումից մեծ շահույթներ էլ է ստանալու»:

Պարոն Մխիթարյանի խոսքերով, Մտավոր սեփականության գործակալությունում, բացի գումարային խնդիրներից, կան նաեւ ուրիշ անհարմարություններ, որոնք սխալ են եւ ուղղել է պետք: Օրինակ՝ արտոնագիրը տրվում է 18 ամսում, եթե ցանկանում ես շտապ լինի, ապա պետք է վճարես եւս 10 հազար դրամ: Իսկ եթե գյուտն ուզում ես ուղարկել միջազգային արտոնագիր ստանալու, հայտը ներկայացնելուց հետո 1 տարի չպետք է անցնի: Հայտ ներկայացնողը չպետք է իմանա՝ իր գյուտն արժանի՞ է Հայաստանում արտոնագիր ստանալու, թե՞ ոչ, որը նույնպես սխալ է. «Չէ որ դա պարտադիր է, գյուտարարը պետք է իմանա իր գյուտի արժանիքները, որպեսզի որոշի՝ ուղարկի՞ իր գյուտը միջազգային կամ եվրասիական արտոնագրեր ստանալու, թե՞ ոչ: Բացի այդ, ուղարկելու համար դարձյալ դրամական ծախսեր են պետք, իսկ մեր գործարարները, տեսնելով, որ տվյալ գյուտն արժանիքներ ունի, կարող են ծախսերն իրենք անել: Այնպես որ, եկել է ժամանակը, որպեսզի գյուտարարին ազատեն այդ հոգսերից եւ փոքրիկ դրամական օգնություններով շահագրգռեն, որ շարունակեն իրենց գյուտարարությունը, ոչ թե դադարեցնեն»: Նշենք, որ պարոն Մխիթարյանը գյուտ է արել, թե ինչպես հաղթահարել էներգետիկ ճգնաժամը եւ ինչպես լուծել գլոբալ տաքացման խնդիրը:

Մեր հարցին, թե ինչո՞ւ է գյուտերի արտոնագրի համար վճարվող գումարն այդքան բարձրացել, էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության գյուտերի բաժնի պետ Ավետիս Տերյանը պարզաբանեց, որ այս տարվա հունվարի 1-ից ընդունվել է «Գյուտերի օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» օրենք, որով էլ հանվել է նախնական արտոնագրի համար վճարվող 3750 դրամ տուրքը. «Այժմ արդեն գործում է հիմնական արտոնագիրը, որով նախատեսվում է վճարել 15 հազար դրամ»: Մեր հարցին, այդ օրենքն ընդունելիս հաշվի չի՞ առնվել այն փաստը, որ գյուտարարների մեծ մասը թոշակառու է եւ չի կարող վճարել այդքան գումար, պարոն Տերյանը պատասխանեց. «Դա այնքան էլ այդպես չէ: Միայն թոշակառուները չեն զբաղվում գյուտարարությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել