Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդի կամքին դեմ գնացող իշխանությունը ոչնչանում է

Սեպտեմբեր 09,2009 00:00

Զգուշացնում է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

Սեպտեմբերի 2-ի հանրահավաքում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը լրագրողներին հայտնել էր, թե կոալիցիայից դուրս գալուց հետո եւս շարունակում է հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որը «հաճախ կիսում է, հաճախ չի կիսում մեր մտահոգությունները: Վեճ էլ է լինում, երկխոսել էլ է լինում»: Երեկ «Հայացք» ակումբում այս մասին «Առավոտի» հիշեցմանը եւ հարցին, թե օգոստոսի 31-ին հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումից հետո հանդիպե՞լ են Սերժ Սարգսյանին ու փոխանցել ՀՅԴ մտահոգությունները՝ պրն Մարգարյանը պատասխանեց. «Պետք է ասեմ, որ մենք մեր մտահոգությունները նախքան այդ էինք արտահայտել, որովհետեւ մենք ինչ-որ առումով այս փաստաթղթի ուրվագծին ծանոթ էինք»:

Իսկ մինչ այս բացահայտումը՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչն ամենախիստ գնահատականները տվեց նախաստորագրված արձանագրություններին՝ մասնավորապես նշելով. «Խնդրո առարկա ենք դարձնում Ցեղասպանության հարցը, որ Հայաստանի Հանրապետության համար անվտանգության հարց է, մեր ազգի համար արժանապատվության հարց է, արդարության հարց է եւ Հայ դատի պայքարի կարեւոր բաղկացուցիչ մասն է: Բայց նաեւ մենք այս ձեւով որ գնում ենք առաջ՝ ազգի պառակտման սկիզբ ենք դնում»: Նաեւ նշեց. «Վախենամ, որ Սերժ Սարգսյանն անում է այն, ինչ որ կուզեր անել Լեւոն Տեր-Պետրոսյանը»: Սակայն հետո առավել չմանրամասնեց իր այս վերջին համեմատությունը. «Կարելի է վախենալ, չէ՞, ես էլ վախեցա: Նույնիսկ ՀՅԴ-ն, որ վախեցող կազմակերպություն չի՝ վախենում է»։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, որ եթե ԱԺ կողմից հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն՝ ՀՅԴ-ն կպահանջի՞ նախագահի հրաժարականը: Հրանտ Մարգարյանի պատասխանն էր. «Հովհաննես Թումանյանը հոգեմտավոր ապրումներն ամենաճիշտ բանաձեւող հեղինակն է: Իզուր չի գրել «Կիկոսի մահը»,- եւ այս զուգահեռից հետո հավելեց՝:- Ամեն մի վիճակ մեզ պիտի թելադրի մեր անելիքը: Կգա այդ օրը, կորոշենք՝ ինչ ենք անում»: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը հույս հայտնեց, որ եթե ժողովուրդն իր կամքը ցուցաբերի՝ «Իշխանությունները կլսեն, կպարտավորվեն ենթարկվել ու չեն գնա կամավոր ինքնասպանության»: Ըստ նրա՝ «Եթե պատահի, որ չկարողանանք տեքստի մեջ փոփոխություն մտցնել՝ զորավոր «ոչ»-ի, մեր կամքն արտահայտելու նկատմամբ չի կարող իշխանությունն անտարբեր լինել: Եթե անտարբեր գտնվեց ժողովրդի կամքի արտահայտության նկատմամբ՝ ինքն իր կործանման ուղին կընդունի, կգնա ինքնասպանության: Բոլոր իշխանությունները, որոնք ժողովրդի կամքին դեմ են կանգնել՝ ոչնչացել են»:

«Առավոտը» նաեւ հետաքրքրվեց, թե անհրաժեշտ համարո՞ւմ է, որ մինչեւ այս փաստաթղթերի վավերացումը՝ կառավարությունը փորձի պարզել այս հարցի վերաբերյալ հասարակական կարծիքը՝ հանրաքվեով: «Ճիշտ չեմ գտնում հանրաքվեն: Իշխանությունն առանձին պետք է վերցնի իր վրա այս պատասխանատվությունը,- պատասխանեց պրն Մարգարյանը:- Ոչ էլ ճիշտ եմ գտնում, որ ԱԺ-ն հաստատի: Նաեւ հանրաքվեն վտանգավոր է այն առումով, որ, ցավոք, մեր երկրում դեռ ամբողջությամբ ճիշտ ընտրությունների ավանդույթ չկա, եւ դա վտանգավոր է: Նախագահը հանրաքվեի փոխարեն պետք է փորձի քաղաքական ուժերի հետ համախորհուրդ, խորհրդակցաբար, կոնսենսուսի հիմքի վրա հասնի եզրակացության՝ սա վեր է միջկուսակցական պայքարներից ու խնդիրներից»:

Հ. Գ. Ասուլիսից հետո ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը պատասխանելով «Լրագրի» հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է ՀԱԿ-«Ժառանգություն»-ՀՅԴ համագործակցությունը՝ ասել է. «Երբ ՀԱԿ-ը կսրբագրի իր անցյալը, կմատնանշի իր անցյալի սխալները, երբ «Ժառանգությունը» կդառնա անկախ կազմակերպություն՝ այդ ժամանակ էլ կմտածենք հնարավոր համագործակցության մասին»: Եվ ճշտմանը՝ մի՞թե «Ժառանգությունն» անկախ չէ՝ արձագանքել է. «Լինի անկախ կուսակցություն, այլ ոչ թե Հայ ազգային կոնգրեսի արբանյակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել