Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիի «Կարմիր լապտերները»

Սեպտեմբեր 08,2009 00:00

Թիրախում պոռնիկներն են, տողատակում՝ մարդկային հարաբերությունները

\"\"«Կարմիր լապտերները» երիտասարդ ռեժիսոր Լիլի Էլբակյանի առաջին ծավալուն եւ ինքնուրույն աշխատանքն է, որ բեմադրվեց մեկ-երկու տարի առաջ՝ «Էդգար Էլբակյան» թատրոնում: Հեղինակի խոսքերով՝ փոքր-ինչ սկանդալային ներկայացում է, որը պատմում է հասարակաց տան ու նրա բնակչուհիների մասին: Լիլին պիեսի հեղինակն ու բեմադրող ռեժիսորն է: «Ներկայացումը պոռնիկների մասին է. այս թեման ինձ միշտ հուզել է, չգիտես ինչու՝ նման կանայք ինձ միշտ հետաքրքրում էին, երեւի արտասովոր ինչ-որ բան կա նրանց մեջ: Երբ փողոցում նրանց տեսնում էի, կանգնում, երկար նայում էի, նրանք էլ աչքները չորս արած ինձ էին նայում, ասես ասելով՝ թող-գնա էստեղից: Բայց ամեն անգամ գրելու մի նոր հետաքրքիր բան էի գտնում»,- ասում է Լիլին:

Ներկայացումը «մյուզիքլ» անվանել չի կարելի, բայց այն երաժշտական է: Երաժշտության հեղինակը Մարիամ Շահինյանն է, որը նաեւ ներկայացման գլխավոր դերակատարներից է: Երգերը արտահայտում են հերոսներիի ներքին ապրումներն ու պատմում նրանց մասին: Այդպես հանդիսատեսը բացահայտում է հասարակաց տան բնակչուհիների կյանքի մանրամասները: Պիեսը ունի նաեւ դետեկտիվ երանգ: Հերոսները մեկը մյուսի հետեւից սպանվում են անհայտ մեկի կողմից:

Նշենք, որ «Կարմիր լապտերների» հեղինակը ավարտել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի թատրոնի ռեժիսուրայի բաժինը՝ Մայիս Ռաֆայելյանի դասարանը: Աղջիկը հիշում է, որ երբ ծնողներն իմացան, որ ինքը ցանկանում է իրենց ճանապարհով գնալ, այնքան էլ չխրախուսեցին: «Անկեղծ ասած, ծնողներս այնքան էլ կողմ չէին, որ իրենց ուղով շարունակեմ… Հետո ինքնաբերաբար հաշտվեցին: Հայրիկս փորձի համար մեկ-երկու դեր տվեց, որոշ ժամանակ հետո մորս ասաց, որ գլուխ կհանեմ»,- ասում է երիտասարդ ռեժիսորը:

Նրանք, ովքեր իմացել են, որ Լիլին ռեժիսոր դառնալու ցանկություն է հայտնել, կողքից ասել են, թե՝ Արմեն Էլբակյանի աղջիկն է, բա ինքը չընդունվի՝ ո՞վ ընդունվի: «Սկզբից մի քիչ նեղվում էի, բայց հետո նկատեցին, որ շնորհք ունեմ, աշխատասեր եմ: Բեմը ափի պես բան է, միանգամից ամեն ինչ երեւում է: Սուտ է՝ եթե շնորհք չունեցար, ում աղջիկն ուզում ես եղիր, մեկ է՝ հաջողության չես հասնի»,- վստահեցնում է մեր երիտասարդ զրուցակիցը:

Անդրադառնալով իր առաջին համարձակ գործին՝ «Կարմիր լապտերներին», ասում է, որ նրանք, ովքեր լսել են Լիլիի մտահղացման մասին, մի բան են միայն ասել՝ չի ստացվի: Բայց ինքը կարողացել է, ի հեճուկս չկամների ու թերահավատների, իր մտահղացումը իրականություն դարձնել:

Սցենարը դեռ թղթի վրա՝ նա վստահում է հորը, որն էլ չի ցանկանում նեղացնել աղջկան եւ ասում է՝ արա, կտեսնենք: Լիլին շաբաթներ շարունակ անքուն գիշերներ է ունենում, քանի որ ուշքն ու միտքը «Կարմիր լապտերներն» էին, իսկ երբ սցենարը մի քիչ ավարտուն տեսք է ունենում, որոշում է հավաքել դերասանական կազմը: «Էդգար Էլբակյան» թատրոնը հաստիքային դերասաններ չունի, այդ պատճառով ես նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ գրում էի պիեսը, մտքումս արդեն գիտեի, թե որ դերը ով է կատարելու: Կարող եմ բացել մեր գաղտնիքը. դերասանները փորձերի ընթացքում չեն վարձատրվել: Աշխատել ենք հանուն մեր ընդհանուր նպատակի, հանուն ներկայացման, որովհետեւ սա նաեւ ակցիա է անբարոյականության դեմ»,- պատմում է ներկայացման հեղինակը:

Հարցին՝ ինչո՞ւ հենց պոռնիկների մասին որոշեց ներկայացում անել, Լիլին պատասխանում է. «Ես ներկայացրել եմ մարդկանց, որոնց վրա ոչ ոք երբեք ուշադրություն չի դարձրել: Կարծում եմ, որ մարդուն պետք է հնարավորություն տալ ապրելու… Մենք՝ հայերս, ունենք այդ բացը, շարունակ մարդկանց պիտակավորում ենք… Ես ներկայացրել եմ ճշմարտություն: Ներկայացման թիրախում պոռնիկներն են, տողատակում՝ մարդկային հարաբերությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել