Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԱՍՊԱՆ ԱՂԱՆԴՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ

Սեպտեմբեր 08,2009 00:00

\"\"Դրանց դեմ պայքարելը միայն եկեղեցու խնդիրը չէ

Վերջերս Երեւանում իրավաբանական ֆակուլտետի 19-ամյա մի ուսանող ինքնասպանություն գործեց: 23-ամյա մի հայուհի էլ նման «մոտիվներով» կյանքից հեռացել է Մոսկվայում: «Առավոտի» տեղեկություններով, մինչ այդ որոշումն իրականացնելը, նրանք էլեկտրոնային փոստով ակտիվ նամակագրական կապի մեջ են եղել աղանդավորական կազմակերպությունների հետ, թե ինչպիսի՞, կպարզվի առաջիկայում: Համենայնդեպս, այդ ուղղությամբ իրավապահների կողմից աշխատանքներ տարվում են:

Հարավ-արեւմտյան թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ հայ եկեղեցու եւ ազգային անվտանգության կառույցների՝ աղանդների դեմ պայքարելու մեթոդները տարբեր են: Եկեղեցին աղանդների դեմ պայքարը տեսնում է միայն ակտիվ քարոզչության միջոցով, որովհետեւ օրենքն ու սուրբ քրիստոնեական ճշմարտությունները թույլ չեն տալիս ուրիշ կերպ վարվել: Քանի որ արդեն ազգային անվտանգության հարց է եւ կրոնական հողի վրա ինքնասպանություններ են կատարվում, այլ է համապատասխան կառույցների խնդիրը: Տեր Եսային փաստում է, որ աղանդների առաջնորդները հաճախ հայտարարում են, որ իրենք եւ Հայ եկեղեցին նույն բանն են, այլ խոսքով՝ աղանդները հանդես են գալիս ուրիշի անունով, ինչն ավելի վտանգավոր է:

«Վերջերս մի դեպք եղավ. DVD-ներ էին բաժանել՝ Հայ առաքելական եկեղեցու անունից: Նման բաներ հիմնականում անում են քրիստոնեական աղանդները, որոնք փորձում են Հայ առաքելական եկեղեցու անվան հանդեպ ժողովրդի վստահությունն օգտագործել: Մեր համայնքում մինչեւ վերջերս իբրեւ եկեղեցի ընկալվում էր աղանդավորական հավաքատեղին: Սուրբ Երրորդության օծվելուց հետո, երբ մարդիկ երթուղայինով կամ տաքսիով գալիս էին եկեղեցի ու վարորդին խնդրում հենց եկեղեցու կանգառում իջեցնել, վարորդը մեխանիկորեն կանգնում էր աղանդավորների ժողովարանի մոտ: Երբ մարդիկ ներս էին մտնում ու շփոթված դուրս գալիս, աղանդավորները նրանց ասում էին, իբր իրենք էլ են Սուրբ Երրորդություն եկեղեցի»,- պատմում է հոգեւորականը:

Նրանից հետաքրքրվեցինք՝ կա՞ որոշակի վիճակագրություն, թե Հայաստանում ո՞ր աղանդներն են մարդկանց մղում ինքնասպանության: Քահանան ասաց, որ չնայած ոչ այնքան մեծ տարածմանը, առաջին տեղում սատանայապաշտներն են: Նաեւ հավելեց, որ այդպիսի աղանդների անդամները հնարավոր է չտարբերվեն Հայ առաքելական եկեղեցու զավակներից՝ այցելեն եկեղեցի, մոմ վառեն, մասնակցեն ծիսակատարություններին եւ այլն, բայց նաեւ գրանցված լինեն որեւէ աղանդավորական կառույցում: «Կյանքի խոսքը», օրինակ, այսպիսի մարտավարություն է որդեգրել՝ իրենք չեն ասում, թե հայ եկեղեցին սուտ է, չի կարելի գնալ: Ընդհակառակը, սկզբում հավատացյալին ասում են՝ գնա այնտեղ ծեսերի մասնակցիր, արի մեզ մոտ՝ խոսքը լսիր: Ավելի ուշ, երբ հավատացյալը կամաց-կամաց սկսում է իրենց ցանցի մեջ ընկնել, արդեն արգելում են եկեղեցի գնալ, թեեւ ուղղակի այդպիսի կոչ չեն անում: Երբ նայում եմ «Կյանքի խոսք» եկեղեցու DVD-ները, նրանց առաջնորդ Արթուր Սիմոնյանն ասում է՝ այդքան մարդ գնում է եկեղեցի, Աստծո խոսք է լսում, բայց ի՞նչ օգուտ դրանից: Նա հայտարարում է, որ ա՛յ, իրենց մոտ գալով ու Աստծո խոսքը լսելով, մարդիկ օրհնվում են: Նույն քարոզի մեջ ինքը նաեւ բացատրում է՝ ինչ է նշանակում օրհնված մարդ: Ասում է. օրհնված մարդ՝ նշանակում է լինել փրկված, հարուստ եւ երկնքի արքայությանն արժանացած: Արթուր Սիմոնյանն իր քարոզում ասում է նաեւ՝ եթե հարուստ չեք, այստեղ գալով կհարստանաք՝ դառնալով օրհնված մարդ… Աստված ձեզ կտա»,- նշում է Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվը: Նրա խոսքով, «Օրինաց գրքում կա մի պարբերություն, որտեղ ասվում է՝ Աստված կօրհնի ձեր կողովը եւ տաշտակը: Իմաստն այն է, որ Աստծո օրհնությամբ լիության մեջ կլինեք: Արթուր Սիմոնյանը ասում է՝ պատրա՞ստ եք լսելու, թե այդ կողովը որն է: Մարդիկ ասում են՝ այո: Ինքը ասում է՝ դա ձեր բանկային հաշիվներն են: Այսինքն, իրենց քարոզած ավետարանը բարօրության ավետարան է, այդկերպ են մարդկանց գրավում»: «Առավոտի» դիտարկմանը, թե հավանաբար նաեւ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ «Կյանքի խոսք» եկեղեցու հետեւորդներ են հայկական շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, տեր Եսային պատասխանեց. «Գուցե եւ դրանով է պայմանավորված, բայց մի ուրիշ բան էլ կա. այդ մարդիկ այնտեղ «արժեւորված» են. Արթուր Սիմոնյանը մարդկանց ասում է՝ եկեք մեզ մոտ, որովհետեւ այսինչն ու այնինչն էլ են գալիս: Հայ եկեղեցին երբեք նման բան չի ասում, բոլորը սովորական հավատացյալներ են Աստծո առաջ: Որեւէ մեկին ժամերգության ժամանակ ավելի լավ տեղ չենք կանգնեցնում, ինչ է թե՝ հայտնի մարդ է»:

Վերադառնալով մեր զրույցի հիմնական թեմային, հոգեւորականին հարցրինք՝ ի՞նչ օգուտ որեւէ երիտասարդի ինքնասպանությունից՝ աղանդի առաջնորդին, չէ՞ որ այդպիսով իրենք վախ են առաջացնում մյուս անդամների մեջ եւ կորցնում են տասանորդ վճարողին: Տեր Եսային պարզաբանեց, որ ինքնասպանության մղելը գալիս է ֆանատիզմից, վերջինս էլ՝ հեթանոսական ծիսապաշտությունից. «Վաղ քրիստոնեության շրջանում մեր եկեղեցու այրերը ոչ թե ֆանատիզմ բառն են օգտագործել, այլ, օրինակ, առողջ բանականության մթագնում արտահայտությունը: Ինչ վերաբերում է ֆանատիզմին, այն ընկած է այսօրվա բոլոր աղանդների հիմքում: Դա նրանց միակ ուժեղ զենքն է: Ֆանատիզմի նպատակը մարդու առողջ բանականության խախտումն է, որովհետեւ մտածող մարդը արագ կնկատի ցանկացած աղանդի թերությունը եւ ոչ ճշմարիտ լինելը: Ինքնասպանությունը ամենասարսափելի երեւույթն է, որ այսօր կարող է լինել ցանկացած աղանդի մոտ՝ սատանայապաշտ եկեղեցու, «Եհովայի վկաների», մորմոնների, «Կյանքի խոսքի», «Հոգեգալստականների» եւ այլոց… Մանավանդ, եթե աղանդները օկուլտիզմով են զբաղվում, ինքնասպանության վտանգը շատ ավելին է. նրանք մարդուն են կառավարում: Շատ աղանդներ իրենց ուսմունքում ունեն հետեւյալ դրույթը՝ ինչքան շուտ մահանաս, այնքան շուտ կմոտենաս Աստծուն: Դեպի Աստված գնալու, այդ երանությանը հասնելու մարդկային պարզ ցանկությունն իրենք ուղղակի խեղաթյուրում են: Դա օգտագործում են հենց մարդու դեմ՝ խլելով նրա կյանքը: Գրեթե բոլոր աղանդներն ունեն իրենց կայքերը, բավականին հագեցած ու դինամիկ: Ունենք բազմաթիվ տվյալներ, երբ պատանին, երիտասարդը ինտերնետային նամակ է ստացել, թե իրեն կօգնեն, որ լինի երջանիկ ու հարուստ: Աղանդավորները խորամանկության են դիմում, պարզում են, թե ով է իրենց զոհի հերոսը, ինչ նախասիրություններ ունի, եւ ըստ այդմ էլ կառուցում են իրենց գործունեությունը: Կամ հաճախ թերթերում հայտարարություններ են տալիս, թե անվճար կսովորեցնեն օտար լեզու, կտանեն հանգստանալու Սեւանում»: Տեր Եսային հիշեց, որ նախանցյալ տարի իրենց համայնքից ավետարանականները մի որբ երեխայի էին տարել հանգստանալու, որտեղից նա վերադարձել էր վախեցած, անգամ ծեծված: Մեկ ամիս էր պահանջվել, որ երեխայի սթրեսն անցնի, վերադառնա նախկին վիճակին: Ըստ մեր զրուցակցի, անգամ «Շողակաթով» հաղորդում է եղել այդ մասին, սակայն «այդպես էլ կատարվածը պաշտոնապես չփաստվեց, չուզեցին աղմուկ բարձրանա, համապատասխան կառույցները դա ծածկեցին»:

Տեր Եսային ասաց, որ մարդուն ինքնասպանության մղելով, աղանդավորները փորձում են ուրիշներին ասել, թե տեսեք՝ այս մարդն ինչքա՜ն նվիրված էր, որ գնաց նման սրբազան քայլի: Ըստ հոգեւորականի, ինքնասպանությունը մեղք է եւ կապ չունի հանուն եկեղեցու ճշմարտացիության նահատակվելու հետ. «Ոչ մի աղանդ չունի սուրբ, իրենք մերժում են սրբերի բարեխոսությունը: Ցանկացած ավանդական եւ առաքելահաստատ եկեղեցու սրբերի դաս, բացի իր առաքելության հավատքի չափանիշները, մյուս հանգամանքներով գործել է իբրեւ բացառիկ վկայություն այն բանի, որ այսքան մարդ արյուն է թափել հանուն եկեղեցու: Այսինքն, անիմաստ չէր կարող լինել այդքան արյուն թափելը, իսկ աղանդավորները ինքնասպանության դրսեւորմամբ փորձում են իբր այդ «բացը» լրացնել»:

Հոգեւորականն ասաց, որ այսօր այլեւս անհրաժեշտություն է, որ կրոնական հողի վրա կատարված ինքնասպանությունները հենց այդպես էլ ձեւակերպվեն, ու համագործակցություն սկսվի եկեղեցու եւ ազգային անվտանգության կառույցների միջեւ, մանավանդ, նրա հավաստմամբ, կան վիճակագրական համապատասխան տվյալներ ու իրավիճակի նկարագրություն: Տեր Եսային փաստեց, որ աղանդներից տուժածները հաճախ վախենում են կոնկրետ փաստեր բերել ու իրենց անունից հանդես գալ, որովհետեւ նրանց սպառնում են, թե հաշվեհարդար կտեսնեն իրենց եւ իրենց ընտանիքների հետ: Նա բերեց բազմաթիվ կոնկրետ օրինակներ՝ անուններով, որոնք լրագրային տարածքի սղության պատճառով չենք ներկայացնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել