Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Arctic Sea»-ով զենք էր տեղափոխվել Մերձավոր Արեւելք

Սեպտեմբեր 08,2009 00:00

\"\"«Arctic Sea» բեռնանավի անհետացման եւ մեկ ամիս անց դրա հայտնաբերման շուրջ պատմությունը շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: ԶԼՄ-ները, որոնք վկայակոչում են իրենց աղբյուրները, համոզվածությամբ հայտարարում են, թե՝ «Arctic Sea» բեռնանավը, որն անհետացել էր այս տարվա ամռանը, Իրան է տեղափոխել ռուսական C-300 հրթիռային համակարգեր եւ բռնվել է իսրայելական «Մոսսադ» հատուկ ծառայության կողմից: Այդ մասին նախօրեին գրել է բրիտանական The Sunday Times թերթը՝ վկայակոչելով Ռուսաստանում եւ Իսրայելում իր քաջատեղյակ աղբյուրները:

Մինչ այս հայտնի էր միայն, որ «Arctic Sea»-ն ռուսական բեռներով անհետացել է հուլիսի 21-22-ին եւ տարօրինակ պայմաններում հայտնաբերվել է օգոստոսի կեսերին, իսկ նույն ամսվա 30-ին բեռնանավի անձնակազմի անդամները ողջ-առողջ տուն են վերադարձել: Աղբյուրը նկատում է, որ այս պատմության մեջ անպատասխան շատ հարցեր կան, որոնց Մոսկվան այդպես էլ պարզաբանումներ չի տալիս: Մինչդեռ օգոստոսին ռուս լրագրող Յուլիա Լատինինան էր հանդես եկել բեռնանավի հետ կապված զարգացումների շուրջ իր սեփական վարկածով, որը հրապարակվել էր «ժՋպՊվպՉվօռ ՋցՐվՈս» պարբերականում: Ըստ նրա, «Arctic Sea»-ում եղել են ռուսական ուժային կառույցների բեռները, հնարավոր է՝ «հրթիռներ, զենք, միջուկային նյութեր», որոնք նախատեսված են Իրանի կամ Սիրիայի համար: Այդ մասին հայտնի էր դարձել Իսրայելին, եւ այդ երկրի լավ վարժված հատուկ նշանակության ուժերը այն առգրավել են: Նույն վարկածը պնդել էր նաեւ ամերիկյան պարբերականներից մեկը, որը վկայակոչել էր Էստոնիայի ռազմական ուժերի հրամանատար, ծովակալ Տարմո Կիուտսին:

Հիմա արդեն The Sunday Times-ն է գրում, որ «Arctic Sea»-ում եղել են C-300 հրթիռային համակարգեր, որոնք հնարավոր է, որ բեռնանավ են բարձվել քրեական աշխարհի հետ կապեր ունեցող պաշտոնաթող զինվորականների նախաձեռնությամբ՝ այն ժամանակ, երբ այն գտնվել է Կալինինգրադի նավահանգստում վերանորոգման նպատակով: Ռուսական ռազմական շրջանակներում հաստատել են այդ, նաեւ «Մոսսադի» միջամտության փաստը: Իսրայելական հետախուզության կողմից վարձված ծովահենները, ամենայն հավանականությամբ, չեն էլ կասկածել, որ բեռնանավում այդպիսի բեռներ կան: Աղբյուրի կարծիքով, այդ գործողության նպատակը եղել է «նավի շուրջ աղմուկ բարձրացնելը»՝ խոչընդոտելու համար բեռները Իրան հասցնելու ծրագրին, որի դեպքում Կրեմլին հնարավորություն է տրվել «փրկարարական փայլուն իրագործված գործողության» շնորհիվ փրկել սեփական դեմքը: Այս վարկածի կողմնակիցները մատնանշում են այն, որ «Arctic Sea»-ն ծովահենների ձեռքից ազատելու գործողությունից հետո ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպելու նպատակով Մոսկվա էր մեկնել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը: Մոսկվան, իհարկե, կատարվածի իր վարկածն ունի, ըստ որի՝ բեռնանավը փոխադրել է փայտանյութ եւ ենթարկվել է ծովահենների կողմից հարձակման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել