Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեզ պետք չեն կրթված հիվանդներ

Սեպտեմբեր 08,2009 00:00

Դպրոցական ուսուցչի առաջարկները

Հաճախ ենք լսում, որ այսօրվա դպրոցը չի տալիս գիտելիքների այն պաշարը, որը նախատեսված է միջնակարգ կրթության ծրագրով, եւ շատ շրջանավարտներ ի վիճակի չեն այդ գիտելիքներով ընդունվելու բուհեր: Իսկ եթե կան շրջանավարտներ, որոնք դպրոցից ստացած գիտելիքներով են ընդունվել, ապա՝ հատուկենտ: Այսօրվա բարձր դասարանների բարեխիղճ աշակերտներին կարելի է միայն կարեկցել. առավոտյան ժամը 9-ից սկսվում են դասերը՝ մինչեւ ժ. 13-ը կամ 14-ը: Երեխան հոգնած վերադառնում է տուն, սնվում ու շտապում կրկնուսույցի մոտ, 2-3 ժամ էլ այնտեղ է սովորում եւ ուժասպառ վերադառնում տուն: Չհանգստանալով՝ նախապատրաստում է հաջորդ օրվա դասերը եւ կրկնուսույցի հանձնարարածը՝ մինչեւ ուշ գիշեր: Այսքանից հետո ի՞նչ ֆիզիկական եւ մտավոր գերհոգնածություն են նրանք ձեռք բերում՝ պարզ է: Իսկ եթե հաշվի առնենք, որ ոմանք էլ հաճախում են տարբեր խմբակների եւ կուրսերի՝ պատկերը կամբողջանա: Չմոռանանք նշել, որ ավարտական դասարանում երեխաները նաեւ ժամեր են ծախսում «վերջին զանգին» կամ այլ հասարակական միջոցառումների նախապատրաստվելու համար: Էլ չխոսենք դասագրքերի մասին: Վերցնենք ցանկացած դպրոցական դասագիրք, այնքան բարդ եւ անհասկանալի են գրված շատ թեմաներ, կարծես ոչ թե աշակերտի, այլ՝ ուսանողի կամ թեկնածուական թեզ պաշտպանողի համար են: Իսկ որոշ թեմաներ ուսուցիչները չեն կարող յուրացնել, ուր մնաց՝ երեխան: Ստացվում է, որ շատ թեմաներ դասարանի 37 աշակերտից հասկանում է 7-8-ը կամ ամենաշատը՝ 10-12-ը, բա մնացածնե՞րն ինչ անեն: Մեզ պետք չէ կրթված հիվանդ, պետք է առողջ, կրթված ու դաստիարակված երեխա:

Կամ, արդյոք, մեզ չպե՞տք է անհանգստացնի, որ այսօրվա դպրոցներում շատ չնչին տոկոս են կազմում տղամարդ ուսուցիչները: Չէ՞ որ դա ազդում է տղա երեխաների բնավորության ձեւավորման վրա:

Մեր օրերում բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտը գերադասում է սովորել իրավաբանական, տնտեսագիտական, բժշկական եւ այլ ուսումնական հաստատություններում: Իսկ ավելի թույլերի մի մասը դիմում է Մանկավարժական համալսարան: Ավարտելուց հետո, եթե չեն կարողանում ուրիշ բնագավառում աշխատանքի տեղավորվել, ապա նոր գնում են դպրոց: Այսինքն, դպրոց են գնում (խոսքս բոլորին չի վերաբերում) այն շրջանավարտները, որոնք մի կերպ ավարտել են դպրոցը, մի կերպ՝ բուհը, բնական է, մի կերպ էլ պետք է դասավանդեն երեխաներին եւ ուզում են, որ դպրոցը տա լավ գիտելիք:

Երբ մոտենում է թոշակի անցնելու ժամանակը, խեղճ ուսուցիչն անքուն գիշերներ է անցկացնում, մտածելով, թե 25-35 հազար դրամ թոշակով ինչպես պետք է ապրի: Ճիշտ է, մեր աշխատավարձերը անցյալի համեմատ մի քանի անգամ բարձրացել են, բայց այսօր ուսուցիչը մեկ դրույքի համար վարձատրվում է 71-73 հազար դրամով՝ ի՞նչ անեն այդ մարդիկ եւ ինչպե՞ս ապրեն: Իսկ ինչի՞ց ելնելով՝ ուսուցչի դրույքաչափը 18-ից դարձրին 22, կան դպրոցներ, որտեղ աշակերտների թվաքանակը ըստ դասարանների հասնում է 30-37-ի… Եվ այսքանից հետո ուսուցչից պահանջում են բարձր որակի գիտելիքներ: Ի՞նչը նկատի ունենալով վերացվեց ոսկե մեդալի դերը բուհ ընդունվելու համար: Փոխանակ կեղծ մեդալների դեմ պայքարը տարվեր, պայքար գնաց մեդալի դերն ու նշանակությունը վերացնելու համար: Ճիշտ է, այսօր էլ մեդալ կա, բայց ո՞ւմ է պետք, եթե գերազանց սովորողն ու բավարար սովորողը նույն իրավունքն ունեն բուհ ընդունվելու համար: Երեխաները կարիք ունեն խրախուսանքի: Ես կառաջարկեի, որ ցածր դասարաններից սկսած, գերազանց սովորող երեխաների համար բանկերում բացվեր անհատական հաշիվ եւ դպրոցի հաշվից փոխանցվեր գումար՝ որպես խրախուսման մեթոդ (ցածր դասարաններում՝ քիչ, բարձր դասարաններում՝ ավելի շատ գումար): Դպրոցը ավարտելուց հետո երեխան ստանար իր վաստակած գումարը՝ հետագայում իր ուսման վարձը վճարելու համար: Իմ կարծիքով, այս ամենը պետք է օգտագործել, որպեսզի բարձրացվի աշակերտների եւ, ինչու չէ, նաեւ ծնողների շահագրգռությունը ուսման որակի նկատմամբ:

Մանկավարժի աշխատանքը միշտ էլ եղել է դժվար եւ հարգանքի արժանացած ոլորտներից մեկը, բայց մեր օրերում չափազանց փոխվել է վերաբերմունքը դեպի ուսուցիչը: Արդյոք ժամանակը չէ՞, որ վերանայվի ուսուցչի նկատմամբ պետական վերաբերմունքը, բարձրացվի վճարվող դրույքաչափը՝ իջեցնելով ժամաքանակը, վերանայվի թոշակների բարձրացման հնարավորությունը։ Հաճախ ենք լսում, որ պետք է բարձրացնել ուսման որակը, բոլորս էլ համաձայն ենք, բայց, իմ կարծիքով՝ բոլոր տեսակի որակները բարձրացվում են որակով վերաբերմունքով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել