Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԵԺ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ՞Ր

Սեպտեմբեր 08,2009 00:00

Կամ Մարտունու արհեստագործական ուսումնարանի առեղծվածը

Օրերս «Առավոտը» մի «Հարկադրված անստորագիր նամակ» էր ստացել «Մարտունու արհեստագործական ուսումնարանի մի խումբ ներկա եւ նախկին աշխատակիցների» կողմից, որտեղ նամակի հեղինակները ուսումնարանի տնօրեն Խաչիկ Կզլյանի հետ կապված մի շարք աղաղակող անարդարություններ էին ներկայացնում:

«Առավոտին» դժվարությամբ հաջողվեց կապ հաստատել պարոն Կզլյանի հետ, քանի որ նա կամ անընդհատ տեղում չէր, կամ զրույցի կազմակերպումը ձգձգվում էր: Ի վերջո երեկ, այն բանից հետո, երբ այդ նամակը առանց որեւէ մեկնաբանությունների արտատպվել էր այլ լրատվամիջոցում, պարոն տնօրենը որոշեց այլեւս չհետաձգել խոսակցությունը եւ կարողացանք պարզաբանումներ ստանալ նամակում ներկայացված փաստերի վերաբերյալ: Մասնավորապես՝ նամակագիրները խոսում են վաճառված դիպլոմների ու մեքենա-մեխանիզմների, տասնապատիկ ավելի ձեւակերպված սովորողների ու ֆինանսական միջոցների վատնման մասին:

«Առավոտին» դիմած անձինք գրում են. «Խ. Կզլյանի խարդախությունների գագաթնակետը ապօրինի զավթած բնակարանն է, ինչի կապակցությամբ, ովքեր ստորագրել էին բողոքների տակ, տարբեր պատճառաբանություններով հեռացվել են աշխատանքից»: Նամակագիրները շարունակելով գրում են. «Երբ պարտատերերը դատարանի վճռով մեր վայ-տնօրենից պարտքերի դիմաց վերցրին նրա 3 սենյականոց բնակարանը, վերջինս անմիջապես հովանավորվելով ՀՀ ԿԳ նախարարության անհայտ պաշտոնյայի կողմից, քանդեց ուսումնարանի շենքի առաջին հարկում գտնվող ճաշարանը, այն ձեւափոխելով դարձրեց իր համար բնակարան, ընդամենը ունենալով իր իսկ կողմից գրված եւ իբր մանկխորհրդի կողմից հաստատված մի սուտ որոշում… Նախարարության կողմից գործուղված բոլոր ստուգողները, ուղղորդվելով Խ. Կզլյանի բարձրաստիճան հովանավորողների ցուցումներով, աչք են փակել նրա այս եւ այլ բազմաթիվ կեղծիքների վրա»: Նամակում նշվում է, որ ուսումնարանի տնօրենը զավթել է նաեւ ուսումնարանի շենքի հարակից հողամասը՝ այն վերածելով իր համար բակի եւ ավտոկայանատեղիի: Ապա գրված է. «Միգուցե ՀՀ ԿԳ նորանշանակ նախարարը փորձի ճշտել, թե ի՞նչ ապօրինությունների համար է նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը հեռացրել ներկայիս տնօրենին զբաղեցրած պաշտոնից, ինչպե՞ս է նա նորից վերականգնվել իր պաշտոնում, ո՞ւմ օգնությամբ են անհայտացել հեռացման հիմքերը: Եթե նորանշանակ նախարարը «չփակի» այս խարդախ տնօրենի ճանապարհը, ապա այս դեպքը կարող է նախադեպ դառնալ ուսումնական մյուս հաստատությունների տնօրենների համար, եւ ուսումնական հաստատությունները կվերածվեն անձնական բնակարանների ու ամառանոցների»:

Խաչիկ Կզլյանն այս ամենի մասին ասաց. «Այդպիսի նամակ առաջինն ուղարկվել է ՀՀ նախագահին, իսկ ուսումնասիրությունները պարզել են, որ նման մարդիկ գոյություն չունեն: Ստուգումներ են իրականացվել Գեղարքունիքի մարզպետարանի, ԿԳՆ-ի կողմից, դրանք էլ պարզել են, որ նամակները ստորագրված են այլ անձանց անուններով, որոնք բացարձակ տեղյակ չեն, կամ էլ այդպիսի մարդիկ ընդհանրապես չեն ապրում Մարտունիում: Մեզ մոտ ստուգումներ են իրականացվել նաեւ մարզային ոստիկանության վարչության կողմից եւ պարզվել է, որ նամակներում գրված ոչ մի բան չի համապատասխանում իրականությանը»:

Անդրադառնալով նախկին նախարար Լ. Մկրտչյանի կողմից աշխատանքից ազատվելու հարցին՝ պարոն Կզլյանն ասաց. «Նրա օրոք ինձ անօրինական են գործից ազատել՝ իրենց մարդուն տեղավորելու համար, քանի որ ես դաշնակ չեմ: Բայց ես դիմել եմ դատարան եւ վերականգնվել, կարող եմ ներկայացնել բոլոր փաստաթղթերը»:

Հետաքրքրվեցինք՝ ո՞ր կուսակցությանն է պատկանում: Խ. Կզլյանն ասաց. «Տասնմեկ տարի եղել եմ ԱԺՄ կուսակցության պատասխանատուն Մարտունիում, միակ ընդդիմադիր տնօրենն եմ եղել այստեղ»: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի նամակում գրվածները, ուսումնարանի տնօրենը պատասխանեց. «Ուսումնարանը գործում է 2005-ից, մինչ այդ կառավարության որոշմամբ փակեցին այն՝ միաձուլելով կողքի դպրոցի հետ: Իմ ջանքերի շնորհիվ ուսումնարանը վերաբացվեց: Այժմ ունենք 200 սովորող, որոնք կրթաթոշակ են ստանում, կրթօջախում աշխատում է 60 անձ: Եթե մի սովորող պիտի ընդունեմ ուսումնարան, անպայման նախարարության թույլտվությունը պիտի ստանամ, ուր մնաց իմ մնալ-չմնալու համար ես թույլտվություն չունենամ: Իմ կարծիքով, այդպիսի նամակներ գրողը հաստատ կին է, ձեռագրից էլ է երեւում: Կարծես թարախով լցված լինի, տողերից թարախ է թափվում: Ինչպես երեւում է՝ ես իրեն դավաճանել եմ, դրա համար է այդպես վարվում, բայց ախր ես Մարտունիում բարոյականության կերպար եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել