Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀՆԱՑԱԾ ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿՆԵՐ

Սեպտեմբեր 08,2009 00:00

Արտաքին քաղաքական շրջադարձ՝ ներքին շրջապտույտով

Հայաստանի Երրորդ Հանրապետության 19-ամյա կենսագրության մեջ «շրջադարձ» եզրի իմաստը շատ դեպքերում բացասական է եղել՝ արտահայտվելով պետության բովանդակության արժեզրկմամբ, ժողովրդավարության հետընթացով, ազատությունների սահմանափակմամբ, բռնություններով…

Միանգամայն այլ՝ դրական շրջադարձ կարող է նշանավորել Հայաստանի, Թուրքիայի ԱԳՆ-ների ու Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի 2009 թ. օգոստոսի 31-ի համատեղ հայտարարությունը: «Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը համաձայնեցին սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ՝ շվեյցարական միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ընթացքում նախաստորագրված հետեւյալ երկու արձանագրությունների շուրջ՝ «Արձանագրություն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»… Ներքին քաղաքական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, որից հետո երկու Արձանագրությունները կստորագրվեն եւ կներկայացվեն խորհրդարաններին՝ վավերացման համար: Երկու կողմերը առավելագույն ջանքեր կգործադրեն վավերացման արագ առաջընթացի համար՝ համաձայն իրենց սահմանադրական եւ օրենսդրական գործընթացների»,- արձանագրում են երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները՝ հրապարակայնացնելով նաեւ Հայաստանի, Թուրքիայի ԱԳՆ-ների կողմից նախաստորագրված երկու Արձանագրություններն ու ժամանակացույցը: Սա, ըստ էության, այս տարվա ապրիլի 22-ին հայտարարված «ճանապարհային քարտեզի» բացահայտումն է:

Անկախ միջազգային դրական արձագանքներից, Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքական ուժերն ու հասարակությունները ոչ միանշանակ, հակասական գնահատականներ են ներկայացնում հրապարակված փաստաթղթերի եւ ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի մասով: Եթե Թուրքիայի ընդդիմությունը հանդես է գալիս Ադրբեջանի շահերի պաշտպանության կոչով, ապա Երեւանում տարածված են խոսակցությունները՝ «Ղարաբաղը տալու», «Ցեղասպանությունն ուրանալու» թեմաներով: Նման արձագանքները նույնպես կանխատեսելի էին, սակայն առնվազն Հայաստանում (Թուրքիայի ներքին քննարկումներին անդրադառնալը առայժմ դուրս է մեր հետաքրքրությունից) քաղաքական քննարկումների, բանավեճերի որակը դուրս է ռացիոնալ, եթե կուզեք՝ բանական հարթությունից:

Միջազգային ցանկացած փաստաթուղթ, համաձայնություն ենթադրում է, որ այն պետք է արտահայտի մասնակից սուբյեկտների շահերը: Այդպիսի տրամաբանություն ունեն նաեւ հայ-թուրքական համաձայնությունները (տվյալ պարագայում՝ Արձանագրությունները): Դրանցում «հայամետություն» կամ «հակահայկականություն», «թուրքամետություն» կամ «հակաթուրքականություն» փնտրելը՝ առնվազն անհեթեթություն է, քաղաքականության էության ընկալման անկարողություն: Երկու երկրների հարաբերությունների նորմալացումը ենթադրում է ընդհանուր շահերի, խնդիրների ձեւակերպում, բացառում է կողմերից մեկի անվերապահ կապիտուլյացիան: Տարօրինակ է մեր որոշ քաղաքական ուժերի մտածելակերպը՝ թշնամու կերպարներ ստեղծելու, Հայաստանի դեմ իբրեւ թե հյուսված համաշխարհային դավադրությունների մասին առասպելներ հորինելու, ցանկացած միջազգային համաձայնության կամ փաստաթղթում «Կիկոսի մահի» հերթական վարիացիան փնտրելու տրամաբանությունը:

Ի դեպ, հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ծավալված քննարկումները բացահայտեցին մեր քաղաքական համակարգի չկայացածությունը, խնդիրներ ձեւակերպելու ու լուծելու անկարողությունը: Շատ քչերն են կողմ կամ դեմ արտահայտվում Արձանագրությունների բովանդակությանը. իշխանության ներկայացուցիչները կամ լռում են, կամ պաշտպանում են Սերժ Սարգսյանի ցանկացած նախաձեռնություն, ընդդիմադիր գործիչները դարձյալ կամ լռում են, կամ քննադատում գործող նախագահի որեւէ քայլ: Ասել է թե՝ մեծ հաշվով կարծիք է հայտնվում ոչ թե գործընթացի, կոնկրետ փաստաթղթի, այլ՝ կոնկրետ անձի, պաշտոնյայի մասին: Կասվի, թե սրա պատճառը իշխանության լեգիտիմության դեֆիցիտն է: Գուցե համաձայնեմ, իմ կողմից էլ ավելացնեմ, որ այս ամենը հետեւանք է նաեւ քաղաքական ձեւախեղված հարաբերությունների, քաղաքական անտագոնիզմի: Սակայն որեւէ հիմնավոր կամ մտացածին պատճառ չի կարող արդարացնել բովանդակային բաղկացուցիչի պակասը քաղաքական քննարկումներում:

Ս. Սարգսյանը մի ուժի համար կարող է լինել լավ, մյուսի համար՝ վատ նախագահ, սակայն այդ հանգամանքը չի կարող քողածածկույթ դառնալ՝ հայ-թուրքական հարաբերությունների խնդրում դիրքորոշումը կամ դրա բացակայությունը քողարկելու համար: Եթե ես կողմ եմ արտահայտվում հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը կամ դրական եմ համարում նախաստորագրված Արձանագրությունները, բնավ չի նշանակում, թե սատարում եմ գործող նախագահին: Նույն տրամաբանությամբ՝ Սարգսյանի ոչ բոլոր կողմնակիցներն են հայ-թուրքական հարաբերությունների ջատագովներ, մանավանդ որ՝ տարիներ առաջ նրանք ծափահարում էին Ռ. Քոչարյանին, երբ վերջինս բարձր ամբիոններից խոսում էր «հայերի, ադրբեջանցիների, թուրքերի գենետիկ անհամատեղելիության» մասին:

Արձանագրենք, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկա հանգրվանի մասին քիչ թե շատ ռացիոնալ դիրքորոշումներ արտահայտել են բանակցությունների անմիջական մասնակիցները՝ նախագահն ու արտգործնախարարը եւ ՀԱԿ-ը՝ պաշտոնական հայտարարությամբ (Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, թեեւ երկու վերապահում- մտահոգություն են արտահայտել, սակայն փաստել են, որ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների եւ ժողովուրդների, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության շահերից։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ»):

Հիմա փորձենք հասկանալ, թե մեր «հայրենասերները» ի՞նչ փաստարկներ են բերում՝ հակադրվելով քննարկման առարկա Արձանագրություններին կամ դավաճանի պիտակ կպցնելով այն ուժերին ու գործիչներին, ովքեր կարեւորում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

Մեղադրանք առաջին. իրենց ազգային շահերի պաշտպաններ հռչակածները պնդում են, որ քննարկվող փաստաթղթերում ուրացվում է Հայոց ցեղասպանության փաստը: «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» վերտառությամբ փաստաթղթում նշված է. «իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում՝ պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար»: Այս ձեւակերպումն որեւէ աղերս չունի Ցեղասպանության ուրացման հետ: Ավելին՝ բնական է, որ հայ-թուրքական երկխոսության դաշտում պետք է քննարկվեն երկուստեք հետաքրքրություն ունեցող բոլոր հարցերը, այդ թվում՝ նրանք, որ առնչություն ունեն պատմական անցյալի հետ: Ի վերջո, հենց այդ անցյալն ու դրան տված Երեւանի ու Անկարայի իրարամերժ գնահատականներն են մեծապես խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կայացմանը: Վաղ թե ուշ՝ Թուրքիան ճանաչելու է Ցեղասպանության փաստը, սակայն դրան կարող է նպաստել միայն երկու երկրների երկխոսության փաստը, նրանց միջեւ վստահության միջավայրի ձեւավորումը: Հավելենք, որ երկու ԱԳՆ-ների մակարդակով համաձայնեցված փաստաթուղթը հնարավորություն է ստեղծում, որպեսզի պատմաբանների ենթահանձաժողովի աշխատանքներին մասնակցեն նաեւ միջազգային փորձագետներ, ասել է թե՝ հայկական կողմի ներկայացրած գիտական փաստարկները կարող են միջազգային ճանաչում ու ընկալում ստանալ:

Այլ խնդիր է, որ մենք առնվազն կասկածում ենք մեր պատմաբանների կարողություններին ու պոտենցիալին: Համաձայնեք՝ մեր գիտական պոտենցիալի ողբալի վիճակի համար «մեղավոր» չեն ո՛չ որեւէ արձանագրություն եւ ո՛չ էլ միջազգային ուժերի դավադրությունը: Եվ զարմանալի է, որ Ս. Սարգսյանը՝ հակադարձելով ընդդիմախոսների պնդումներին, փորձում է արդարանալ, ընդ որում՝ բավականին խոցելի ձեւակերպումով. «Ինչպես եւ պնդում էինք, հայ-թուրքական հարաբերությունների պատմական հարթության հարցերը պետք է քննարկվեն ոչ թե պատմաբանների հանձնաժողովի, այլ միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի ձեւաչափով» (հատված Ս. Սարգսյանի՝ ՀՀ ԱԳՆ-ում սեպտեմբերի 1-ին ունեցած ելույթից):

Խնդրի հետ կապված եւս մեկ դիտարկում. Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից անցել է 70 տարի, եւ, ինչպես ցույց տվեցին վերջին իրադարձությունները, այսօր էլ չկան միասնական մոտեցումներ պատերազմի պատասխանատուների, պատճառների ու հետեւանքների շուրջ, սակայն ռուս-գերմանական, գերմանա- լեհական հարաբերությունների ներկա ընթացքը ցույց է տալիս, որ պետություններին միավորում են ներկան, ինչպես նաեւ ապագայի նկատմամբ պատասխանատվությունը՝ թուլացնելով պատմության, որպես տարանջատիչ գործոնի, ազդեցությունը: Ավելին, պատմության նկատմամբ ընդհանուր մոտեցում ու ընկալում հնարավոր է լինում մշակել միայն ապագայի նկատմամբ ընդհանուր պատասխանատվություն ունենալու պատրաստակամության հիմքով:

Մեղադրանք երկրորդ. պնդում են, թե հայ-թուրքական համաձայնությունների համատեքստում հայկական կողմը «հանձնում» է Լեռնային Ղարաբաղը: Ս. Սարգսյանը, ի պատասխան, ասում է. «Ինչպես ես բազմիցս ասել եմ, Թուրքիայի հետ վարած մեր բանակցությունները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կամ դրա հետ կապված որեւէ այլ խնդրի հետ կապված որեւէ նախապայման»: Այո՛, Արձանագրություններում Ղարաբաղի մասին որեւէ հիշատակում չկա: Սակայն իրականում խորքային առումով անկեղծ չեն թե՛ երկրի նախագահը եւ թե՛ նրա ընդդիմախոսները: Տարածաշրջանում չի կարող լինել որեւէ գործընթաց, որն ուղղակի կամ անուղղակի ազդեցություն չունենա ԼՂ կարգավորման գործընթացի վրա, առավել եւս՝ հայ-թուրքական հարաբերությունները կամ դրանց զարգացումները: Սա բնական է ու օրինաչափ, այլ խնդիր է, որ հնարավոր ազդեցությունը չի կարելի դիտարկել ԼՂ-ն «հանձնել-չհանձնելու» խոտոր հարթության մեջ:

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն իսկապես նպաստելու է ԼՂ խնդրի կարգավորմանը, տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը. Հայաստանի հետ բնականոն հարաբերություններ ունեցող, տարածաշրջանում ակնհայտ լիդերության ձգտող Թուրքիան շատ ավելի օբյեկտիվ ու պատասխանատու դիրքորոշում կորդեգրի ԼՂ կարգավորման գործընթացում, քան՝ Հայաստանի հետ «սառեցված» հարաբերություններ ունեցող ու բացառապես «եղբայրական» Ադրբեջանի քաղաքական փաստաբանի դերը ստանձնած Թուրքիան:

Մեղադրանք երրորդ. «հայրենասերները» պնդում են, որ նախաստորագրված Արձանագրությունները ենթադրում են Թուրքիայի ներկա սահմանների ճանաչում: Մեղադրանքի մակարդակի հասցված այս հայտարարությունները հուշում են, որ այդ ուժերը սկզբունքորեն դեմ են հայ-թուրքական հարաբերություններին ընդհանրապես, ցանկացած ֆորմատով, որովհետեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման կարեւոր պայմաններից մեկը՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է: Արդ՝ Արձանագրության այս դրույթին հակադրվող ուժերն անկեղծ չեն, այլապես բաց տեքստով կհայտարարեին, թե իրենց պատկերացրած Հայաստանը կարող է գոյատեւել բացառապես արտաքին թշնամու գործոնի առկայությամբ (ընդ որում, կարեւոր չէ, թե ով է այդ արտաքին թշնամին՝ Թուրքիա՞ն ու Ադրբեջա՞նը, թե՞ միջազգային հանրությունը): Կարեւոր է այն, որ որեւէ «արտաքին թշնամու» դիմակայելու համար Հայաստանին ակնհայտորեն չեն բավարարում ռեսուրսները, եւ նա պետք է ապավինի երրորդ երկրի աջակցությանը, իհարկե՝ ի հաշիվ սեփական ինքնիշխանության: Կարծես թե, ի հեճուկս մեր ռուսամետների ակնկալիքների, այդպիսի «երրորդ երկիր» այսօր չկա. Ռուսաստանի ռեսուրսային հնարավորություններն էապես սահմանափակվել են, բացի այդ՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ կարգավորման գործընթացում, ըստ էության, նկատվում է Վաշինգտոնի ու Մոսկվայի դիրքորոշումների մերձեցում:

Հետո արդեն լրիվ խառնաշփոթ է. ոմանք պնդում են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է տեղի ունենալ գործադիրի մակարդակում՝ առանց Արձանագրությունների խորհրդարանական վավերացման: Մյուսներն ասում են, որ Արձանագրությունները պետք է ուժի մեջ մտնեն հանրաքվեի միջոցով: Առաջին պնդման մեջ, իհարկե, կա ճշմարտություն, սակայն, համաձայնեք, տվյալ պարագայում խոսքը գնում է ոչ թե, ասենք, Հայաստանի ու Ավստրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, այլ՝ մի գործընթացի մասին, որն էապես ազդելու է մեր երկրի զարգացման վրա: Հետեւաբար, հայ-թուրքական երկխոսության արտաքին սպոնսերները, ըստ ամենայնի, Հայաստանում եւ Թուրքիայում քաղաքական հնարավորինս լայն համաձայնության հասնելու անհրաժեշտություն են տեսնում: Այլ հարց է, որ, օրինակ, Հայաստանի խորհրդարանի որակի խնդիրը պետք է հուզի հայաստանցիներիս եւ ոչ թե՝ շվեյցարացիներին կամ ամերիկացիներին:

Ինչ մնում է հանրաքվեի առաջարկին, ապա ակնհայտ է, որ այս պարագայում կոնկրետ քաղաքական ուժը փորձում է դեմագոգիկ ձեւակերպումներով հղում կատարել հանրային կարծիքին՝ անիրազեկ հանրության շրջանում բորբոքելով տասնամյակների հակադրության իներցիայից սնվող այլամերժության տրամադրությունները: Նման իրավիճակ կառաջանա նաեւ Թուրքիայում, եթե այնտեղ էլ առաջ քաշվի հանրաքվեի նախաձեռնությունը: Պատասխանատու քաղաքական ուժերի առաքելությունը՝ նման ոչ ստանդարտ իրավիճակներում, ոչ թե անիրազեկ ու բարդութավորված հասարակությունների թիկունքում թաքնվելն է, այլ՝ երկրի զարգացման հեռանկարը հստակ բանաձեւելը:

Իհարկե, հայ-թուրքական գործընթացի առումով ես էլ ունեմ մտահոգություններ, սակայն դրանք առավելապես վերաբերում են Հայաստանում ստեղծված համակարգի որակին: Օլիգարխիկ, փակ համակարգը չի կարող նման բարդ գործընթացի հուսալի սուբյեկտ լինել կամ ապահովել «խրամատային» կարգավիճակից դուրս եկող Հայաստանի կայուն զարգացումը: Արդյո՞ք մեր արատավոր համակարգը բարեփոխման պոտենցիալ ունի, եթե այո՝ որո՞նք են հեռանկարները: Սա այլ վերլուծության թեմա է:

Հ. Գ. Այս հոդվածի առավել ընդարձակ տարբերակը զետեղված է www.prm.am ինտերնետային կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել