Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լվացքի ջո՞ւր են խմում

Սեպտեմբեր 08,2009 00:00

Սյունիքում ջրամատակարարման ոլորտում առկա խնդիրները հրատապ լուծում են պահանջում

Սյունիքի մարզի համայնքներում ջրամատակարարման համակարգում առկա խնդիրների լուծմանն ուղղված հարցեր քննարկվեցին Սյունիքի մարզպետարանում կազմակերպված խորհրդակցության ժամանակ, որին ներկա էին նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Կամո Աղաբաբյանը, Սյունիքի մարզպետը, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներն ու ջրօգտագործողների ընկերությունների պատասխանատուներ:

Խմելու ջրի որակի, մաքրման կայանների անբարվոք վիճակի, ջրագծերի հնամաշության եւ շատ այլ հարցերի առթիվ բավական մեծ դժգոհություններ ունեն մարզի համայնքապետերը: Կապանի քաղաքապետը նշեց, որ Կապանում շատ ցավոտ ու այդպես էլ չլուծված է մնում քաղաքի ջուր սնուցող ջրագծի ամենավերին հատվածի հարցը: Գյուղաբնակ վայրում գտնվող այդ հատվածը բաց է եւ մոտակայքում ծառայող զինվորներն այնտեղ պարբերաբար լվացք են անում, կենդանիներն են անարգել մտնում ու աղտոտում ջուրը, որից էլ վարակի կամ այս ու այն հիվանդությունների տարածման վտանգն է մեծանում: Բացի այդ, քաղաքապետը ավելացրեց, որ այսօր ջրի ծորակներից կավաջուր կամ տիղմով լի ջուր է գալիս: Մեղրու քաղաքապետը նշեց, որ իրենց ջրի որակն էլ խնդրահարույց է. փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն հեռու է խմելու ջրի համար նախատեսված ցուցանիշից:

Մարզի բոլոր քաղաքների համար ամենալուրջ հարցերից մեկն էլ ջրահեռացման՝ կոյուղու խնդիրն է: Կեղտաջրերը թափվում են միանգամից գետ կամ շատ հաճախ քաղաքի կենտրոնական փողոցներում խցանումներ են առաջանում: Համայնքապետերը կարծում են, որ այսօր հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներից են մաքրման կայանների վերանորոգումը, ջրագծերի ներքին ցանցի վերականգնումը եւ հատկապես ջրի բարձր ճնշման հետեւանքով առաջացած վթարների եւ դեռեւս սպասվելիք վտանգների վերացումն ու չեզոքացումը:

Իսկ ոլորտի պատասխանատուները ներկայացրին վերջին 5 տարիներին կատարված աշխատանքները: 2005 թվականին Կապանում 3-8 ժամ ջրամատակարարում էր ապահովվում, իսկ այսօր՝ 18 ժամ, Գորիսում՝ 8-9 ժամից՝ 20 ժամ, Մեղրիում՝ 3-4 ժամից՝ 14 ժամ, իսկ Սիսիանում՝ 20 ժամից՝ 24 ժամ: Շատ ծրագրեր էլ այս պահին ընթացքի մեջ են: Ինչպես տեղեկացրեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Կամո Աղաբաբյանը, Սյունիքում ներկայումս ծրագրեր են իրականացվում միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցներով: Գորիսում Ասիական բանկի տրամադրած 209 միլիոն դրամով մոտ մեկ ամսից ավարտին կհասցվի խմելու ջրի ներքին ցանցի նորացման ծրագիրը: Գորիսում իրականացվելիք 270 միլիոն դրամ արժողությամբ մեկ այլ ծրագրի նախագծային աշխատանքներն են ընթանում այժմ: Ասիական զարգացման բանկի միջոցներով նախագծային փուլում է Սիսիանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագիրը՝ արժեքը 355 միլիոն դրամ: Ագարակ քաղաքում եւս Ասիական զարգացման բանկի 266 միլիոն դրամով ծրագիրն է մշակվում, որով կբարելավվեն մաքրման կայանի աշխատանքներն ու Կարճեւան գյուղի ջրամատակարարումը: Իսկ Կապանում Եվրոպական բանկի տրամադրած 2,8 միլիոն եվրոյով կլուծվեն ջրի մաքրման կայանի եւ ջրագծի գլխամասի կարեւորագույն հարցերը: Ծրագրերի մրցութային փուլերը կավարտվեն մինչեւ դեկտեմբեր, իսկ շինարարական աշխատանքները կսկսվեն եկող տարվա գարնանը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը խորհրդակցության ավարտին մասնակիցներին հավաստիացրեց, որ բարձրացված բոլոր խնդիրների ուղղությամբ անպայման քայլեր կձեռնարկվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել