Սփյուռքահայերի կարծիքը՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին
Երբ «Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչ Ինգա եւ Անուշ Արշակյանների հրաշալի կատարումը ցածր միավորներ ստացավ հատկապես հայաշատ երկրներից, շատերը պնդում էին, թե այդկերպ հայկական Սփյուռքը հստակ դեմ արտահայտվեց Հայաստանի իշխանությունների ոչ հայանպաստ՝ ցեղասպանությունը ուրանալու քաղաքականությանը: Հիմա հրապարակվել են հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված երկու արձանագրությունները եւ թեման, բնականաբար, լայնորեն քննարկվում է նաեւ Սփյուռքում: Ու էլի կարծիք կա, թե այս արձանագրություններով Հայաստանը ուրանում է ցեղասպանությունն ու անտեսում Ղարաբաղի շահերը: Թե ինչ կարծիք ունեն սփյուռքահայերը, փորձեցինք պարզել Ամերիկայից ու Եվրոպայից Հայաստան ժամանած մի շարք գործարարների ու մտավորականների հետ զրույցներում: Այս մարդիկ մասնակցել կամ մասնակցում են Հայաստանին այս կամ այն հարցում օգնելու համար դրամահավաքներին եւ հանգանակություններին:
Լեւոն Անդրեասյան (ԱՄՆ, Նյու Յորք).- Սահմանը բացելու կամ չբացելու տարբերությունը ո՞րն է, եթե, այսպես թե այնպես՝ Հայաստանը լցված է թուրքական ապրանքներով: Ընդհանուր առմամբ՝ ես կողմ եմ, որ սահմաններ չլինեն եւ ոչ մի երկրի հետ, որ ազատ ելումուտ ունենանք բոլոր երկրների եւ շփումներ՝ բոլոր ազգերի ներկայացուցիչների հետ: Փափագում եմ, որ ամենալավ բաները լինեն Հայաստանի համար:
Արման Տերտերյան (Գերմանիա).- Իմ կարծիքով, Թուրքիայի հետ սահմանը բացելու ժամանակը դեռ չի եկել: Մենք՝ Գերմանիայում ապրող հայերս, հիմնականում Թուրքիայից ենք եկել եւ լավ ծանոթ ենք նրանց մտածելակերպին. մարդու երեսին խնդում են, թիկունքից անում այն, ինչ իրենց շահն է թելադրում: Ես չեմ կարծում, որ սահմանը բացելը ճիշտ տարբերակ է: Դա ի՞նչ կտա մեզ. մեզ ուղղակի կխաբեն: Ես կարծում եմ, որ «Առաջ Հայաստանը» ոչ թե Թուրքիայի հետ սահմանի բացումը պետք է լինի, այլ՝ հայերի համար բարեկեցիկ կյանք ստեղծելը, աշխատանքով ապահովելը, Հայաստանը օրենքի երկիր դարձնելը:
Մոնիկա Բրուտյան (Գերմանիա).- Ես կողմ եմ, որ բացվի սահմանը, սակայն առանց նախապայմանների: Բայց թուրքական դիվանագիտությունը դժվար թե դրան գնա առանց իր մեծ շահն ունենալու:
Պիեռ Բրուտյան (Գերմանիա).- Հայաստանի համար այս պայմաններում, երբ մարդիկ աշխատանք եւ մշտական եկամուտ չունեն, սահման բացելը ճիշտ չէ: Թուրքերը կօգտվեն Հայաստանի աղքատիկ վիճակից եւ իրենց էժան ու անորակ ապրանքով կլցնեն հայկական շուկան: Իսկ դա վտանգավոր է այնքանով, որ տեղական արտադրանքը, որն անհամեմատ թանկ է՝ սպառող կկորցնի եւ կամաց-կամաց դուրս կմղվի: Ես անձամբ համաձայն չեմ, որ սահմանը բացվի. դրանից հայրենիքը կտուժի: Եթե սահմանը բացվի՝ ես անձնապես կնեղվեմ:
Պիեռ Ժերար (ԱՄՆ, Նյու Յորք).- Եթե նախապայմանով պետք է բացվի՝ իմաստ չունի: Հակառակ դեպքում՝ համամիտ եմ, մանավանդ որ, աշխարհի մեջ այլեւս սահմաններ չկան: Թուրքիայի հետ սահմանի բացումը, իմ կարծիքով, Արեւմտյան Հայաստան այցելելու առիթներ կտա, որովհետեւ մեր իրական երկիրը դա է: Սահմանի բացումով կշահեն նաեւ պոլսահայերը, որոնք առանց դժվարության կարող են գալ Հայաստան, կարող են նաեւ գործ դնել այստեղ: Ինչ էլ լինի՝ սփյուռքահայերս Հայաստանի հետ միասին ենք, այստեղ է ինչպես մեր սիրտն ու հոգին, այնպես էլ՝ մեր լուման:
Մագի Յալմանյան (Ավստրիա),- ես մտավախություն ունեմ, որ մեր Մեծ խնդիրը կմոռացվի: Սահմանը բացելուց եւ հայ-թուրքական հարաբերություններ հաստատելուց հետո այլեւս ինչպե՞ս կարող ենք մեր բողոքի ձայնը բարձրացնել, արդար դատ պահանջել միլիոնուկես անմեղ զոհերի համար: Ես գտնում եմ, որ Թուրքիայի հետ սահմանը բացելու ոչ միայն ժամանակը չէր, այլեւ՝ դրա ժամանակը չի գալու ընդհանրապես: Բայց եթե սահմանը բացվի, ապա դրանից Հայաստանը ինձ համար երբեք չի դադարի սիրելի հայրենիք լինել: Այնուամենայնիվ, սահմանի բացումով ինչ-որ կարեւոր բան ենք կորցնելու:
Ավետիս Կիզիրյան (Շվեյցարիա).- Եթե սահմանը բացելու անհրաժեշտությունը կար՝ պետք է բացեին 88-ի երկրաշարժին (նկատենք, որ 1988-ին Հայաստանը անկախ պետություն չէր, ԽՍՀՄ կազմում էր-խմբ.): Երբ այդ աղետալի օրերին Հայաստանն օգնության կարիք ուներ, եւ յուրաքանչյուր օրը շատ կարեւոր էր երկիր մտնող օգնությունը ճիշտ ժամանակին տեղ հասցնելու համար: Թուրքիան ոչ մարդկայնորեն, ոչ դիվանագիտորեն չբացեց սահմանը: Մեր ուղարկած օգնությունները, որ կարող էին Թուրքիայով տեղ հասնել 2 օրում եւ ծառայեին նպատակին, 6000 կմ ավելի էին գնում ու տեղ հասնում 30 օր հետո, ցավոք՝ երբեմն շատ ուշացած: Եթե այդ ժամանակ, իրոք, օգնության կարիք ունեինք ու չօգնեցին՝ չբացեցին սահմանը, հիմա բացելը անիմաստ եմ համարում: Նույնն է, թե՝ կարիքի մեջ եղածին չօգնել հինգ լումայով, իսկ նրա հարստացած ժամանակ միլիոններ առաջարկել: Այստեղ է, որ պետք է մտածենք՝ ո՞րն է Թուրքիայի ակնկալիքը մեզանից: Իսկ եթե սահմանը, այնուամենայնիվ, բացվի, Հայաստանի ու հայերի նկատմամբ սփյուռքահայերիս վերաբերմունքում ոչինչ չի փոխվի: Մենք կշարունակենք հայրենիքին օգնել նաեւ սահմանը բացվելուց հետո, որովհետեւ Հայաստանը մերն է, մեր երկիրն է, ինչում որեւէ մեկը կասկածել չի կարող, իսկ հայ մարդը մեր արյունակիցն է, ով եւս իրավունք ունի Եվրոպայում կամ Ամերիկայում ապրող քաղաքացու նման լավ ապրել ու իրեն լիարժեք քաղաքացի զգալ:
Ժիլբեր Մոմջյան (Գերմանիա).- Եթե ուզում եք սփյուռքահայության պատասխանը ստանալ՝ բացասական է: Բայց մենք սպասում ենք արդյունքը տեսնելուն: