Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազատամարտիկի ընտանիքը՝ նոր հոգսերի առաջ

Սեպտեմբեր 08,2009 00:00

Անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին, 53 տարեկան հասակում, վիրահատությունից հետո իր մահկանացուն կնքեց ազատամարտիկ, ԵԿՄ անդամ, 2-րդ կարգի հաշմանդամ Գուրգեն Պողոսյանը: Արտաշատի շրջանի Շահումյան գյուղի բնակիչը՝ 4 երեխաների հայրը, կամավոր մեկնել էր ճակատ, մասնակցել մարտական գործողությունների, իսկ ԼՂՀ Մարտակերտի պաշտպանության ժամանակ ստացել կոնտուզիա:

Նա պատերազմից հետո հիվանդության համար ստացել էր ամսական 57 000 դրամ գումար, որով հոգում էր իր առողջության եւ ընտանիքի հոգսերը: Նա հերթագրվել էր պաշտպանության նախարարության բնակպայմանների բարելավումների ցուցակում եւ սպասում էր, որ կգա այն երջանիկ պահը, երբ ընտանիքի սոցիալական վիճակը կլինի բարելավված: Պատերազմից հետո նա ոչ մի անգամ չի դիմել բուժօգնության, ամեն ինչ արել է սեփական միջոցների հաշվին:

Նրա կինը՝ Սոնիկ Պողոսյանը, օրեր առաջ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ տեղեկանալու բնակպայմանների բարելավման ուղղությամբ կատարված քայլերի մասին: Պաշտպանության նախարարությունից ազատամարտիկի կնոջը տեղեկացրել են, որ նրա նամակը վերահասցեագրվել է սոցիալական պաշտպանության վարչությանը: Ի դեպ, այնտեղից էլ վարչության պետը՝ Ս.Հարությունյանը տեղեկացրել է, որ Գուրգեն Պողոսյանը ՊՆ վերոհիշյալ վարչությունում հաշվառված չէ, հետեւաբար… խնդրի կարգավորմանը վարչությունը չի կարող անդրադառնալ: Նշեմ, որ խոսքը «Վազգեն Սարգսյան», «Մարտական ծառայության համար» մեդալներով, ՀՀ առաջին գնդի եւ «Երկրապահ» կամավորականների միության պատվոգրերով պարգեւատրված ազատամարտիկի մասին է:

Օրեր առաջ հանգուցյալ ազատամարտիկի դուստրը ընդունվել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան: Տարեկան վարձը կազմում է 200 000 դրամ, որը հայթայթելու բոլոր հնարավոր տարբերակները ի դերեւ են եղել, եւ ազատամարտիկի կինը ստիպված է եղել պարտքով գումար ձեռք բերել, որպեսզի «երեխան ուսումից հետ չմնա»:

«Ընտանիքի անդամներով ապրել ենք դաժան օրեր, ծանր վիճակներ: Փորձել եմ ամուսնուս բուժել, պահել, մեծ հույսերով, որ պետությունն էլ նրա մարտական ուղու համար մի օր կհատուցի»,- ասում է Ս. Պողոսյանը:

Պետությունը չի հաշվառել նրան, սակայն պարգեւատրել է, դրանով փակելով իր եւ ազատամարտիկի հետ հարաբերությունների ծանր էջը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել