Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՔՍԱՆ» ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

Սեպտեմբեր 08,2009 00:00

ԱՄՆ դատարանի նախորդ ամսվա կայացրած որոշումը դժգոհության ու մտահոգության ալիք էր բարձրացրել ոչ միայն ԱՄՆ Հայ դատի հանձնաժողովում, այլեւ ցեղասպանության զոհերի հարազատների շրջանակում:

Վերջին շրջանում «Առավոտին» բազմաթիվ քաղաքացիներ էին դիմում՝ ներկայացնելով իրենց տարակուսանքները: Ըստ նախնական պայմանավորվածության, ցեղասպանության զոհերի հարազատները հուլիսից օգոստոս շրջանում պետք է ներկայացնեին իրենց դիմումները, բայց Կալիֆոռնիայի վերաքննիչ դատարանի որոշումը մեծ խուճապ էր առաջացրել հայցվորների շրջանում. շարունակելո՞ւ են իրենց հայցադիմումները ներկայացնել, թե՝ ոչ: Այս առիթով փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՀ արդարադատության նախարարությունից:

«Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի վերաքննիչ դատարանի որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել Օսմանյան կայսրությունում 1915 թ. Ցեղասպանության զոհերի ժառանգորդների կյանքի ապահովագրության շրջանակներում փոխհատուցում կատարելու մասին օրենքը, չի տարածվում «Աքսա» ապահովագրական ընկերության գործով սկսված գործընթացի վրա, ընկերությունը կշարունակի փոխհատուցման ծրագիրը»,- այս մասին «Առավոտին» տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Թամարա Շաքարյանը: Նրա խոսքով, նախարարությունը 2007-ի կեսերից ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերության գործով դիմումների ընդունման գործընթացը իր մասով ավարտել է՝ իրավաբանական խորհրդատվության, հայցերի նախապատրաստման հարցերով առաքելությունը: Արդարադատության նախարարություն ներկայացված բոլոր հայցադիմումները ուղարկվել են «Աքսա» ընկերության կարգավորող հանձնաժողով՝ մինչեւ 2008 թ. հունվարի 7-ը: Ուղարկված դիմումների համաձայն, ժառանգորդ ճանաչվելու կամ չճանաչվելու փաստը հաստատվելու է դատարանի վճռով: Թ. Շաքարյանն ասաց նաեւ, որ վերջերս «Աքսայի» կարգավորող հանձնաժողովի գործադիր տնօրեն Բարսեղ Գարթալյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, պարոն Գարթալյանը հայտնել է իր ներողամտությունը ժամկետների երկարաձգման հետ կապված եւ նշել, որ դատական գործընթացի ավարտից հետո, ինչը իր կարծիքով կավարտվի մինչեւ այս տարեվերջ, իրենք անմիջական նամակագրական կապ կհաստատեն դիմումատուների հետ՝ առանց արդարադատության նախարարության միջնորդության եւ գիտության: Այդ նամակով ցեղասպանության զոհերի հարազատները կտեղեկացվեն իրենց հայցի բավարարման կամ մերժման մասին, ինչպես նաեւ ապահովագրական գումարի չափի մասին: Թ. Շաքարյանից փորձեցինք տեղեկանալ նաեւ «New York Life» ամերիկյան ապահովագրական ընկերության գործունեության մասին, բայց նախարարի խորհրդականն ասաց, որ վերոնշյալ ընկերությունն ավարտել է իր ծառայությունը, իսկ հետագա անելիքների մասին նախարարությունում համապատասխան տեղեկատվություն չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել