Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Որ նորմալ տուն տան՝ կգնամ»

Սեպտեմբեր 08,2009 00:00

Ասում է իրացվող տարածքում բնակվող տան համար տարիներ շարունակ պայքարելուց հոգնած Մարիետա Մանուկյանը:

Եզնիկ Կողբացու փողոցի թիվ 18 տան տարածքը հանուն պետական շահի 2005-ին իրացվել է, սակայն այդտեղ բնակվող Մարիետա Մանուկյանը, նրա եղբոր դուստրը՝ Արմինեն եւ վերջինիս դուստրը կտրականապես հրաժարվում են իրենց տունը լքել: Այս բնակարանի շուրջբոլորը ակտիվ շինարարություն է ընթանում, «Մակարետ» ընկերությունը բազմաբնակարան շենք է կառուցում, ինչն էլ անհանգստացնում է այս բնակիչներին: Տիկին Մարիետան եւ Արմինեն պահակ են նստում, որպեսզի անմիջապես հարեւանությամբ աշխատող տեխնիկան իրենց տանն էլ վնաս չհասցնի, սակայն վերջին մի քանի ամսում նրանց բնակարանը բազմիցս ջուր է լցվել ու ցնցումների ենթարկվել:

Տարածքի սեփականատեր տիկին Մարիետան «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ այդ շինարարության պատճառով իրենց կոյուղու խողովակներն են վնասվել. «Հենց դժգոհում ենք, ասում են՝ դիմեք դատարան: Բայց ինչքա՞ն կարելի է այդպես, խողովակները կոտրելուց հետո այդ ամբողջ կեղտաջուրը լցվել էր մեր տուն: Վերամբարձ կռունկ էին բերել ու ցանկանում էին մեր տան բակով անցկացնել, սակայն ես թույլ չտվեցի, քանի որ եթե դա էլ անցներ՝ մեր տնից բան չէր մնա: Նրանք էլ մի քանի օր չկարողացան իբրեւ թե աշխատել ու մեզնից փոխհատուցում էին ուզում իրենց պարապուրդի համար: Այդ դժգոհությամբ էլ դիմել են դատարան: Մեզ արդեն ծանուցագիր են ուղարկել: Մեր դատապաշտպանն էլ հակընդդեմ հայցով է դիմելու: Ես համաձայն եմ արդեն տեղափոխվել, սակայն՝ նորմալ բնակարան, արդեն հոգնել եմ: Իսկ եթե նորմալ փոխհատուցում չեն տալիս, ինչպե՞ս ես բնակարան գնեմ քաղաքի կենտրոնում: Ասում են՝ գտեք ձեզ հարմար բնակարան, գտնում ենք, ասում են՝ թանկ է, մենք այդքան չենք վճարի: Իմ տունը եվրանորոգված է, բացի այդ՝ չափագրումներն էլ սխալ են արել, մոտ 13 քմ չեն հաշվարկել: Այդ տունը 50 միլիոնանոց է, ինձ պետք է գոնե դրան մոտ գումար առաջարկեն, իսկ նրանք այդ սխալ հաշվարկների պատճառով տունս գնահատել են 14 միլիոն դրամ, ընդհանուր տարածքը 51 քմ է՝ 3 սենյակով»:

Նրա խոսքերով, տան բակն էլ չեն հաշվարկել՝ պատճառաբանելով, որ դա ընդհանուր տարածք է. «Մեզ ասում են, որ մեր տունը շենքի ստորաբաժանված մի մաս է, բակն էլ ընդհանուր է: Ես նորից ու նորից եմ դիմում Երեւանի քաղաքապետարան, որպեսզի ինձ թույլ տան սեփականաշնորհել, բայց մերժում են»: Նշենք, որ քաղաքապետարանից տիկնոջը պատասխանել են, որ այդ բակը ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածի 6-րդ կետի սահմանափակումների ցանկում է գտնվում, այսինքն՝ պետական կամ համայնքային այն հողամասերից է, որոնք բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են, ուստի՝ քաղաքացին չի կարող այն սեփականաշնորհել:

Պակաս փոխհատուցման պատճառ է դարձել նաեւ այն, որ 2005 թվականին կինը իրենց տունը հիմնանորոգել է եւ ընդլայնել իր սեփական խորդանոցի եւ չուլանի հաշվին, ինչը, սակայն, չափագրողները հաշվի չեն առել: (Այս խնդրին «Առավոտն» արդեն անդրադարձել է 19.12.2008-ին): «Քաղաքապետարանի անփույթ աշխատանքի հետեւանքով է այդպես եղել: Ես ընդամենը մի քանի տարի առաջ բավականին մեծ գումար ծախսեցի այդ գործի համար, մոտավորապես 18 հազար դոլար: Այդ կառուցապատումն անելու համար ես ունեմ շինթույլտվություն: 2005-ին մենք արդեն տան դիմացի հողը սեփականաշնորհելու համար դիմեցինք կադաստր, որտեղից մեզ մերժեցին, հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ, տեղեկացանք, որ մեր տարածքը համարվում է իրացվող: Նամակով դիմեցինք Երեւանի քաղաքապետարան, իմանալու՝ մեր տարածքն իրացվո՞ղ է, թե՝ ոչ, քանի որ մեծ գումար էինք ծախսելու: Մեզ ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունից պատասխանեցին՝ ոչ»,- դժգոհեց տիկին Մարիետան: Նա դիմել է դատարան, սակայն ոչինչ էլ չի փոխվել: Ըստ նրա. «Դատավարություններն էլ են անարդար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել