Լրահոս
Օրվա լրահոսը

«ՑԱՆԵՔ ՈՍՊ, ՈԼՈՌ ՈՒ ԾԽԱԽՈՏ, ՈՉ ԹԵ ԿԱՐՏՈՖԻԼ»

Սեպտեմբեր 08,2009 00:00

Գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը գտնում է, որ եթե գյուղացին թանկ ու պահանջարկ ունեցող գյուղմթերքներ ցանի՝ իրացման խնդիր չի ունենա:

Այս տարվա եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով՝ հատկապես Շիրակի, Լոռու մարզերում գյուղացիները լուրջ վնասներ կրեցին: Շատերը վարկ էին վերցրել, հույս ունենալով բերքի իրացումից հետո այն մարել ու եկամուտներ ստանալ, բայց ստիպված եղան հողերը վաճառել՝ վարկի տակից դուրս գալու համար, որովհետեւ ճգնաժամի հետ կապված ի հայտ եկան բերքի իրացման ու մթերման խնդիրներ: Թե ինչպե՞ս է գոյատեւելու գյուղացին ու ի՞նչ շուկա ենք ունենալու հաջորդ տարի, դժվար է կանխատեսումներ անել, որովհետեւ գյուղացին չի կարողացել սերմացուի, պարարտանյութի, ջրի հարցերը լուծել, նույնիսկ հողի հարկի դիմաց հսկայական պարտքեր են կուտակվել: Այս ամենի մասին «Առավոտը» զրուցեց գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի հետ:

– Պարոն Ալավերդյան, ճիշտ է, յուրաքանչյուր կարկտահարությունից ու ցրտահարությունից հետո պետությունը մարզերում վնասների չափերն է ճշտում ու փոխհատուցում տալիս, բայց այդ օգնությունն այնքան քիչ է, որ դժվար է նույնիսկ դրան վնասի փոխհատուցում ասել: Գյուղացուն աջակցելու համար նախարարությունն ի՞նչ նոր քայլեր է պատրաստվում անել:

– Կարող եմ ասել, որ տուժածների վնասներն այն թվերը չեն, ինչ ներկայացնում են մարզպետարանները: Ես էլ եմ շատ մարզերում եղել, շրջել, մենք ամեն ինչ անում ենք, որ այդ վնասները փոքր լինեն, դրա համար մեծ գումարներ ենք ծախսում ու հակակարկտային կայաններ ենք գնում: Մենք փորձում ենք մեղմել կարկուտի տված վնասները: Բնականաբար, մեր տված գումարը գյուղացուն փոխհատուցում չի կարելի համարել, որովհետեւ ապահովագրական ոչ մի կազմակերպություն չի գործում, պայմանագրեր չեն ստորագրվել, հետեւաբար՝ գյուղացին ոչ մեկից ոչինչ պահանջել չի կարող, մենք, որպես նախարարություն, աջակցում ենք՝ ինչով կարող ենք: Հասկանում ենք, գյուղացին գնացել է բանկեր, վարկեր է վերցրել ու հիմա կանգնել է կոտրած տաշտակի առջեւ, բայց ճգնաժամի պայմաններում մեր բյուջեն փոքր է ու գյուղացուն շատ բան տալ չենք կարող: Այսօր չենք կարող վեր կենալ ու սին խոստումներ տալ, ասել՝ որ լավ կլինի:

– Ամեն տարի գյուղացին բերքի իրացման խնդիր է ունենում, չնայած գյուղնախարարությունը պնդում է, որ իրացման խնդիր չկա: Օրինակ, այս տարի խաղողագործները վստահեցնում են, որ ստիպված տոննաներով խաղող են թափելու, որովհետեւ գործարանները քիչ են մթերելու, դուք նորից ասելու եք, որ իրացման խնդիր չկա՞:

– Ես ձեզ վստահեցնում եմ՝ գյուղացին ոչ մի ողկույզ խաղող չի թափելու, բոլորն իրացվելու է: Երբ ես նշանակվեցի նախարար, ինձ ասում էին՝ ծիրան չի լինելու, ամբողջը ցրտահարվել է, բայց լինելով Արարատում, Արմավիրում, համոզված թվերն ասացի, որ լավ բերք է լինելու, իսկապես, եթե 2008-ին արտահանվեց 7500 տոննա ծիրան, այս տարի արտահանվեց 11500 տոննա, այսինքն՝ գրեթե կրկնակի: Իմ աչքի առաջ «Բորոդինո» պահածոների գործարանը գյուղացուց այնպիսի լոլիկ է մթերել, որ շպրտելու բան էր, 5 անգամ ջոկած ապրանքն են տանում գործարան ու կարողանում մթերել: Այսօր չկա շպրտել հասկացությունը, վատագույն ծիրանն էլ, լոլիկն էլ, դեղձն էլ մթերում են, ընդ որում՝ չնայած ճգնաժամին, շատ գործարաններ նույնիսկ կանխավճարով են աշխատում գյուղացու հետ:

– Վերջերս Վրաստանն արգելեց Հայաստանից կարտոֆիլի արտահանումն իրենց երկիր, քանի որ վարակ էին հայտնաբերել, դրա պատճառով կարտոֆիլի բերքը գյուղացին թափելո՞ւ է, թե՞ այն կմթերվի տեղական գործարաններ:

– Վրաստան արտահանվում է ընդամենը 3-4 հազար տոննա կարտոֆիլ, խնդիրն այն չէ, որ Վրաստանն արգելեց՝ բերքը մնաց, պարզապես մեր երկրում նորմայից շատ են կարտոֆիլ ցանում, որի իրացման խնդիր ենք միշտ ունենում, հիմա մտածում ենք օսլայի, կարտոֆիլի փոշու ու չիփսերի արտադրություն ստեղծենք: Գյուղացիներ կան, որ միշտ կարտոֆիլ են ցանում, մինչդեռ նույն տարածքում կարելի է ցանել հնդկաձավար, կիլոգրամը վաճառել 500 դրամով, ոչ թե կարտոֆիլ՝ որի կգ-ը 80 դրամ է, թող ցանեն ոսպ, ոլոռ ու ավելի շատ շահույթ կստանան: Օրինակ, «Գրանդ տոբակոն» ծխախոտի համար գյուղացուն կանխավճար է տալիս, թող ծխախոտ ցանեն, ճակնդեղ, որ շաքարի գործարանին մատակարարեն:

– Պետության տված 35 հազարական դրամ սուբսիդիան ի՞նչ տվեց գյուղացուն:

– Դա, իսկապես, իր նպատակին չծառայեց: Մենք այսուհետեւ ուզում ենք ոչ թե գյուղացուն 35 հազար դրամ տանք, որ մեկը տանի իր երեխային կոշիկ առնի, մեկը՝ լույսի փող տա, այլ այդ գումարը ներդնենք՝ հակակարկտային կայաններ առնենք, որ գյուղացին վնաս չունենա, կամ այդ գումարով նորմալ սերմացու գնենք, որ գյուղացին բերք ունենա: Այսօր գյուղերում այնպիսի կոմբայններով են աշխատում, որոնք 30-40 տարվա կյանք ունեն, հետեւաբար դրանք ոչ կարող են նորմալ հնձել, ոչ կարող են ծեծել, ջարդոտում են բերքը՝ կեսը թափելով: Կարող ենք սուբսիդիայի փոխարեն կոմբայններ առնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել