Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՆՈՒՄ ԵՆ, ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ

Սեպտեմբեր 08,2009 00:00

Փլուզված ճանապարհների պատճառով հողատարածքներից զրկված գյուղացիները մտավախություն ունեն, որ կառավարությունը

\"\"
Գ. Սարգսյանը ծանոթանում է
շինաշխատանքներին:

\"\"
Նոր ճանապարհի համար Սեւանա լճի ափամերձ գոտում 200-ից ավելի ծառ կհատվի:

\"\"
Մարզպետ Ա.Ղուլարյանը տիկին Մանիկին համոզում է, որ տան պատերի ճաքերը սողանքների եւ նոր ճանապարհի հետ կապ չունեն:

իրենց կրած վնասը միայն մասամբ կփոխհատուցի:

Այս օրերին Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում 2 նոր ճանապարհ է կառուցվում: Մեկը՝ Սեւան-Մարտունի ավտոճանապարհն է, որն անցնում է Լճաշեն գյուղով եւ գրեթե ջրածածկ է եղել Սեւանա լճի բարձրացման հետեւանքով, մյուսը՝ այս տարվա հունիսի 11-ին սողանքի հետեւանքով ամբողջությամբ փլուզված Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ճանապարհը:

Շաբաթ օրը տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանն այցելեց նշյալ մարզեր՝ տնտեսական ճգնաժամի պայմաններում պետբյուջեի համար լրացուցիչ ծախսեր առաջացրած ճանապարհների կառուցման աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Լճաշենի ճանապարհը բյուջեին արժեցել է 960 միլիոն դրամ: Մոտ 1 ամիս է՝ այդ հատվածում շինարարներն աշխատում են, սակայն հիմնական գործը նոր պետք է սկսվի: Սեւանա լճի ափամերձ տարածքով քարե պատնեշ է կառուցվում, դրան զուգահեռ՝ մոտ 2 կիլոմետր ճանապարհն իր նախկին դիրքից 3 մետր բարձրացվում է: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Գ. Սարգսյանը՝ «Ճանապարհի երկայնքով լիցք պետք է արվի, որի վրա էլ կկառուցվի հիմնական ճանապարհը: Շինարարները լավ են աշխատում եւ հույս ունենք, որ եկող տարվա հուլիս-օգոստոս ամիսներին ճանապարհը կասֆալտապատվի եւ վերջնական տեսքի կբերվի»: Իսկ մինչ այդ՝ վարորդներն օգտվում են շրջանցիկ ճանապարհներից, որոնք կրկնակի երկարացնում են նրանց ուղին: Քանի որ նոր ճանապարհը պիտի կառուցվի անտառի հաշվին, «Առավոտը» նախարարից հետաքրքրվեց, թե որքա՞ն ծառ են հատել եւ արդյո՞ք նախարարության պատասխանատուները բնապահպանության ոլորտի աշխատակիցների հետ հսկում են, որպեսզի շինարարներն առիթից չօգտվեն եւ նախատեսվածից ավելի ծառեր չհատեն: Պարոն Սարգսյանի տվյալներով, մոտ 200 ծառ արդեն հատվել է, 70-ն էլ դեռ պետք է կտրեն. «Նախագիծը բնապահպանական փորձաքննություն է անցել, բացի այդ, բնապահպանները բոլոր ծառերը համարակալել են»:

Նախարարին ուղեկցող տրանսպորտի եւ կապի նախարարության զարգացման եւ ներդրումների վարչության պետ Գրիգոր Մնացականյանն էլ վստահեցրեց, որ ինքն ամեն օր ծառերը մեկ առ մեկ հաշվում է՝ տեսնի՝ տեղո՞ւմ են, թե՝ ոչ:

Տավուշի սահմանամերձ Վազաշեն գյուղի նորակառույց ճանապարհի շինաշխատանքներն արագացված տեմպերով են ընթանում, հակառակ դեպքում, եթե ձմեռը վրա հասնի ու ճանապարհը դեռ պատրաստ չլինի, Բերդի տարածաշրջանն ամբողջությամբ կմեկուսանա: Այս նոր ճանապարհն անցնելու է 9 բնակիչների հողատարածքներով:

«Առավոտի» հետ զրույցում վազաշենցի Դերենիկ Ստեփանյանը դժգոհեց, որ արդեն քանի ամիս է՝ պետությունն իրենց սեփական հողատարածքները յուրացրել է, սակայն փոխհատուցման հետ կապված առայժմ որեւէ լուրջ քայլեր չի արել. «Դեռ ոչ մի բան չեն հատուցել, թիվ չեն ասել, միայն եկել են, գրել ու գնացել: Ինձանից 250 քմ հողամաս են վերցրել, մի րոպեում աչքիս առաջ բերքատու ծառերս՝ պոպոք, դեղձ, թուզ, սալոր ու կուկուրուզները, տրակտորի բերանը տվեցին, ոչնչացրին: Էդքան կորցրած բերքի համար ոչ մի փոխհատուցում չեն նախատեսում, բա էս էրեխեքին ինչո՞վ պիտի պահենք»:

Փլուզված ճանապարհն անցնում է անմիջապես Դերենիկ եւ Արաքսյա Ստեփանյանների դարպասի առջեւով: Մեծահասակ ամուսինները մտավախություն ունեն, որ սողանքի հետեւանքով շուտով բակի եւ այգու մի հատվածն էլ կկորցնեն, հատկապես որ, դարպասի դռներն արդեն տեղից խախտվել են, եւ տան անդամներն այն մեծ դժվարությամբ են փակում-բացում: Դարպասի հետ կապված՝ Դ. Ստեփանյանի անհանգստությունը փարատեց այս մարզում նախարար Գ. Սարգսյանին ուղեկցող Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը. «Մենք կաջակցենք, որպեսզի դարպասդ տեղափոխեն եւ նոր դուռ բացեն հողամասիդ վերեւի կողմից»:

Եթե պարոն Ղուլարյանին հաջողվեց Դերենիկ պապին հանգստացնել ու հավատացնել, որ շուտով նրան կփոխհատուցեն, հատկապես որ՝ կառավարությունն այդ 9 բնակչի վնասները հաշվարկել է եւ նրանց հատուցելու համար բյուջեից արդեն 20 միլիոն դրամ է հատկացրել, ապա Վազաշենի մեկ այլ բնակչի՝ Մանիկ Ստեփանյանին մարզպետը ոչ մի կերպ չէր կարողանում համոզել, որ տան պատերին առաջացած 2-3 սանտիմետրանոց ճաքերը ոչ մի կապ չունեն սողանքի ու նոր կառուցվող ճանապարհի հետ: Ճիշտ է, նորակառույց ճանապարհը շրջանցում է Մ. Ստեփանյանի տունը, սակայն կինը համոզված է, որ այն թուլացնում է իր տան հիմքերը, քանի որ նկատում է, թե ինչպես են օր օրի իր տան պատերի ճաքերն ավելանում ու մեծանում:

Մարզպետը, այցելելով կնոջ բնակարան, վստահեցրեց, որ դրանք «մազաչափ» ճաքեր են, եւ որ նախորդ անգամ տեսածի համեմատությամբ ոչ մի տարբերություն ինքը չի նկատում: Մանիկ Ստեփանյանը մարզպետին մատնացույց արեց տան տակ գտնվող ավտոտնակի երկաթե դուռը, որը տեղից խախտվել էր եւ չէր բացվում: Ի պատասխան սրան էլ, պարոն Ղուլարյանը խորհուրդ տվեց դուռը «սվարկա անել», քանի որ այն ուղղակի «պոկվել» է: «Նախորդ անգամ երկրաբան բերեցինք, տունը նայեցին, ձեր տան ճաքերը սողանքի հետ բացարձակ կապ չունեն, դրանք կարող են առաջանալ շինարարության անորակության հետեւանքով»,- ասաց մարզպետը:

Այս ճանապարհի կառուցման համար առայժմ հատկացվել է 200 միլիոն դրամ: Քանի որ առջեւում ձմեռ է՝ ասֆալտապատումը կարվի հաջորդ տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել