Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այս երկրում ինչ-որ կարեւոր բա՞ն է փոխվել

Սեպտեմբեր 08,2009 00:00

Մարտի 1-ի հանձնաժողովը երեկ Տիգրան Աբգարյանի բաճկոնն էր զննում եւ որոշեց նաեւ ստուգել ՊՆ պահեստները:

Մարտի 1-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը երեկ հանպատրաստից նիստ էր հրավիրել, ընդ որում, հանձնաժողովի անդամներին եւս նիստի մասին տեղեկացվել էր գրեթե վերջին ժամվա ընթացքում: Նիստ անցկացնելու նպատակը բացատրեց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Նրա ասածից պարզ դարձավ, որ հանձնաժողովը չի ուզում իր վերջնական եզրակացության վրա որեւէ բիծ թողնել եւ պատրաստ է անել ամեն ինչ, որ պատմության մեջ մարտի 1-ի հանձնաժողովը մնա հնարավորինս անթերի եւ արդար: Հանձնաժողովի նախագահը երեկ հայտարարեց, որ մտադիր էր իր եզրակացությանը կցել նաեւ փաստահավաք խմբի՝ մինչ այժմ իրենց ուղարկած բոլոր զեկույցները, այդ թվում նաեւ՝ փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը: Հանձնաժողովը որոշեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի Ս. Սաֆարյանի եւ Ա. Քոչարյանի կողմից ներկայացված որոշ փաստերի ստուգմամբ եւ կգնա դրանց ետեւից: Հիշեցնենք, որ փաստահավաք խմբի անդամները ուշագրավ տեղեկություններ էին հաղորդել այն մասին, որ հանրապետության մի խումբ հայտնի օլիգարխներ, ովքեր նաեւ պատգամավորներ են, ՊՆ պահեստներից զինվորական բաճկոններ են ստացել մարտի 1-ի դեպքերի ժամանակ իրենց սափրագլուխներին հագցնելու համար: Աշխատանքային խումբը կմեկնի ՊՆ պահեստներ՝ տեղում պարզելու տեղեկությունները: Արամ Կարապետյանը դժգոհեց հանձնաժողովի այս որոշման դեմ եւ հայտարարեց, որ եթե փաստահավաքի անդամները հանկարծակի են գնացել եւ բան չեն տեսել, ուրեմն այս ամբողջ հրապարակայնությունից հետո ի՞նչ է ակնկալում հանձնաժողովը, պարզ չէ՞, որ ամեն ինչ թաքցված կլինի. «Եթե ստուգենք եւ ինչ-որ բան գտնենք, ուրեմն այս երկրում ինչ-որ կարեւոր բան է փոխվել»,- հայտարարեց Արամ Կարապետյանը, որն, ի դեպ, կարծում է, որ օլիգարխների եւ պաշտոնյաների խնդրո առարկա ցուցակը իսկապես գոյություն ունի: Աշխատանքային խմբում պարոն Կարապետյանը հրաժարվեց ընդգրկվել, իսկ Գուրգեն Արսենյանն այս հարցում իր ակտիվության պատճառով դարձավ խմբի անդամ: Սամվել Նիկոյանի առաջարկով խմբի անդամ դարձավ նաեւ Արտյուշա Շահբազյանը, իսկ Արամ Հարությունյանին առաջարկեց ինքը՝ խմբի ղեկավարը:

Սամվել Նիկոյանը հայտարարեց նաեւ, որ մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքների բացահայտման մասով իրենք դեռ անելիք ունեն եւ հենց դրա համար նախաքննության մարմնին երեկ խնդրել էին իրենց մոտ բերել զոհերից մեկի՝ Տիգրան Աբգարյանի բաճկոնը, որը զինվորի հագին էր եղել մարտի 1-ի գիշերը: Թե ի՞նչն էին ուզում տեսնել այդ բաճկոնի վրա, որ մեկուկես տարի չէին տեսել ոչ իրենք եւ ոչ էլ նախաքննական մարմինը, պարզ չէր, թեպետ պարոն Նիկոյանը հայտարարեց. «Լավ է մեկ անգամ տեսնել, քան 10 անգամ կարդալ եւ ոչինչ չհասկանալ»:

Փորձագետ Կարեն Ավագյանը եւ ՀՔԾ քննիչ Բագրատ Ադամյանը, ովքեր տոնավաճառային մոմլաթե տոպրակով խորհրդարան էին բերել զոհի բաճկոն-իրեղեն ապացուցը, որեւէ նոր բան չհայտնեցին: Փորձագետը նշեց, որ Տիգրան Աբգարյանի բաճկոնի օձիքի շրջանում մեկ կրակոցի ելքի վնասվածք է, եւ փորձաքննությունը չի կարող պարզել, թե կրակոցը ինչ զենքից է եղել, ինչ հեռավորությունից: Նա նույնիսկ չհաստատեց եւ չհերքեց, որ տվյալ բաճկոնը հենց Տիգրանինն է, ասաց՝ իրենց ներկայացրել են այս բաճկոնը եւ հայտնել, որ այն Տիգրան Աբգարյանինն է: Նաեւ ասաց, որ բացի ներկայացված բաճկոնից, իրենց որեւէ այլ բան չի ներկայացվել փորձաքննության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել