Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏԻԺԸ ՆՈՒՅՆԸ ԿԼԻՆԻ

Սեպտեմբեր 08,2009 00:00

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջարկում է լրագրողի եւ պաշտոնյայի հանդեպ բռնություն իրականացնողներին պատժել հավասարաչափ:

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը եւ Հեղինե Բիշարյանը «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» իրենց օրենսդրական նախաձեռնությունը նախորդ շաբաթվա վերջում ներկայացրել էին ԱԺ կրթության եւ գիտության մշտական հանձնաժողովում՝ առաջին ընթերցման ընթացակարգով: Տիկին Բիշարյանը նշել էր, որ նախատեսվող փոփոխությունների նպատակը բռնության ենթարկված լրագրողների եւ նրանց ընտանիքների անդամների շահերի պաշտպանությունն է: Սահմանվում են տուգանքներ եւ այլ պատժատեսակներ: Օրինագծի հեղինակները ընդունել են կառավարության բոլոր առաջարկները: Օրինագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային օրակարգերի նախագծում:

Հովհաննես Մարգարյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում որոշակի մանրամասներ ներկայացրեց իրենց հեղինակած նախագծից եւ ձեռքի հետ էլ իր դժգոհությունը հայտնեց որոշ լրատվամիջոցներից, որոնցում այս նախագիծը քննադատության էր ենթարկվել, եւ հավելեց, որ իրենց նպատակը լրագրողների շահերը օրենքով պաշտպանելն է եւ ոչ թե հակառակը, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք: Ըստ Հովհաննես Մարգարյանի, իր նախաձեռնությունը նպատակ ունի համապատասխանեցնել օրենքների որոշ հոդվածներ:

Պարոն Մարգարյանի ներկայացմամբ, համագործակցությունը լրագրողական տարբեր կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ հասարակական կազմակեպությունների հետ հիմք հանդիսացավ մի շարք օրինագծերի, որոնք միտված են ԶԼՄ-ների ներկայացուցիչների շահերի պաշտպանությանը. «Այդ նախագծերից են դեռ վերջերս ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը տարանջատում էր պաշտոնյայի զրպարտության համար հասանելիք պատիժը շարքային քաղաքացուն զրպարտելու համար հասանելիք պատժից: Առաջինի դեպքում պատիժն ավելի շատ է, քան երկրորդի դեպքում: Մենք հավասարություն մտցրեցինք, այսինքն՝ պատասխանատվության չափը երկու դեպքերի համար առաջարկում ենք նույնը: Փաստորեն, այս տրամաբանությամբ օրենքն արդեն գործում է: Հաջորդը, որ մենք ներկայացրել ենք, երկու նախագիծ է միանգամից: Մեկը՝ «ՀՀ քրեական դատավարության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է, մյուսը վերաբերում է այն հանգամանքին, որ «ԶԼՄ-ների մասին» օրենքում հստակ նշված է, որ լրատվական գործունեություն իրականացնող լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Իհարկե, նշված են մի շարք բացառություններ: Հայտնի է, որ լրագրողին դատարանի որոշմամբ կարող է պարտադրվել բացահայտելու տեղեկատվության աղբյուրը, «եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը»: Այս դեպքում լրագրողի միջնորդությամբ դատական քննությունն իրականացվում է դռնփակ»,- ասաց մեր զրուցակիցը: Ըստ Հովհաննես Մարգարյանի, իրենց առաջարկությամբ այս հոդվածը տեղափոխվել է նաեւ «Քրեական դատավարության մասին» ՀՀ օրենսգիրք: Դատական դռնփակ նիստեր անցկացնելու թվարկման մեջ վերոհիշյալ կետը չկա, եւ պատգամավորի առաջարկությամբ այն ավելացվելու է. «Երբ լրագրողին պարտադրվի բացահայտելու տեղեկատվության աղբյուրը, իմպերատիվ նորմ մտնի այստեղ, որպեսզի նիստը լինի դռնփակ: Իհարկե, նորից եմ կրկնում. սա պետք է լինի միայն լրագրողի կամքով: Լրագրողի իրավունքն է՝ կպահանջի դռնփակ նիստ, նիստը դռնփակ կանցկացվի»:

Պատգամավորի առաջարկությամբ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծում առաջարկվում է նաեւ «ՀՀ քրեական օրենսգրքի» 164-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ. «Նույն արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կամ գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամանակով»: Հովհաննես Մարգարյանը նկատեց, որ իր նախաձեռնությունը ուղղված է ի շահ լրագրողների. «Եթե համադրեք իմ ներկայացրած փաստերը, պարզ կտեսնեք, որ այս օրենքը բխում է միայն լրագրողների շահերից, եւ ես ուղղակի զարմանում եմ, երբ սա այլ կերպ են ընկալում: Չի եղել դեպք, երբ «Օրինաց երկրի» պատգամավորը եւ ինքս՝ Հովհաննես Մարգարյանս, որեւէ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնենք լրատվական դաշտի վերաբերյալ եւ այն ուղղված լինի ընդդեմ լրագրողների շահերի եւ իրավունքների»: Պարոն Մարգարյանը նաեւ հայտարարեց. «Ես պատրաստ եմ օրենքը ետ վերցնել, եթե լրագրողները կգտնեն, որ սա իրենց շահերից չի բխում, իրենց դեմ է: Ես այդ մասին ելույթ կունենամ առաջիկա նիստում, մամուլի ասուլիս կհրավիրեմ, եւ եթե, կրկնում եմ, լրագրողները դեմ լինեն, ես բոլորի կարծիքը հաշվի կառնեմ եւ օրենքը ետ կկանչեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել