Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴԻՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՄԱՆԴԱՏԻՑ

Սեպտեմբեր 08,2009 00:00

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը երեկ 20.30-ին «Առավոտի» հետ զրույցում պաշտոնապես հաստատեց այն լուրը, որը ողջ օրվա ընթացքում ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ-ների հարցումների՝ չէր հերքում ու չէր հաստատում, այն է՝ որ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ «Պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում»: Եվ Հովսեփ Խուրշուդյանը մեզ երեկոյան հայտնեց. «Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին: Եվ հրաժարականի պատճառն իր անձնական սկզբունքային մոտեցումն է ազգային կարեւորագույն հարցերի վերաբերյալ»: Մեր ենթադրությանն ի պատասխան, թե խոսքը վերաբերում է հայ-թուրքական վերջին զարգացումներին՝ «Ժառանգության» խոսնակը նշեց. «Ոչ, պետք չէ միայն հայ-թուրքականը շեշտադրել՝ ժողովրդավարությունը եւս ազգային խնդիր է: Իսկ ավելի համալիր՝ Րաֆֆի Հովհաննիսյանը լրացուցիչ պարզաբանումներ կտա առաջիկայում»:

Հիշեցնենք, որ դեռ գարնանը, երբ հերթական անգամ արծարծվում էր այն հարցը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ է բացակայում ԱԺ նիստերից, «25 րոպե» հաղորդաշարի հեղինակ Արմեն Դուլյանը նրան հարց ուղղեց, որ եթե չի մասնակցում նիստերին՝ ավելի ճիշտ չէ՞ր լինի տեղը զիջել «Ժառանգության» մեկ այլ ներկայացուցչի, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, թե աշնանը կքննարկեն այդ հարցը:

Նշենք նաեւ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականը սահմանված ընթացակարգերով անցնելուց հետո՝ ըստ «Ժառանգության» համամասնական ընտրացուցակի, մանդատ պիտի ստանա կուսակցության վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը: Նա տնտեսագետ է եւ ժամանակին անգամ գլխավորել է վիճակագրական ծառայությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել