Իրավագետ Հրայր Թովմասյանն անդրադառնում է ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հայտարարությունների մեջ առկա իրավական անճշտություններին:
ՀԱԿ-ը հայտարարությամբ մտահոգություն էր արտահայտել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններում առկա այն պայմանի առնչությամբ, թե այդ փաստաթղթերը պիտի վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից: Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն այս կապակցությամբ հայտնել էր. «Միջազգային հարաբերությունների պրակտիկայում ընդունված չէ դիվանագիտական հարաբերությունների մասին արձանագրությունները վավերացնել»:
Իրավագետ Հրայր Թովմասյանը մեր հարցին, թե արձանագրություններում առկա այդ պայմանը որքանո՞վ է համապատասխանում մեր օրենքներին՝ պատասխանեց. «Կանդրադառնամ միայն օրենսդրական մասին, իսկ թե դիվանագիտական հարաբերություններում ինչպես է կարգավորվում այս հարցը՝ դրա մասնագետը չեմ: ՀՀ Սահմանադրությունը նշում է այն միջազգային պայմանագրերը, որոնք պարտադիր ենթակա են ԱԺ կողմից վավերացման, բայց դա սպառիչ ցանկը չի: Սահմանադրությունը նշում է, որ այս ցանկը կարող է սահմանվել օրենքով, եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքը սահմանում է այդ ցանկը: Եվ այստեղ կա նման մի դրույթ, որ եթե կողմերը համաձայնագրով նախատեսում են այդ պայմանագրի՝ ԱԺ կողմից վավերացում, ապա այն եւս ենթակա է վավերացման»: Ըստ պրն Թովմասյանի՝ այսպիսով մի աստիճան բարձրանում է տվյալ փաստաթղթի կարգավիճակը՝ «Հրապարակայնությունը եւ ներկայացուցչական մարմնի կողմից դրա ընդունումն այդ փաստաթղթին կարծես թե ավելի մեծ ուժ են տալիս: Ինձ համար անհասկանալի է՝ մի կողմից մենք բողոքի ձայն ենք բարձրացնում, պահանջում այս արձանագրությունները դնել հանրաքվեի, մյուս կողմից էլ՝ ասում, թե ինչու է դա ենթակա ԱԺ կողմից վավերացման: ԱԺ կողմից վավերացումն, ըստ էության՝ մի աստիճան է, որն ընկած է կառավարության կամ ՀՀ նախագահի կողմից դրանց հաստատման եւ հանրաքվեի միջոցով դրանց ընդունմանը որեւէ վերաբերմունք ցույց տալու միջեւ: Եվ դրա համար պետք չէ քննադատել կառավարությանը՝ օրենսդրությունը նման հնարավորություն, անշուշտ, ընձեռում է: Ես համոզված եմ, որ եթե նման պայման նախատեսված չլիներ՝ մեղադրանք էր հնչեցվելու, թե կարեւորագույն փաստաթղթի վավերացման գործում կառավարությունը փորձում է շրջանցել Ազգային ժողովը»:
Խնդրեցինք նաեւ անդրադառնալ «Ժառանգության» հայտարարության այն դրույթին, թե այս արձանագրությունների վերաբերյալ դիմելու են Սահմանադրական դատարան՝ «ՀՀ Սահմանադրության տառին եւ ոգուն, այդ թվում՝ պրեամբուլայում ամրագրված նպատակներին նախաստորագրված արձանագրությունների համապատասխանությունը քննելու պահանջով»: Հարցին, թե մեր օրենսդրությունը նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ տալի՞ս է նման հնարավորություն՝ Հրայր Թովմասյանը (որն, ի դեպ, նախկինում «Ժառանգություն» կուսակցության անդամ էր ու 2003-ին «Րաֆֆի Հովհաննիսյան դաշինքի» 2-րդ համարը) պատասխանեց. «Ե՛վ Սահմանադրությունը, ե՛ւ մեր օրենքները բացառում են այդ հնարավորությունը: ՍԴ-ին ենթակա ակտերը հստակ սահմանված են Սահմանադրության 100 հոդվածում, եւ այնտեղ չկան նման փաստաթղթեր, այսինքն՝ նախաստորագրված արձանագրություններ: Ըստ այդ հոդվածի՝ ՍԴ-ն «մինչեւ միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է նրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը»: Խոսքն այն միջազգային պայմանագրերի մասին է, որոնք ենթակա են ԱԺ կողմից վավերացման: Նախաստորագրված արձանագրությունները ենթակա չեն ՍԴ կողմից քննության, բայց երբ կկնքվեն համապատասխան համաձայնագրերը՝ դրանք արդեն պարտադի՛ր ենթակա կլինեն սահմանադրական նախնական վերահսկողության: Այսինքն՝ մինչեւ ԱԺ-ին ներկայացնելը ՀՀ նախագահը պարտավոր է այս հարցով դիմել ՍԴ: Եվ երբ կլինի ՍԴ դրական եզրակացությունը, թե համաձայնագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրության, ըստ օգտագործված բնորոշումների՝ ոգուն, հոգուն ու տառին համապատասխան են, դրանից հետո նոր ԱԺ-ն, որպես քաղաքական մարմին, կտա գնահատական: ՍԴ իրավական գնահատականն այս համաձայնագրերի սահմանադրականության վերաբերյալ հնարավոր չէ շրջանցել՝ այսպես թե այնպես լինելու է, բայց դիմող սուբյեկտը ո՛չ կառավարությունն է, ո՛չ պատգամավորը, ոչ էլ մի քաղաքացի: Այս հարցով դիմող բացառիկ սուբյեկտը ՀՀ նախագահն է»: