Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՀՈՒՄ Է ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ

Սեպտեմբեր 08,2009 00:00

\"\"Ուստի՝ Հայ ազգային կոնգրեսի անդամ եւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի ասելով, թուրքական խորհրդարանը կվավերացնի նախաստորագրված երկու արձանագրություններն էլ:

– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող համատեղ հայտարարության եւ կից երկու արձանագրությունների հրապարակումից հետո եւս մեկ անգամ հստակ դարձավ, որ այդ հարցում Հայ ազգային կոնգրեսի ներսում միասնական դիրքորոշում չկա: Ու թերեւս դրանով էր պայմանավորված Կոնգրեսի տարածած շատ լակոնիկ եւ զուսպ հայտարարությունը: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը:

– Այո, ՀԱԿ-ում տարակարծություններ կան, բայց փոխարենը բոլորս միասնական ենք այն հարցում, որ այս կարգի հարցերը կարող է լուծել միայն ժողովրդի կողմից ընտրված, լեգիտիմ նախագահը, որ սա մեր պետականության առջեւ ծառացած այն բարդագույն հարցերից մեկն է, որն այս կարգի իշխանությունը, եթե նույնիսկ լեգիտիմ լիներ, իր մակարդակով ի վիճակի չէր լինի լուծել: Կոնգրեսում բոլորն այն կարծիքին են, որ չի կարելի թույլ տալ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել, որովհետեւ այս պահին դրա վնասն ավելի մեծ է, քան օգուտը: Ես մինչեւ հիմա էլ չգիտեմ՝ իրականում Սերժը փորձում է խնդիրը լուծե՞լ, թե՞ խաղալ դրա վրա: Եթե նրան թվում էր, թե թուրքերն ու ադրբեջանցիները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հողի վրա կգժտվեն, եւ հարցը շարունակություն չի ունենա, ապա դրանք միամիտ ու պարապ հույսեր են: Ըստ իս, թուրքերն ու ադրբեջանցիները հիմա իրականացնում են նույն ծրագիրը:

Իսկ ընդհանուր առմամբ, իմ դիրքորոշումն էլ այս հարցում մի քիչ տարբերվում է Կոնգրեսի շատ ներկայացուցիչների կարծիքից: Ես կարծում եմ, որ այսօր ՀՀ քաղաքացիները մի շարք պատճառներով՝ «Մարտի 1», անընդհատ կեղծվող ընտրություններ, օտարված են Հայաստան պետությունից, բայց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթերի հրապարակումից հետո նաեւ սփյուռքահայությունն է օտարվելու մեր պետությունից: Դրանով միանգամից սեպ է խրվում ՀՀ-ի եւ սփյուռքահայության միջեւ: Դրան կհետեւի այն, որ հայկական լոբբին իր տեղը աշխարհում կզիջի շատ արագորեն: Սրանից ավելի մեծ հարվա՞ծ: Սա վտանգավոր է, որովհետեւ արդյունքում Հայաստանը դառնալու է շատ խոցելի: Մյուս կողմից, չնայած իշխանություններն ասում են, թե նախաստորագրված արձանագրություններում ԼՂ հարցը չի շոշափվում, բայց ես վստահ եմ, որ այդ հարցը տողատակերում արծարծվում է: Եթե այս նույն փաստաթուղթը դառնար քաղաքական դատավարությունների քննարկման առարկա կամ ենթարկվեր լինգվիստիկ փորձաքննության, ապա իշխանությունն ինքն էլ կտեսներ, որ տողատակերում ԼՂ հարցը կարմիր թելի պես անցնում է, եւ ես վստահ եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների ու ԼՂ հիմնախնդրի կարգավորումը կոմպլեքս հարց է: Կարծում եմ, որ դա շատ արագ ի հայտ կգա, եւ չեմ բացառում, որ առաջիկայում կլինեն նաեւ ԼՂ հարցում նման կարգի հայտարարություններ կամ կստորագրվեն համաձայնագրեր:

– Այս օրերին քննարկման թեմա է նաեւ այն, թե արդյոք Թուրքիայի կամ Հայաստանի խորհրդարանները կվավերացնե՞ն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող արձանագրությունները: Ոմանք պնդում են, թե Թուրքիայի խորհրդարանը դա չի վավերացնի:

– Այդ պնդումները շրջանառության մեջ են դրել հենց հայաստանյան վերլուծաբանները: Ըստ իս, այս կարգի հարաբերությունները լիովին բխում են Թուրքիայի շահերից, որովհետեւ դրանով նախ՝ Թուրքիան հնարավորություն է ստանում բավարարելու տարածաշրջանում առաջատարի դիրքեր ստանձնելու իր հավակնությունները: Երկրորդ՝ դա կարող է արագացնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը, որովհետեւ այդ հարցում Թուրքիայի համար խոչընդոտ է նաեւ հարեւան երկրի հետ փակ սահման ունենալու հանգամանքը: Երրորդ՝ հայ-թուրքական հարաբերություններում որպես նախապայման դրված է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Դրա մասին հայտարարում են նաեւ թուրք պաշտոնյաները: Այսինքն՝ սա Թուրքիայի համար շահեկան է բոլոր տեսանկյուններից: Ինչ վերաբերում է մեր ԱԺ-ին, ապա ես համարում եմ, որ, բացառությամբ մի քանի հոգու, այն խամաճիկների խորհրդարան է եւ նույնիսկ առանց կարդալու կվավերացնի ցանկացած փաստաթուղթ, որը կներկայացնի Սերժ Սարգսյանը: Այսօր Հայաստանի անվտանգության համակարգը բոլոր առումներով պատրաստ չէ Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելուն, բաց սահմաններ ունենալուն, իսկ հիմա մենք ստիպված ենք փակ աչքերով գնալ դրան:

– Ասում եք՝ անպատրաստ ենք, բայց հայ-թուրքական հարաբերությունների, սահմանի բացման մասին խոսվում է արդեն մոտ մեկ տարի: Արդյոք այդ ժամանակաշրջանը այդ ուղղությամբ քայլեր անելու համար բավարա՞ր չէր:

– Ես համոզված եմ, որ Սերժը հավատացած է եղել, որ սա ընդամենը խաղ է, որին ինքը մասնակցում է, եւ իրականում հայ-թուրքական սահմանի բացումը շատ հեռու ապագայի խնդիր է: Բայց միջազգային հանրությունը դա լուրջ է ընդունել եւ ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը, ինչը բացարձակապես չի բխում մեր ազգային շահից:

– Հատկապես ի՞նչը չի բխում. սահմանի բացո՞ւմը, պատմական հարցեր քննարկող ենթահանձնաժողովի ձեւավորո՞ւմը, սահմանների ճանաչո՞ւմը:

– Կարծում եմ, որ հայ-թուրքական սահմանի բացումը որքան մեզ, առավել շատ պետք է Թուրքիային: Բայց այն գինը, որը մենք ենք վճարելու դրա դիմաց, համարժեք չէ այն հնարավոր օգուտին, որ մենք կարող էինք ունենալ: Խոսքը, օրինակ՝ պատմաբանների հանձնաժողով ձեւավորելու մասին է, որը բացարձակապես անընդունելի է, ինչպես անընդունելի է նաեւ ԼՂ հարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բաղկացուցիչ մաս դարձնելը: Ինչ վերաբերում է սահմանների ճանաչմանը, ապա ես չգիտեմ՝ Սերժն ինչ է ճանաչում, դա իր խնդիրն է:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ համատեղ հայտարարության մեջ նշված վեցշաբաթյա ժամկետում արագանան նաեւ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված գործընթացները:

– Առաջընթաց ակնհայտորեն լինելու է, գոնե պայմանավորվածությունների մակարդակով: Միգուցե աշխարհը ուզում է ապացուցել, որ հայ-թուրքական հարաբերությունները ԼՂ խնդրի կարգավորմամբ պայմանավորված չեն կամ որ դրանք փոխկապակցված չեն, բայց, կարծում եմ, դրանք կան ջենտլմենական պայմանավորվածությունների մակարդակով: Եվ եթե հիմա Սերժ Սարգսյանն իր գավառամտությամբ կարծում է, թե հայ-թուրքական հարաբերությունների հարցը կլուծի, իսկ ԼՂ հարցում էլի կխաբի կամ «կքցի», սխալվում է: Դա նրան չի հաջողվելու: Ինքը հիմա պիտի մտածի, թե ինչպես է դուրս գալու ստեղծված իրավիճակից եւ ոնց է ազգին համախմբելու: Ես չգիտեմ, թե նա դա ոնց է անելու, բայց եթե այդ ուղղությամբ քայլեր չանի, եթե նրա համար իր աթոռն ավելի թանկ պիտի լինի, քան մեր պետության ապագան, ապա կարծում եմ՝ նա լուրջ պրոբլեմներ կունենա ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ղարաբաղում, ե՛ւ Սփյուռքում, որոնց հետեւանքների մասին այս պահին չեմ էլ ուզում խոսել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել