Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՈՐԾՈՆ ԴԱՐՁՆԵԼ

Սեպտեմբեր 08,2009 00:00

\"\"Հարցազրույց նախկին Գերագույն խորհրդի ԱԺՄ-ական պատգամավոր Արամ Մայիլյանի հետ

– 20 տարի առաջ, երբ պայքարում էինք հանուն անկախ պետության ու պետականության՝ արդյոք ա՞յս էինք ուզում:

– Անկախությունը կապ չունի այն հասարակարգի հետ, որն այսօր գոյություն ունի Հայաստանում: Հարցի մեջ մեղադրանք եմ զգում՝ անկախությունն է մեղավոր: Անկախությունր մեղավոր չի, մեղավորը մեր պատմությունն է, մեր քաղաքական մտածելակերպը, մեր ժողովրդի քաղաքական մշակույթը կամ դրա բացակայությունը: Հենց այդ մշակույթի բացակայությունն էլ բերեց նրան, որ մենք անկախությունը չկարողացանք յուրացնել այնպես, ինչպես որ պետք էր:

– Հայաստանի առաջին նախագահի՝ մեծ քաղաքականություն վերադարձով արդյոք փորձ արվե՞ց վերականգնելու կիսատ թողածը, վերագտնելու այն արժեքները, որոնք այդպես էլ չյուրացրեցինք:

– Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ստանձնած մարդկանց միջեւ «սար ու ձորի» տարբերություն կա: Տեր-Պետրոսյանը քաղաքական կերպար է, Հայաստանի ներկայիս ղեկավարները քաղաքական կերպար չեն: Այդ առումով՝ իհարկե: Եթե ունես քաղաքական ղեկավար, ուրեմն երկրում որոշակի քաղաքական մշակույթ կստեղծվի: Տեր-Պետրոսյանի գալն ու փոփոխությունները բերելն արդեն ինքնին մի քայլ էր ճահճից դուրս գալու:

– Այդ մի քայլն արեցինք՝ ե՞ւ…

– Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ քայլն արեց, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ այդ քայլի վրա կանգ առավ: Նա կարող էր հեղափոխություն, նոր փոփոխություններ անել, կարող էր դա կանխել: Կանխեց:

– Ի՞նչն էր պատճառը:

– Ինձ թվում է՝ նախ՝ Տեր-Պետրոսյանը պատրաստ չէր հակառակորդի կողմից դաժան հակահարված ստանալուն: Ապա՝ նա թիմ չստեղծեց: Կարծում եմ, դեր խաղացին նաեւ նրա բնավորության որոշ գծեր՝ խաղաղասիրություն, ծայրահեղ պացիֆիզմ: Այս երեք հիմնական պատճառով, ըստ իս, նա ետ կանգնեց փոփոխությունների համարյա վերջին փուլից:

– Բայց հիմա ընդդիմությունն՝ ի դեմս առաջին նախագահի, շարունակում է պայքարը:

– Շարունակո՞ւմ է պայքարը… Պայքարը պետք էր շարունակել այն ժամանակ, երբ ալիք կար, եւ ողջ հասարակությունը փոփոխություններ էր պահանջում: Գուցե նորից ալիք ստեղծվի, բայց այս պահին շարունակություն չի երեւում: Պարզ է, այն ուժերը, որոնք անցած նախագահական ընտրություններում կարողացան հասարակության մեջ գերակայություն վերցնել, չեն հաշտվել, բայց դա չի նշանակում՝ պայքարում են:

– Որոշակի քաղաքական շրջանակներում համոզված են եւ հույս ունեն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փաթեթում կարծես թե առկա ազատագրված տարածքների հարցը առիթ կդառնա անհանդուրժողականության նոր ալիք բարձրացնելու:

– Իզուր հույսեր են: Հայաստանը հիմա շատ ավելի լուրջ բան ունի: Այսօր հայերի առաջ պատմությունը մի խնդիր է դրել՝ օգտագործելով ժողովրդի պոտենցիալը՝ պիրկ, ձիգ, 21-րդ դարի չափանիշներով հզոր երկիր ստեղծելու եւ այն գործոն դարձնելու: Այդ գլխավոր խնդրում մենք ձախողվում ենք: Մնացյալ բոլոր հարցերը, ներառյալ նաեւ հայ-թուրքական հարաբերությունները, ածանցվում են նրանից, թե ինչ պետություն ենք սարքում: Մի տեսակ լուրջ էլ չի ողջ քաղաքական հաշվարկն անել նրա վրա, որ այս իշխանությունը Թուրքիային զիջումներ կանի, ու արդյունքում մենք պետություն կկառուցենք: Ոչ մի զիջում էլ չեն անի, ուղղակի չեն կարող անել: Թեկուզ ամենապարզ նկատառումով՝ զիջում անողն այլեւս կզրկվի այն ամենից, ինչ ունի այսօր:

– Մարտիմեկյան իրադարձությունների միակ մեղավորը Ռոբերտ Քոչարյա՞նն էր:

– Եթե հրաման տվողը նա էր՝ անշուշտ, եթե՝ ոչ, միեւնույն է՝ մեղավոր էր, որովհետեւ ինքը նախագահ էր, ու իր երկրում նման բաներ էին կատարվում, ինքն էլ անտեղյակ էր: Բոլոր ճանապարհները դեպի նա են տանում, մանավանդ, որ այդ դեպքերից առաջ ինքը հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ եւ այլն:

– Իսկ ինչպե՞ս կգնահատեք նրա իշխանության 10 տարիները:

– Խորհրդային, միակուսակցական համակարգի կիսատ-պռատ վերականգնման տարիներ, որոնք ոչինչ չտվեցին: Մնացյալ բաները՝ անկախ ամեն ինչից, կլինեն: Մարդիկ ապրում են, ստեղծագործում: Կարծում եք՝ Սերժ Սարգսյանը, որ հիմա վերցրել է իշխանությունը, առաջընթաց չի՞ լինի: Կլինի, հո չենք կորի: Բայց երկիրը ուժեղ է նրանով, երբ այդ առաջընթացում պետությունն է իր դերը տանում, երբ հասարակությունն ու պետությունը համահունչ են գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել