Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Սեպտեմբեր 05,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ քսաներեքերորդ

 ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ

 Եվ երբ Դերոն ծիծաղելով գնաց, Գագոն Գեւորին հարցրեց՝ «կարող ա՞ էլի նեղացավ», եւ Գեւորն ասաց՝ «ի՞նչ նեղանալ. չտեսա՞ր՝ ոնց էր ծիծաղում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրանից ո՞վ ա գլուխ հանում. մեկ էլ տեսար՝ էլի նեղացավ», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «տուալետ գնաց», եւ Գագոն Սաքոյին հարցրեց՝ «պիվեն դու ես խմում, ինքն ա՞ տուալետ գնում», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը ցիստիտ ունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «շատ մունդառ հիվանդություն ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Սաքոյին հարցրեց՝ «ի՞նչ գիտես. կարող ա՞ դու էլ ունես», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարտադիր չի ունենաս՝ որ իմանաս», եւ Գագոն արհամարհանքով նայեց Սաքոյին ու ասաց՝ «փաստորեն, ամեն ինչ գիտես» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով հարցրեց՝ «որ ամեն ինչ գիտես՝ կարա՞ս մի հարցիս պատասխանես», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «կփորձեմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարա՞ս ասես՝ խի ա Դերոն մի գլուխ ուզում ինձնից ներողություն խնդրի», եւ Գեւորը խոսակցությանը խառնվելով ասաց՝ «էդ թեման փակենք, Գագ ջան», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «խի՞ փակենք», եւ Գեւորն ասաց՝ «էդ թեման շատ ցավոտ ա», եւ Գագոն հարցրեց՝ «ո՞ւմ համար ա ցավոտ», եւ Գեւորը պատասխանեց ու ասաց՝ «Դերոյի», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ինչո՞վ ա ցավոտ», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բերդում իրան սխալ են հանել», եւ Գագոն հարցրեց՝ «ինչի՞ համար», եւ Գեւորն ասաց՝ «մեկի հանդեպ Դերոն սխալ բան ա արել, հետո էդ մեկից ներողություն ա խնդրել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ սխալ բան ա արել, պիտի ներողություն խնդրեր» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «դրա մեջ ի՞նչ սխալ բան կա», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարզվում ա՝ կա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «գողականներն իրան սխալ են հանել, որ հարիֆից ներողություն ա խնդրել», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ հարիֆ», եւ Գեւորն ասաց՝ «ումից որ Դերոն ներողություն ա խնդրել, սովորական մարդ ա էղել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ընդեղ սովորական մարդկանց հարիֆ են համարում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ասում ես՝ իրան սխալ ե՞ն հանել», եւ Գեւորն ասաց՝ «հա. ասել են՝ որ հարիֆից ներողություն ես խնդրում, ուրեմն՝ դու էլ ես հարիֆ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա ի՞նքն ինչ ա ասել», եւ Գեւորն ասաց՝ «ասել ա՝ ավելի լավ ա իրա պես հարիֆ ըլնեմ, քան՝ ձեր պես գող», եւ Գագոն վախեցած հարցրեց՝ «էդ սխալ հանողները գող ե՞ն էղել», եւ Սաքոն միջամտելով ասաց՝ «իսկական գող չեն էղել, բայց սուտի գողական են գնացել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Գեւորին ասաց՝ «բերդում պիտի բերդի օրենքներով շարժվես», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ մի անգամ բերդ չեմ նստել», եւ Սաքոն Գեւորին ասաց՝ «չես նստել, բայց գողերի ու գողականների հետ ավելի շատ ես շփվել, քան՝ նստածները», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրանց հետ շատ եմ շփվել, բայց միշտ էլ աշխատել եմ ինձ իրանցից հեռու պահել», եւ Գագոն հարցրեց՝ «խի՞», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ ես էլ իրանց էդ օրենքները չեմ սիրում», եւ Սաքոն Գեւորին ասաց՝ «դու իրանց օրենքները չես սիրում, բայց իրանք քեզ լավ էլ սիրում ու հարգում են», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ իրա՛նց պրոբլեմն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես իրանց էդ օրենքներին չեմ կարա ենթարկվեմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու կարաս չենթարկվես, բայց Դերոն պարտավոր էր ենթարկվեր», եւ Գեւորը զարմացած հարցրեց՝ «խի՞ էր պարտավոր», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ բերդում էդ օրենքները շատ չոտկի են աշխատում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դու կարաս էդ օրենքներին չենթարկվես, որովհետեւ կյանքումդ բերդ չես նստել», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ էլ նստի», եւ Սաքոն Գեւորին ասաց՝ «որ մինչեւ հիմի չես նստել՝ էլ դժվար էլ նստես», եւ Գագոն պատառաքաղով խփեց ափսեին ու ասաց՝ «սատանի ականջը խուլ», եւ Սաքոն ասաց՝ «հետաքրքիր ա», եւ Գեւորը հարցրեց՝ «ի՞նչն ա հետաքրքիր», եւ Սաքոն ասաց՝ «էդքան իրանց հետ շփվել ես, բայց իրանց չես ընդունում», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ թե իրա՛նց չեմ ընդունում, այլ՝ իրանց էդ օրենքները» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ճիշտը որ ասեմ, իրանք էլ իրանց հոգու խորքում էդ օրենքների մեծ մասը չեն ընդունում», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց ենթարկվում են», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրանց մեջի ամենաուժեղները հեչ չեն էլ ենթարկվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ուժեղներն էդ օրենքները հնարել են, որ իրանցից ցածրներին ենթարկացնեն», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն դեպքում, էդ իրանց կյանքն ու իրանց աշխարհն ա», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շա՜տ կերազեին ուրիշ կյանք ու ուրիշ աշխարհ ունենային» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրանցից շատերը փոշմանել են իրանց ապրած կյանքի համար», եւ Գագոն Սաքոյին ասաց՝ «Գեւորն իրանց հետ ավելի շատ ա շփվել. որ ասում ա՝ պիտի հավատանք», եւ Գեւորն ասաց՝ «որ իրանց հետ շփված չըլնեի, էսօրվա օրով չէի հասկանա, որ բերդ նստելն էդքան ահավոր ա», եւ Սաքոն հարցրեց՝ «ինչո՞վ ա ահավոր», եւ Գագոն Սաքոյին ասաց՝ «որ նստեիր՝ կիմանայիր», եւ Գեւորը Գագոյին ասաց՝ «որ նստեր՝ հաստատ չէր իմանա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «նստած հելած մարդը չի կարա զգա՝ նստելու ընթացքում ինքն ինչքան ա փոխվել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «կողքից նայողն ա մենակ էդ փոփոխությունն զգում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «լրիվ ուրիշ մարդ են դառնում», եւ Գագոն ասաց՝ «Դերոյի պես», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «կակռազ Դերոն հեչ չի փոխվել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էրկու անգամ նստել ա, բայց համարյա չի փոխվել», եւ Գագոն հարցրեց՝ «բնավորությունը չի փոխվե՞լ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բնավորությունը կարող ա մի քիչ փոխվել ա, բայց հոգեբանությունը չի փոխվել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բնավորության իմաստով սաղս էլ շատ թե քիչ փոխվել ենք», եւ Սաքոն ասաց՝ «բնավորության իմաստով մենք ավելի ենք փոխվել, քան՝ Դերոն», եւ ես ասացի՝ «Կրիվոյի Նվերն էլ համարյա չի փոխվել», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Նվերի մասին բան չեմ կարա ասեմ. իրա հետ շատ մոտիկ չեմ էղել», եւ ես ասացի՝ «ինքն ու Դերոն իրար շատ նման են», եւ Սաքոն ասաց՝ «աշխարհում երկրորդ Դերո չկա», եւ Գեւորն ասաց՝ «Դերոն գալիս ա. էս թեման փակենք», եւ երբ Դերոն եկավ ու նստեց, Գեւորն ինձ ասաց՝ «Արմեն ջան, Դերոն էկավ, իրա կենացի վրա մի էրկու գրողական խոսք ասա», եւ Դերոն ասաց՝ «իմ կենացը չի. ընկերության կենացն ա», եւ Գեւորը Դերոյին հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ քո կենացը չի», եւ Դերոն ասաց՝ «Արմոն ասեց, որ ընկերության կենացն ենք խմում» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ զոռով կենացս խմեք», եւ Գեւորն ասաց՝ «զոռով ոչ մեկը չի կարա կենացդ խմի», եւ Դերոն մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «հեչ չեմ սիրում, որ կենացս խմում են», եւ Գեւորն ասաց՝ «չես ուզում՝ չենք խմի. կարող ա՞ զոռով կենացդ խմենք», եւ Դերոն սրտնեղած ասաց՝ «ես է՛լ եմ էդ ասում», եւ Գագոն Դերոյին հարցրեց՝ «խի՞ չես սիրում, որ կենացդ խմում են», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարտավոր չեմ ամեն ինչի համար բացատրություն տամ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ մեկը քեզնից բացատրություն չի պահանջում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ուղղակի՝ մի քիչ տարօրինակ ա», եւ Դերոն հարցրեց՝ «ի՞նչն ա տարօրինակ», եւ Գագոն ասաց՝ «որ չես սիրում, որ կենացդ խմում են», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն մարդ մի տարօրինակություն ունենում ա. էդ էլ ի՛մ տարօրինակությունն ա», եւ Գեւորը ծիծաղելով Դերոյին ասաց՝ «բայց դու ուրիշ տարօրինակություն էլ ունես, Դերո ջան», եւ Դերոն զարմացած հարցրեց՝ «օրինակ», եւ Գեւորը փռթկացնելով ասաց՝ «օրինակ՝ մաքուր օդում ծխելը», եւ մինչ Դերոն կմտածեր՝ ինչ ասի, ես Գեւորին ասացի՝ «ես է՛լ էդ տարօրինակությունն ունեմ», եւ Գեւորը ծիծաղելով ինձ հարցրեց՝ «դու էլ ե՞ս մաքուր օդում ծխում», եւ ես ասացի՝ «ես էլ չեմ սիրում, որ կենացս խմում են», եւ Գեւորը ծիծաղելով ինձ ասաց՝ «դու գոնե մաքուր օդում չես ծխում», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «երանի չէ՞ր՝ Արմենն էլ մաքուր օդում ծխեր» եւ ինձ նայելով ավելացրեց՝ «տնաշեն, էդքան ծխե՞լ կըլնի՝ որ դու ես ծխում», եւ Գեւորը ծիծաղելով ինձ ասաց՝ «գոնե մաքուր օդում ծխեիր», եւ Գագոն Գեւորին ասաց՝ «դու է՛լ Արմենից առանձնապես հետ չես մնում», եւ Սաքոն Գագոյին ասաց՝ «մեջներիս չծխողը դու ես», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ծխելը լավ բան ըլներ՝ երեւի ես էլ կծխեի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ծխողները չեն հասկանում, որ համ իրանց են վնասում, համ էլ՝ կողքի չծխողներին», եւ Սաքոն ասաց՝ «Դերոն հասկանում ա, դրա համար էլ դուս ա գալի՝ մաքուր օդում ա ծխում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Դերոն ավելի հասարակ բաներ չի հասկանում», եւ Դերոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ չեմ հասկանում», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «չես հասկանում, որ կենաց խմելու մեջ ոչ մի վատ բան չկա», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես չեմ ասել, որ կենաց խմելու մեջ վատ բան կա», եւ Գագոն հարցրեց՝ «բա նոր ի՞նչ էիր ասում», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես չեմ սիրում, որ անձամբ ի՛մ կենացն են խմում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ի՞նչ տարբերություն՝ ում կենացն են խմում», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ մեծ տարբերություն կա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ մի տարբերություն էլ չկա», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ համար կա», եւ Գագոն հարցրեց՝ «կարա՞ս բացատրես», եւ Դերոն բավական երկար մտածեց ու ասաց՝ «չէ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կյանքում բաներ կան, որ հնարավոր չի բացատրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բաներ կան, որ առանց բացատրելու պիտի հասկանաս», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «որ չբացատրես՝ ո՞նց կարանք հասկանանք», եւ ես խոսակցությանը խառնվելով ասացի՝ «ես հասկանում եմ», եւ Գագոն զարմացած ինձ հարցրեց՝ «ի՞նչ ես հասկանում», եւ ես ասացի՝ «հասկանում եմ՝ խի չի ուզում իրա կենացը խմեն», եւ Գագոն հարցրեց՝ «որ չի բացատրում՝ ո՞նց ես հասկանում», եւ ես ժպտալով ասացի՝ «կյանքում բաներ կան, որ առանց բացատրելու պիտի հասկանաս», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «որ հասկանում ես, բացատրի՝ մենք էլ հասկանանք», եւ ես ծիծաղելով ասացի՝ «կյանքում բաներ կան, որ հնարավոր չի բացատրել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «էդ ո՞նց ա, որ դու առանց բացատրելու հասկանում ես, բայց մենք չենք հասկանում», եւ ես ասացի՝ «որովհետեւ ես էլ չեմ սիրում», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ չես սիրում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չեմ սիրում, որ կենացս խմում են», եւ Գագոն հարցրեց՝ «խի՞ չես սիրում», եւ ես ժպտալով ասացի՝ «չեմ կարա բացատրեմ», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «կյանքում բաներ կան, որ հնարավոր չի բացատրել, Գա՛գ ջան», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «բաներ կան, որ առանց բացատրելու պիտի հասկանաս», եւ Գագոն մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «դուս ա գալի, որ սաղդ ամեն ինչ հասկանում եք՝ բացի ինձանից», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «արխային, Գագ ջան. ոչ մեկս էլ ոչ մի բան չենք հասկանում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու շիվարած հարցրեց՝ «ի՞նչ չեք հասկանում», եւ Գեւորը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «չենք հասկանում, թե ինչի Արմենն ու Դերոն չեն սիրում, որ իրանց կենացը խմում են», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեք հասկանում, բայց ցույց եք տալի՝ թե հասկանում եք», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «ուզում ենք խելոք էրեւանք», եւ Սաքոն ծիծաղելով ավելացրեց՝ «ուզում ենք հասկացող էրեւանք», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ես ու Դերոն մեղավոր չենք, որ չենք սիրում, որ մեր կենացը խմում են», եւ Գագոն արհամարհանքով նայեց ինձ ու ասաց՝ «գոնե դու մի խոսա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դու խոսալու տեղ հե՛չ չունես», եւ ես ժպտալով հարցրի՝ «խի՞ չունեմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ դու նույնիսկ ամենահասարակ բաները չես հասկանում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ չեմ հասկանում», եւ Գեւորը Գագոյից առաջ ընկնելով ինձ ասաց՝ «չես հասկանում, որ սոտըվի հեռախոսն անհրաժեշտություն ա», եւ Գագոն համաձայնվելով ասաց՝ «թեկուզ էդ», եւ ես ժպտալով ասացի՝ «առաջ չէի հասկանում, բայց հիմի արդեն հասկանում եմ», եւ Գեւորը հարցրեց՝ «ի՞նչ ես հասկանում», եւ ես ժպտալով ասացի՝ «հասկանում եմ, որ սոտըվին անհրաժեշտություն ա», եւ Գեւորը հարցրեց՝ «էդ ե՞րբ ես հասկացել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «մի կես ժամ առաջ», եւ Գեւորը զարմացած հարցրեց՝ «ո՞նց հասկացար», եւ ես ժպտալով ասացի՝ «որ Դերոյին սոտըվիով զանգեցիր ու կանչեցիր, սոտըվիի իմաստը լրիվ հասկացա» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «որ Դերոն սոտըվի չունենար, իրան չէինք կարա գտնեինք», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «դե լավ ա, որ գոնե ուշացումով հասկացար», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «լավ է ուշ, քան՝ ավելի ուշ», եւ Գագոն ինձ ասաց՝ «փաստորեն, որ Դերոն մաբիլնի չունենար, մաբիլնիի իմաստը չէիր հասկանալու», եւ ես ժպտալով ասացի՝ «ըտենց ա ստացվում», եւ Գեւորն ինձ ասաց՝ «սոտըվին ավելի կարեւոր հարցերում ա պետք գալի», եւ ես ժպտալով ասացի՝ «Դերոյի գալն իմ համար շատ կարեւոր հարց էր», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Դերոյի գալը սաղիս համար էլ կարեւոր էր, բայց կյանքում ավելի կարեւոր բաների համար ա սոտըվին պետք գալի», եւ Գագոն արհամարհանքով ինձ ասաց՝ «որ քո համար Դերոյի գալն ամենակարեւորն ա, դրա համար էլ մաբիլնիի կարեւորությունը մինչեւ էսօր չես հասկացել», եւ ես ժպտալով ասացի՝ «էսօր հասկացա» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «որ Դերոն հետ չգար, էսօրվա մեր էս հանդիպումը հարամվելու էր» եւ մի քիչ էլ մտածեցի ու ասացի՝ «որ Դերոն սոտըվի չունենար, իրան չէինք կարա գտնենք», եւ Գագոն արհամարհական նայեց ինձ ու ասաց՝ «ոնց որ մենք քեզ չկարեցանք գտնենք», եւ ես զարմացած հարցրի՝ «ինձ ե՞րբ չեք գտել», եւ Գեւորն ինձ ասաց՝ «մի ժամ ա բացատրում ենք՝ չես հասկանո՞ւմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ եք բացատրում», եւ Գեւորն ասաց՝ ««սոտըվի չունենալուդ պատճառով Գագոն, փաստորեն, խայտառակ ա էղել», եւ Սաքոն ինձ ասաց՝ «բոյովի հաշվով ա ասում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «որ իմանայի՝ Տանյան ու Գագոն ինձ ման են գալու, հաստատ սոտըվի կպահեի», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «ես գիտեի, որ մի օր ինձ ման եք գալու, դրա համար էլ սոտըվի էի պահում», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «տարոսը Արմենին» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «Գագոն Արմենի սոտըվի չունենալու պատճառով ահագին տուժել ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Գեւորին ասաց՝ «շատ հնարավոր ա, որ էլի տուժեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ նույն սիտուացիան կարող ա էլի կրկնվի», եւ Գեւորը Գագոյին հարցրեց՝ «կարող ա՞ էսքանից հետո էլ Արմենը սոտըվի չառնի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հարուր տոկոսով համոզված եմ, որ չի առնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ թարս նայելով ավելացրեց՝ «իրա անտարբեր վերաբերմունքն է՛դ ա ապացուցում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «կարամ գրազ գամ, որ ինքն էսքանից հետո էլ մաբիլնի չի առնի», եւ Սաքոն ծիծաղելով Գագոյին ասաց՝ «հըլը մեր գրազի տակից դուս արի, հետո նոր թազա գրազ արի», եւ Գագոն արհամարհական նայեց Սաքոյին ու ասաց՝ «ես սաղ գրազներիս համար ատվիչա եմ», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «Գագոն թավանի տակ մնացող տղա չի», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «կասկածող չկա», եւ Գագոն թարս նայեց Սաքոյին ու ասաց՝ «կասկածող եմ ման գալի», եւ Գեւորը ժպտալով Գագոյին ասաց՝ «դու ուրի՛շ բան պիտի ման գաս», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ պիտի ման գամ», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ձեւ պիտի գտնենք», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ ձեւ», եւ Գեւորն ասաց՝ «պիտի մի բան մտածենք», եւ Գագոն հարցրեց՝ «ինչի՞ հաշվով», եւ Գեւորը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Արմենի սոտըվիի հաշվով», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրա մաբիլնիի մասին ի՛նքը պիտի մտածի», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ինքը չի մտածում՝ ստիպված պիտի մենք մտածենք», եւ ես միջամտելով ասացի՝ «ոչ մի սոտըվի էլ չեմ ուզում», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «քո չուզելն ասնավանի չի», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչն ա ասնավանի», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «շատ հնարավոր ա, որ Վոլգոգրադի էդ նույն սիտուացիան մի անգամ էլ կրկնվի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու սարսափած ասաց՝ «Աստված չանի», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն ինչ էլ հնարավոր ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Գեւորին հարցրեց՝ «ի՞նչ խորհուրդ ես տալի», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ինքը չի ուզում իրա փողով առնի, ստիպված մենք պիտի իրա համար առնենք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարող ա ինքը մաբիլնի առնելու հնարավորություն չունի», եւ ես միջամտելով ասացի՝ «ունեմ», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու Գագոյին ասաց՝ «կարող ա հնարավորություն ունի, բայց ցանկություն չունի», եւ ես ժպտալով Գեւորին ասացի՝ «ճիշտ ես ասում» եւ ավելացրի՝ «որ սոտըվի էլ առնեք, մեկ ա, չեմ օգտագործելու», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պետք էլ չի, որ օգտագործես», եւ ես զարմացած հարցրի՝ «բա էդ սոտըվին ի՞նչ պիտի անեմ», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդքան բացատրում ենք՝ էլի չես հասկանում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ չեմ հասկանում» եւ Գեւորն ասաց՝ «չես հասկանում, որ սոտըվի ունենալդ ոչ թե քեզ ա պետք, այլ՝ մեզ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ Գագոյին» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ աչքով անելով ասաց՝ «կարող ա, չէ՞, էդ սիտուացիան նորից կրկնվի, ու օրերից մի օր էդ բոյովը նորից Գագոյին խնդրի, որ միացնի քեզ» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «ուզում ես մեր Գագոն նորից խայտառակ ըլնի՞», եւ Գագոն զզվանքով ինձ նայեց ու Գեւորին ասաց՝ «իզուր էլ էդքան բացատրում ես» եւ մի քիչ մտածեց ու սրտնեղած ավելացրեց՝ «տենում ես՝ չի հասկանում», եւ ես հարցրի՝ «ի՞նչը չեմ հասկանում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չես հասկանում, որ մարդ կարա անմեղ տեղը՝ ուրիշի պատճառով նիզաշտո խայտառակ ըլնի», եւ Գեւորը Գագոյին ասաց՝ «խանգարում ես», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ինչի՞ն եմ խանգարում», եւ Գեւորն ասաց՝ «չես թողում բացատրեմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու սրտնեղած ասաց՝ «ինչքան ուզում ես բացատրի, մեկ ա՝ չի հասկանա», եւ Գեւորն ասաց՝ «արդեն սկսում էր հասկանալ», եւ ես ժպտալով ասացի՝ «դուք էլ ի՛նձ չեք հասկանում», եւ Գեւորն ինձ ասաց՝ «դու բան չես ասում, որ հասկանանք կամ չհասկանանք», եւ ես ասացի՝ «չեք թողում ասեմ», եւ Գեւորն ասաց՝ «թողում ենք. դե ասա՝ տենանք ի՞նչ ես ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «որ սիտուացիան կրկնվի, ու Տանյան Գագոյին խնդրի, որ միացնի ինձ, Գագոն կարա զանգի մեր տուն» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «հիմի տանս համարը կգրեմ՝ կտամ Գագոյին», եւ Գեւորը զարմացած ինձ նայեց ու հարցրեց՝ «դու քո ասածին հավատո՞ւմ ես» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «դու ե՞րբ ես տունն ըլնում, որ խեղճ Գագոն կարենա քեզ բռնացնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «դու որ մի քանի օր տունը նստես, էդ «Տոտոներն» ու «Վիվարոներն» իրար հետեւից կփակվեն», եւ Սաքոն ծիծաղելով ավելացրեց՝ «երեւի «Եվրոֆուտբոլն» էլ փակվի», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «էդ ի՞նչ բաներ են», եւ Սաքոն բացատրեց ու ասաց՝ «էդ տեղերում ֆուտբոլի ու սպորտի մյուս տեսակների վրա ստավկեք են դնում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Սաքոյին հարցրեց՝ «էդ ասածդ տոտալիզատոր չի՞», եւ Գեւորը Սաքոյի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «մեր Գագոն շատ հետաքրքիր մարդ ա», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ինչո՞վ եմ հետաքրքիր», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «սոտըվիին մաբիլնի ես ասում, «Տոտոյին»՝ տոտալիզատոր», եւ Գեւորը Սաքոյին ասաց՝ «Ռուսաստանում ըտենց են ասում», եւ Սաքոն ինձ հարցրեց՝ «կարող ա՞ «Տոտոն» տոտալիզատոր բառից ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չգիտեմ», եւ Սաքոն ասաց՝ «գրող մարդ ես. պարտավոր ես իմանաս», եւ ես ասացի՝ «գրող եմ, ոչ թե՝ լեզվաբան», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «համ գրող ես, համ էլ՝ տոտալիզատորի մասնագետ», եւ ես Սաքոյին ասացի՝ «դու էլ պակաս մասնագետ չես», եւ Գեւորը զարմացած հարցրեց՝ «դու էլ ե՞ս էդ տեղերը գնում, Սաքուլ», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Արմոյի խելքին ընկա՝ մի քանի անգամ գնացի», եւ Դերոն Սաքոյին ասաց՝ «ի՞նչ մի քանի անգամ. մի տարուց ավել մինչեւ ականջներիդ ծերն էդ գործի մեջ խրված էիր», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարեւորն էն ա, որ դուս էկա», եւ Դերոն ժպտալով հարցրեց՝ «մտնելդ ու դուս գալդ վրեդ ինչքա՞ն նստավ», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մոտավորապես էրկու հազար», եւ Գագոն Սաքոյին հարցրեց՝ «էրկու հազար ի՞նչ», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «որ ասեմ դրամ՝ կհավատա՞ս», եւ Գագոն հարցրեց՝ «եվրո՞», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «էս Գագոն էլի սկսեց ռուսերեն խոսալ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հետաքրքիր ժողովուրդ ենք», եւ Սաքոն հարցրեց՝ «ինչո՞վ ենք հետաքրքիր», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ռուսաստան հարուստներն են տոտալիզատոր խաղում, ըստեղ՝ աղքատները», եւ Սաքոն զարմացած նայեց Գագոյին ու ասաց՝ «չհասկացա», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչը չհասկացար», եւ Սաքոն հարցրեց՝ «կարող ա՞ Արմոն ու ես աղքատ ենք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «համենայն դեպս, հարուստ էլ չեք», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «հարուստ որ չըլներ՝ էրկու հազար դոլար ո՞նց կկրվեր»։

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել