Հայաստանի արկածասեր հասարակությունը անսա՞նձ է
«Հայ երիտասարդները շատ վախկոտ են արկածը սիրելու եւ գնահատելու համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Նատուրա» տուրիստական ընկերության արկածային տուրերի բաժնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը: Նա հավաստիացնում է՝ ճամփորդության մեկնող յուրաքանչյուր մարդ ակնկալում է արկածներ. «Արկածային տուրերը ընդհանուր տուրերի ենթաբաժին են, դրանք քայլարշավներն են: Ամեն ինչ տեղի է ունենում քայլարշավների ժամանակ: Գոյություն ունի առարկա եւ երեւույթ. այսինքն՝ երեւույթը դա արկածն է. երբ մարդը գնում է քայլարշավների կամ վայրի արշավների, բնականաբար ենթադրվում է, որ ինքը պետք է հանդիպի նաեւ արկածների»:
Հովհաննեսի փոխանցմամբ, տուրիզմի մեջ գլխավորը քայլարշավներն են, որոնց ընթացքում էլ տեղի են ունենում արկածներ, հենց այդ պատճառով էլ քայլարշավները բնութագրվում են որպես արկածային տուրեր:
Արկածային եւ էքստրեմալ տուրերի տարբերության մասին էլ Հ. Մարտիրոսյանն ասաց. «Դրանք տարբեր են եւ շատ հարաբերական. մեկի համար մի բան կարող է արկած լինել, մյուսի համար՝ էքստրիմ»: Ինչ վերաբերում է արկածային տուրերի ընթացքում տեղի ունեցող հնարավոր վտանգներին, ըստ «արկածասեր» Հովհաննեսի՝ «Վտանգը միշտ եւ ամենուր է, բայց չի կարող այն աստիճան լինել, ինչպես ալպինիզմում է: Իսկ ալպինիզմը լեռնագնացությունից տարբերվում է սուր զգացողությունների առկայությամբ. ալպինիզմում սուր զգցողություն է առաջանում այն ժամանակ, երբ մեկը ժայռից կախված է եւ նրա պարանը գրեթե կտրվում է… Ձմռանը Հայաստանում շատ տեղեր կան, որտեղ կարելի է բքախեղդ լինել եւ ճանապարհը չկարողանալ շարունակել: Կամ մեկ ուրիշ դեպքում՝ հատուկ պահպանվող տարածքներում կամ արգելոցներում կարելի է հանդիպել արջի, որը կորցրել է իր քոթոթին: Սա արդեն արկած է…»:
Արկածային տուրերի եւ տուրիզմի հետ բացարձակ կապ չունեցող, մասնագիտությամբ մաթեմատիկոս եւ փիլիսոփա Հովհաննեսի բնորոշմամբ, արկածն ապրելու արվեստ է: Հարցին, թե ի՞նչ կապ ունի փիլիսոփան եւ մաթեմատիկոսը արկածային տուրերի հետ, մեր զրուցակիցը խոստովանեց. «Ե՛վ մաթեմատիկայի, ե՛ւ փիլիսոփայության մեջ գոյություն ունի մի կատեգորիա, որը կոչվում է ապրելու արվեստ: Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր ապրելու արվեստը: Իմը, օրինակ, արկածն է»:
Ինչպես նշում է Հովհաննեսը, հայերը արկածների մեծ սիրահար են: Ըստ նրա, հայաստանիցների համար քաղաքից դուրս գալն արդեն իսկ արկած է. «Քաղաքի ժողովրդի համար, երբ այցելում են արգելոցներ կամ լեռներ, ողջ ճանապարհը արկածներով է անցնում՝ սկսած քարերի վրա քայլելուց, ծառերից պաշտպանվելուց, մացառների, գետերի միջով անցնելուց…»:
Հայերի՝ արկածների հանդեպ ցուցաբերած հետաքրքրության մասին էլ ասաց. «Հայերի երկու կատեգորիա կա. մի տեսակը արկածի նկատմամբ բացարձակ անտարբեր է: Նրանք այն մարդկանցից են, որոնք ճանապահի կեսից հոգնում են՝ փնթփնթում, հրաժարվում ճանապարհը շարունակել: Այդ դասին պատկանող մարդիկ ավելի դաշտային, լանդշաֆտային կենցաղն են սիրում, քան լեռնային: Հայերը ընդհանրապես կապ չունեն լեռների հետ. սիրում են ուղղակի կոմֆորտ կյանք: Մենք լեռնային գոտի ենք համարվում եւ այդ ամենը պետք է հաշվի առնելով սիրեինք, գնահատեինք: Ինչպես ասում են՝ հայերը լեռներից կուշտ են: Եվ ոչ միայն կուշտ են, այլ զարմանում են՝ ինչո՞ւ է Հայաստանը այսպես անհարմար ապրելու համար, ինչո՞ւ պետք է անպայման այս լեռը բարձրանալ, ինչո՞ւ պետք է այս ամենը տեսնել… Բայց մեր երկիրը ոչ միայն պատերը, պանելներն են կամ քաղաքաշինությունը, այլ նաեւ բնությունը»,- նեղսրտում է Հովհաննեսը:
Մյուս խումբը, ըստ նրա, արկածախնդիր, ամեն ինչում եւ ամենուր արկած փնտրող մարդիկ են. «Այս տեսակ մարդիկ մեծ սեր եւ կապվածություն ունեն մեր լեռների հետ: Այդպիսիների մի մեծ խումբ ունենք: Նրանց հետ շփումից զգացվում է՝ այս երկիրը իրենց նմանների համար է»:
Ինչպես նշեց Հովհաննեսը, մարզերի բնակիչներն ավելի շատ դասվում են արկածային ճամփորդության սիրահարների առաջին տեսակին. «Մարզերի բնակիչները, տեսնելով. որ քաղաքն ընտրում է լեռներից հեռու կոմֆորտ կյանք, իրենք փորձում են նմանվել: Սակայն իրենց մոտ խեղաթյուրված է ստացվում, որովհետեւ իրենք լինելով լեռնային, ձգտում են իբր թե քաղաքակիրթ կյանքին, որը իրենցը չէ: Դա նկատելի է ե՛ւ ուսանողական շերտի, ե՛ւ այն շերտի մոտ, որն արդեն հաստատվել է քաղաքում»:
Հայաստանյան արկածային ճամփորդության նկատմամբ սփյուռքահայերի եւ օտարազգիների վերաբերմունքի մասով էլ նկատեց. «Մի տարբերություն կա. 50-ից բարձր օտարերկրյա կամ սփյուռքահայ յուրաքանչյուր ոք ուղեւորությունների, արշավների, քայլարշավների սիրահար է: Դրսում ավելի շատ ծերերի կողմից է ակտիվություն նկատվում արշավների նկատմամբ, իսկ այստեղ երիտասարդների շրջանում է այդպես»:
Հարցին, թե եղե՞լ են դեպքեր, երբ մասնակիցները դժգոհել են արկածների պակասից, Հ. Մարտիրոսյանը պատասխանեց. «Միշտ էլ գտնվում են մարդիկ, որ ամեն ինչում փորձում են վատը տեսնել: Կան մարդիկ, որ ողջ ճանապարհը արկածների միջով անցնելով, ասում են՝ բա ո՞ւր էր արկածը, ամեն ինչ հաղթահարեցի, դա արկա՞ծ էր, արկած չտեսա: Այսինքն՝ նրանց հոգեբանության մեջ նստած է, որ արկածը անհաղթահարելի մի երեւույթ է, որը մարդ չպետք է հաղթահարի: Հայերը նաեւ սովոր չեն լսել այն մարդուն, որն ուղղորդում է ողջ ճանապարհը: Չեն կարողանում հասկանալ, որ եթե ասվում է՝ այդ կողմ մի գնացեք, կամ այսպես անցեք, դա իրենց անվտանգության համար է: Մի անգամ ձմեռային արշավի ժամանակ, երբ բարձրանում էինք Արագածի հյուսիսային գագաթ, հետդարձի ճանապարհին վայր ընկանք մի երիտասարդի պատճառով. քարերի վրա բարակ սառույցի շերտ էր բռնել, նա ինձ չլսելով փորձեց սողալով իջնել, երբ տեսա նա չի կարողանում պահել իր հավասարակշռությունը, նետվեցի նրան բռնելու, բայց երկուսով գլորվեցինք ներքեւ՝ դեպի Արագածի խառնարանը: Դա բավական վտանգավոր էր, քանի որ այդ ողջ ընթացքում, մինչ մենք հարվածներով, օդի մեջ պտույտներով կգլորվեինք ներքեւ, մտածում էի, որ այլեւս չեմ ապրի»: Վերջում մեր զրուցակիցը հավելեց, որ արկածային ճամփորդություններ իրականացվում են ոչ միայն Հայաստանում, այլեւ Ղարաբաղում: