Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արագություն, էքստրիմ եւ ադրենալին

Սեպտեմբեր 05,2009 00:00

\"\"\"\"
\"\"\"\"
\"\"

Մոտոցիկլետային սպորտի ծնունդը սերտորեն կապվում է հենց մոտոցիկլետի հայտնագործման հետ: Դա համարվում է 1885 թվականը, երբ Գերմանիայում Գոտլիբ Դայմլերը հեծանվի վրա հարմարեցնելով ներքին այրման շարժիչ՝ փաստորեն ստեղծեց նոր փոխադրամիջոց: Այնուհետեւ մոտոցիկլետներ պատրաստվեցին Անգլիայում՝ 1887 թ., Ֆրանսիայում եւ Իտալիայում՝ 1893 թ.:

Սակայն առաջին մոտոցիկլետները սկզբնական շրջանում լուրջ խոչընդոտների հանդիպեցին: Օրինակ, մոտոցիկլետավարներին թույլատրվում էր երթեւեկել առավելագույնը ժամում 6 կմ, ավելի ուշ՝ 12 կմ արագությամբ: Իսկ 1895 թվականին Լոնդոնում ուժի մեջ մտավ մի օրենք, ըստ որի՝ այդպիսի մեխանիկական մեքենաների վարորդներին քաղաքում նոր սարքը վարել թույլատրվում էր միայն այն դեպքում, եթե դրա առջեւով վազում էր ցերեկը՝ ձեռքին դրոշակ, իսկ գիշերը՝ ջահ բռնած մարդ:

Աշխարհում առաջին ոչ պաշտոնական մրցումները կազմակերպվել են 19-րդ դարի վերջերին՝ Ֆրանսիայում, բայց այդ ժամանակ մոտոցիկլետի եւ ավտոմեքենայի միջեւ հստակ զատում չկար: Տարանջատումը կատարվեց միայն 20-րդ դարի սկզբին: Զուտ մոտոցիկլետային առաջին մրցումները կազմակերպվել են Հարավային Ամերիկայում (հողածածկ մրցուղի) եւ Անգլիայում (օղակաձեւ մրցուղի): Դրանից հետո մոտոցիկլետային սպորտը որպես առանձին մարզաձեւ մեծ տարածում ու զարգացում գտավ ամբողջ աշխարհում:

Ներկայումս մոտոսպորտի ամառային եւ ձմեռային մոտ 12 մրցաձեւերից անցկացվում են աշխարհի, մայրցամաքների առաջնություններ, միջազգային բազմօրյա մրցումներ: Դրանք բոլորն էլ դասվում են էքստրեմալ եւ մարդու կյանքին վտանգ սպառնացող մարզաձեւերի շարքը: Եվ բարձրակարգ մարզիկների՝ հսկայական քանակությամբ ադրենալին արտադրող զարգացրած արագությունները, բարդագույն ու ֆանտաստիկ հնարքներն են միլիոնավոր մարդկանց համախմբում մոտոսպորտի շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել