Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԼԵՔՍԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ. «ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ՄԻՋԱԴԵՊԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ»

Սեպտեմբեր 05,2009 00:00

Սեպտեմբերի 11-ին «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում մեկնարկում է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այս մարզաձեւից նման մակարդակի մրցում Հայաստանում առաջին անգամ է անցկացվում:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը մրցումների նախաշեմին պատասխանեց «Առավոտին» հետաքրքրող հարցերին:

– Ինչպես ասում են, օր գրեթե չի մնացել: Բոլո՞ր խնդիրներն են լուծված:

– Նախապատրաստական աշխատանքների առյուծի բաժինը կատարված է, եւ հիմա մենք դրանց ավարտական փուլում ենք: Մինչեւ առաջնության մեկնարկը՝ բոլոր խնդիրները կարգավորված կլինեն: Ինչ հարց հընթացս առաջանում է, անմիջապես նախարարների մակարդակով լուծվում է առաջնության անցկացման կառավարական կազմկոմիտեում:

– Ավելի կոնկրետ խոսենք՝ մարզադահլիճի ամբողջական պատրաստվածություն, տատամիներ, տեխնիկական սպասարկում, հեռարձակում, մամուլի կենտրոն, այլեւայլ սարքավորումներ, հանդերձարաններ եւ հազար ու մի այլ հարցեր, որոնցից ոչ մեկը ձյուդոյի եվրոպական միության համար մանրուք չէ:

– Բոլոր խնդիրները, արդեն ասացի, հիմնականում լուծված են: Իսկ ինչ դեռ պակասում է, մնացած օրերին կլուծվի: Համենայնդեպս, կառավարական կազմկոմիտեի անդամ բոլոր նախարարներն էլ դա վստահեցնում են: Այնպես որ, մինչեւ բացման օրը խնդիր չի լինի:

– Մենք խոսեցինք միայն ՄՀՀ-ում ստեղծված պայմանների մասին: Պակաս կարեւոր չեն նաեւ հյուրանոցների, տրանսպորտի, մարզումային դահլիճների, մասնակիցների անվտանգության եւ նմանատիպ մյուս հարցերը:

– Այստեղ էլ ամեն բան հաշվի է առնված: Սկսած դիմավորումից, մինչեւ ճանապարհում: Ամեն բան կազմակերպված է միջազգային չափորոշիչների պահանջներին համապատասխան:

– Քանի՞ երկիր է մասնակցության հայտ ներկայացրել:

– Ինչպես նախապես էինք հայտարարել՝ 40:

– Դա վերջնակա՞ն թիվ է:

– Հայտերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի վերջին օրն էր: Հնարավոր է, որ երկրների կամ մասնակիցների թվի նոր փոփոխություններ դեռ լինեն: Նման բաներ երբեմն պատահում են:

– Առաջնության մասնակիցներին եւ հյուրերին քանի՞ հյուրանոց է տրամադրվել:

– Վեց: Սակայն կենտրոնը «Անի Պլազան» է, որտեղ անցկացվելու է վիճակահանությունը, հրավիրվելու է մրցավարական նիստը եւ այլն:

– Ադրբեջանի հավաքականը հաստատ գալո՞ւ է:

– Այո: Այդ նպատակով մեկ օր առաջ Երեւան էին ժամանել Ադրբեջանի սպորտի եւ սոցապ նախարարները: Երկրորդը նաեւ նրանց ձյուդոյի ֆեդերացիայի նախագահն է: Նրանց ընդունեց մեր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը:

– Հարցերի ի՞նչ շրջանակ քննարկվեց:

– Հիմնականում՝ պատվիրակության անդամների անվտանգության: Սկսած հյուրանոցից, մինչեւ մրցումներ: Պարոն Գրիգորյանը բոլոր երաշխիքները տվեց:

– Նրանք ե՞րբ են ժամանելու եւ, եթե գաղտնիք չէ, ո՞ր հյուրանոցում են հանգրվանելու:

– Ըստ մեզ ներկայացրած նախնական գրաֆիկի, Ադրբեջանի պատվիրակությունը, ինչպես եւ Իսրայելը, ժամանելու է առաջիններից մեկը՝ սեպտեմբերի 8-ին: Նրանք բնակվելու են «Կոնգրես» հյուրանոցում: Դա իրենց ցանկությունն է, քանի որ այնտեղ է հանգրվանելու նաեւ Թուրքիան:

– Մե՞ծ պատվիրակություն է լինելու:

– Ընդհանուր առմամբ, 15 հոգի՝ հինգ մարզիկ, մարզիչներ, բժիշկ եւ երկու լրագրող:

– Որոշ լրատվամիջոցներ նշում են, որ նախարարների հանդիպման արդյունքում ադրբեջանական կողմի պահանջով ստորագրվել է մի փաստաթուղթ, որը կազմակերպիչ կողմին, այսինքն՝ Հայաստանին, լրացուցիչ պատասխանատվություններ ստանձնել է պարտադրել: Ասենք, չեմպիոն ունենալու դեպքում Ադրբեջանի ազգային դրոշի պարտադիր բարձրացումը, օրհներգի հնչեցումը, ընդհուպ, մինչեւ հանդիսականի պարտադիր ոտքի կանգնելը ու պատշաճ հարգանք դրսեւորելը:

– Ես ինքս էլ մասնակցել եմ այդ հանդիպմանը: Չեմպիոնի կամ մրցանակակրի պատվին օրհներգ հնչեցնելը եւ դրոշ բարձրացնելը պարտադիր է եւ այդ մասին խոսելն էլ՝ անիմաստ: Ինչ վերաբերում է հանդիսականին, ոչ մի երկիր չի կարող հարյուր տոկոսով խոստանալ, որ բոլորը մի մարդու պես ոտքի կանգնեն, մանավանդ, մեր երկրների հարաբերությունների պարագայում: Նույն ադրբեջանցի մարզասերները, արդյոք, Բաքվում չէի՞ն սուլում, էլ չեմ խոսում այլ բաների մասին, երբ ըմբշամարտի աշխարհի առաջնությունում երկու անգամ բարձրացվում էր Հայաստանի պետական դրոշը: Մենք հո դրան ըմբռնումո՞վ մոտեցանք: Այնպես որ, մենք ամենուր ապահովում ենք նրանց անվտանգությունը, ՄՀՀ-ում, մեդալակիր ունենալու դեպքում միջազգայնորեն պահանջվող կարգով բարձրացնում դրոշը, իսկ չեմպիոնի համար նաեւ՝ հնչեցնում օրհներգը: Սա սովորական պրոցեդուրա է: Իսկ ինչ վերաբերում է հայ մարզասերին, հավատում եմ, որ նա իրեն բոլոր առումներով արժանապատիվ կպահի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել