Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նարեկացի» արվեստի միության 5-ամյակն ու խնդիրները

Սեպտեմբեր 05,2009 00:00

  Ճանաչված արվեստագետները պետության աջակցությունն են ակնկալում

«Կառավարությունը անտարբեր է այն գործին, ինչ ծավալում է «Նարեկացի» արվեստի միությունը»,- երեկ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանը:

«Նարեկացի» արվեստի միությունն արդեն 5 տարեկան է: Ըստ Ն. Հարությունյանի, միությունը ստեղծված է ծառայելու հայ մշակույթին. «Մեր առաքելությունն է ստեղծել մի միջավայր, որտեղ կթեւածի միայն արվեստի ոգին: Սա արվեստի կենտրոն է, եւ ցավով պետք է նշեմ, որ անտարբերության է մատնված մեծահարուստների կողմից: Այստեղ փորձ է արվում համախմբել արվեստագետներին արվեստի տարբեր բնագավառներում՝ կինո, երաժշտություն, կերպարվեստ, գրականություն եւ այլն: Առաջնորդվում ենք բարեգործական հիմունքներով՝ կարեւորելով մշակութային եւ մարդկային մաքուր արժեքները, սակայն, ինչպես երեւում է, պետական այրերին դա այդքան չի հետաքրքրում: Մեղադրելու չէ, կարեւորն այն է, որ մենք աշխատում ենք մաքուր, հավատքով: Չնայած «Նարեկացի» արվեստի միությունն ունի ֆինանսական խնդիրներ, բայց այստեղ գործը եռում է»:

Կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը, ում հետ համագործակցության արդյունքում «Նարեկացի» միությունը թողարկել է ձայնասկավառակ, ասաց. «Երեւանն առանց այս կենտրոնի չեմ պատկերացնում: Առաջին անգամ ոտք դրեցի այստեղ 4 տարի առաջ: Լսել էի, որ գոյություն ունի նման միություն, բայց մտածում էի՝ նկուղային հարկում ի՞նչ մշակույթ պետք է պրոպագանդվի… «Նարեկացին» հիշեցնում է մի օազիս, որն իսկապես արվեստի կենտրոն է: Ժամանակն է, որ պետական հովանավորությամբ նրա մասշտաբներն ընդլայնվեն, թե չէ՝ արվեստն արդեն այստեղ ճնշվում է: Ըստ իս, նաեւ ժամանակն է, որ կենտրոնը դառնա պետական մշակութային կենտրոն: Զարմանալիորեն ակտիվ կերպով այստեղ պրոպագանդվում է հատկապես հայ երաժշտությունը: Միությունը հնարավորություն է ստեղծում տարածել հայկական երաժշտությունը»:

Միության դահլիճի փոքր լինելու մասին Ն. Հարությունյանը նշեց. «Երբ վերանորոգում էինք այս տարածքը, հանդիպեցի «Փարոս» հաշմանդամների երգչախմբին: Այդ հանդիպումից հետո շատ բան փոխվեց իմ մեջ՝ նախագծի ծրագիրը լրիվ փոխվեց՝ այնպես կառուցեցինք դահլիճը, որ հենաշարժողական խնդիրներ ունեցողները հնարավորություն ունենան այցելելու մեր կենտրոն: Մեր երկրում, դժբախտաբար, հնարավորություն չի ստեղծվել հաշմանդամների ելումուտը ապահովելու համար: Դա ինձ շատ հուզեց, եւ ես շատ ուզեցի, որ «Փարոս» երգչախումբը անպայման ներկա լինի մեր բացմանը եւ հետագա բոլոր միջոցառումներին նույնպես… Ընտրել ենք դժվար ճանապարհ, ու շատերը ոչ միայն մեզ չեն օգնում, այլեւ անխնա մերժում են»:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի բնութագրմամբ, գոյընթացն արդեն ենթադրում է հարատեւ պայքար. «Պայքար իր ազգային արմատները առողջ պահելու: Մենք իբրեւ երկրագնդի հին ազգերից մեկը, ունենք խնդիր արմատները առողջ պահելու: Ցանկացած նմանատիպ միության պես ազգային կառույցների մեջտեղ գալը անհրաժեշտություն է: Դրանք կմաքրեն ծայրահեղորեն վտանգված ազգային արմատը տարբեր տիղմերից ու փոշիներից եւ կպայքարեն ճիճուների դեմ: Սա անձնական կարողությունների հույսին մնացած ազգային կառույց է: Պետությունը պետք է սնուցի ազգային կառույցները, բայց վատ ավանդության կարգով «Նարեկացի» միությունը գոյատեւում է միայն սեփական միջոցների հաշվին»:

Երգիչ Արտո Թունչբոյաջյանն էլ նեղսրտեց. «Շատ վատ է, որ նման կառույցը ֆինանսի խնդիր ունի: Միշտ բոլորը վախենում են ուղիղ ասելուց. չի կարելի արհամարհել մշակույթ պրոպագանդող եւ տարածող կենտրոնը: Ես Նարեկ Հարությունյանի հետ միասին դիմել եմ բազմաթիվ անձնանց՝ աջակցության խնդրանքով եւ չոր մերժում ստացել: Նրանք կարող են շքեղ մեքենաների մեջ նստել ու ֆռֆռալ քաղաքով, իսկ արվեստի համար չունեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել