Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳՈՒՄԱՐԻ ՀԱՄԱՐ ՉԱՐԺԵ ԾԱԽՎԵԼ»

Սեպտեմբեր 05,2009 00:00

ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի «Մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի» ամբիոնի վարիչ Ալեքսանդր Քոչարյանը՝ սերիալների ու մշակութային քաղաքականության մասին:

Թատերական ինստիտուտի եւ Մանկավարժական համալսարանի դասախոս, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի «Մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի» ամբիոնի վարիչ Ալեքսանդր Քոչարյանը Մոսկվայում է պաշտպանել թեկնածուական դիսերտացիան: Երանությամբ է հիշում այն տարիներին այցելությունները Վախթանգովի թատրոն ու հանդիպումները վերջինի՝ հայկական արմատներով գլխավոր ռեժիսոր, թատերագետ Բորիս Զախավայի հետ: Պարոն Քոչարյանն ասում է, որ այն ժամանակ Մոսկվայում թատերականի 25 տեղի համար 3500 հոգի էր դիմում: «Ես Բորիս Եվգենիչին ասում էի՝ գիտե՞ք ի՜նչ ընտրություն կարելի է անել էդքանից: Ասում էր՝ եթե կարողանանք 25-ից գոնե 5-6 կարգին դերասան ստանալ, մեր նպատակն իրագործած կհամարենք»,- Մոսկվայում ապրած 70-ական թվականները հիշում է Ա. Քոչարյանը: Նա նշեց, որ նույն տարիներին դիմորդների պակաս Հայաստանում էլ չի եղել: Իսկ ինչպիսի՞ն է պատկերն այսօր: Պարզվում է՝ Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի համապատասխան բաժնում սահմանված 25 տեղի համար «պայքարել» է ընդամենը 18 դիմորդ: Նրանք էլ, մեր զրուցակցի խոսքով՝ գիտելիքներով առանձնապես չէին փայլում, ուստի ոչ բոլորին է հաջողվել ուսանող դառնալ: Ա. Քոչարյանը դիմորդների փոքր թվի պատճառը բացատրեց ոչ թե մասնագիտության նկատմամբ հետաքրքրության պակասով, այլ՝ «Նախարարության մեղքն է, որովհետեւ դիմումների ժամկետը մինչեւ հունիսի 1-ն էր դրել, բայց սովորաբար մինչեւ հունիսի 20-ն է լինում: Ամեն ինչ անում եմ, որ թատրոնները լցվեն գոնե պրոֆեսիոնալ կադրերով: Երաժշտական թատրոնի ուղղությամբ եմ փորձում մագիստրատուրա ընդունվողներին ուղղորդել, բայց ուսանողները ինչ-ինչ հովերով են տարված՝ հեռուստատեսությունն են նախընտրում: Մեր բաժինն ավարտում են՝ գնում հեռուստառեժիսուրա»:

Թատրոններում տիրող մթնոլորտից պարոն Քոչարյանը դժգոհ է. «Երկու խոշոր թատրոնները (նկատի ունի Գ. Սունդուկյանի անվան եւ Ազգային օպերայինը- Լ. Խ) չունեն գեղարվեստական ղեկավարներ: Թատրոնն այդպես գործել չի կարող: Ցավոք, օպերային թատրոնի իսկապես գլխավոր ռեժիսոր՝ Տիգրան Լեւոնյանից հետո չենք ունեցել: Մարդուն միայն մահից հետո սկսեցին մեծարել ու փառաբանել: Այդպես չէր կարելի…»: Մեր զրուցակիցը նշեց, որ անձամբ մշակույթի նախարարին ճանաչում է, բայց չի հասկանում. «Ինչո՞ւ, ո՞ւմ ազդեցությամբ աշխատանքից հանեց Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանին»: Ա. Քոչարյանին չի բավարարում մշակույթի նախարարության վարած քաղաքականությունը. «Նախարարությունը, ներողություն, մասնագիտական առումով երբեմն տեղում չէ: Վահե Շահվերդյանին հեռացնելու հարցը դրեցին, հանեցին: Հետո՞: Վահե Շահվերդյանը, ճիշտ է, շատ հարցերում կրկնում էր իրեն, բայց բեմադրությունները գոնե լուրջ էին: Մայր թատրոնը ո՞նց կարող է մնալ առանց ղեկավարի: Այդպես կարելի՞ է՝ որ ով, երբ, ոնց ուզի գա: Ո՞վ է փոխարինելու… Գոնե մեկին պետք է օգնական նշանակեր, հետո Վահեին հեռացներ»,- նշեց Ա. Քոչարյանը:

Մանկավարժականի ամբիոնի վարիչին ափերից հանում են նաեւ հեռուստասերիալները, չի համակերպվում այն փաստի հետ, որ իր լավագույն ուսանողը՝ Հարություն Մովսիսյանը դրանցից մեկում մաֆիոզի դերում է նկարվել. «Նա թատրոնի լավ դերասան էր, հարցնում եմ՝ քո հայրը, մայրը, եղբայրը մաֆիո՞զ են, պատասխանում է՝ ոչ: Իսկ դու ի՞նչ ես խաղում… Ասում եմ՝ ախր վաստակավոր դերասանը բեմում այնպես պիտի խաղա, որ հանդիսատեսը թատրոն մտնելու համար գլուխ ջարդի: Իսկ այն, ինչ կա մեր իրականությունում, որը նաեւ ներկայացվում է հեռուստատեսությունում՝ խայտառակություն է: Ոտնահարում են հայերենը, խոսում «արա»-ներով: Չեմ ասում, թե հեռուստատեսությունը պիտի միայն լավը ցույց տա, օրինակ՝ «Պեպո», բայց մեր կյանքում այնքան հետաքրքիր, զվարճալի բաներ են պատահում, դրանք կարելի է, չէ՞, ֆիլմ դարձնել: Օրինակ, վերջերս ինստիտուտում մի տղա աղջիկ էր փախցրել, չէին կարողանում տղային գտնել-բերել, որ բեմում խաղա… Ափսոսում եմ, որ ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները սերիալներում են երեւում: Գումարի համար չպիտի ծախվել, ի վերջո, կանանց էլ փողոցում կանգնելու համար գումար են տալիս, բայց բոլորը չէ, որ գնում են…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել