Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ ԿՀՎ-ն հետաքննություն է պահանջում

Սեպտեմբեր 05,2009 00:00

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը մամուլում հրապարակված գաղտնի տեղեկությունների արտահոսքի մի քանի սկանդալային դեպքերից հետո դիմել է ԱՄՆ արդարադատության նախարարությանը՝ խնդրելով պաշտոնական հետաքննություն անցկացնել: Այս մասին գրում է The Washington Times-ը՝ վկայակոչելով ԿՀՎ-ում իր անանուն աղբյուրները: Վերջիններիս ասելով, խոսքը մի գաղտնի ծրագրի մասին է, որի առնչությամբ ԿՀՎ տնօրեն Լեոն Պանետտան դեռ հունիսին զեկուցել էր ԱՄՆ Կոնգրեսին: Հենց այդ ծրագրի մասին տեղեկատվությունն էլ մեկ ամիս անց հրապարակվել էր ամերիկյան մամուլում: Այն ժամանակ հեղինակավոր մի շարք թերթեր, այդ թվում՝ The New York Times-ն ու The Washington Post-ը, վկայակոչելով ԿՀՎ-ում իրենց աղբյուրները, տեղեկացրել էին, որ հետախույզները ծրագրել են ոչնչացնել ահաբեկիչների առաջնորդներին՝ Xe մասնավոր թիկնապահական ընկերության միջոցով, որը նույն տխրահռչակ Blackwater-ն է, որն ավելի վաղ հայտնի էր դարձել խաղաղ քաղաքացիների սպանության գործով: ԿՀՎ-ի հունիսյան ծրագիրն այդպես էլ չէր աշխատել՝ ԿՀՎ ղեկավարը այն փակել էր, երբ տեղեկացել էր, որ դրա մասին հանրությունը տեղեկացվել է: Այդուհանդերձ, այդ չիրագործված ծրագիրը որոշակի հետեւանքներ էր ունեցել. «Ալ Քաիդան» իր «սեւ ցուցակում» ներառել էր Xe ընկերության ղեկավար Էրիկ Փրինսին՝ որպես ոչնչացման ենթակա անձ:

Սենատում հետախուզության հանձնաժողովի նախագահի տեղակալ Քրիստոֆեր Բոնդը հրաժարվել է լրագրողների հետ քննարկել պաշտոնական հետաքննություն սկսելու հնարավորության թեման, բայցեւ նշել է, որ տեղեկատվության արտահոսքի եւ հետախուզական գործունեությանը վերաբերող սկանդալները «անդառնալի վնաս են հասցրել» հետախուզական գործունեությանը: «Մեր դաշնակիցները՝ Եվրոպայից, Հարավային Ասիայից եւ Մերձավոր Արեւելքից, հարցնում են՝ ինչպե՞ս մենք կարող ենք վստահել գաղտնի գործեր՝ այն բանից հետո, երբ դրանք հայտնվում են մամուլում»,- ասել է Բոնդը:

Հ. Գ. «Առավոտի» երեկվա համարում «Քադդաֆին ուզում է վերացնել Շվեյցարիան» վերտառության տեղեկատվության մեջ տեխնիկական վրիպակ է տեղի ունեցել, որը ճշտելու հարկ կա: Հրապարակման առաջին տողերում «Լիբանանի նախագահ Մուհամար Քադդաֆին» բառերի փոխարեն պետք է կարդալ՝ «Լիբիայի նախագահ Մուհամար Քադդաֆին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել