Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանկապարտեզները փաստի առաջ են կանգնած

Սեպտեմբեր 05,2009 00:00

Տնօրենները պետությունից աջակցություն են խնդրում

«Առավոտի» երեկվա համարում «Մանկապարտեզները միլիոններով տուգանվել են» հոդվածում անդրադարձել էինք ավելի քան 50 մասնավոր մանկապարտեզների առջեւ ծառացած խնդրին, որը կապված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների հետ: Խնդիրն այն է, որ 2006-ից օրենքի փոփոխված տարբերակով սահմանվում է, որ նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման գործընթացը եւս պիտի լիցենզավորվի: Այս որոշումից հետո մանկապարտեզները գործել են մի քանի տարի, սակայն ո՛չ Պետեկամուտների կոմիտեն, ո՛չ էլ ԿԳՆ-ն նրանց տեղյակ չեն պահել լիցենզավորվելու մասին: Հենց այդ պատճառով էլ այժմ նշված մանկապարտեզները պիտի տուգանվեն 2006-2009 թվականների շրջանառության 50 տոկոսի չափով:

Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրերն էին տուժած մանկապարտեզների մի քանի տնօրեններ՝ թիվ 53 մանկապարտեզի տնօրեն Վաչագան Մարդոյանը, թիվ 60 մանկապարտեզի տնօրեն Սվետլանա Իսաբաբյանը, «Էլտառոզ» մանկապարտեզի տնօրեն Էլեն Մարդոյանը, թիվ 18 մանկապարտեզի տնօրեն Սվետլանա Թառլամազյանը, թիվ 55 մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Մատնիշյանը: Է. Մարդոյանը պատմեց. «Երբ նոր էինք բացում «Էլտառոզ» ՍՊԸ-ն, հետաքրքրվեցինք՝ ինչ թղթեր են պետք օրենքի սահմաններում գործելու համար: Կրթության նախարարությունից չասացին, որ գործունեությունն օրինականացնելու համար պիտի լիցենզավորվենք: Ախր, մենք հո ամեն օր չպիտի թերթենք օրենքը, թե երբ, որ օրը կառավարությունը ինչ որոշում ընդունեց: Ու այսպես, ապրիլին հարկային տեսչությունը ստուգումներ իրականացրեց մանկապարտեզում, արդյունքում պարզվեց, որ ամեն ինչ նորմալ է, պարզապես չունենք լիցենզիա: Ախր դրանից առաջ ոչ ոք մեզ չի ասել, որ անօրինական գործունեություն ենք իրականացնում, երբեւէ չարգելեցին, այնինչ, եթե չունեինք լիցենզիա՝ պիտի արգելեին գործունեությունը»:

«Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են որակում կատարվածը, արդյո՞ք դա կազմակերպված ակցիա է: Է. Մարդոյանը պատասխանեց. «Մինչեւ հարկային տեսչության ստուգումն իրականացնելը մարտին եկան Կրթության պետական տեսչությունից, տեսնելու՝ արդյո՞ք դաստիարակները համապատասխանում են պաշտոններին, թե՝ ոչ: Հետո եկան նախագահի վերահսկողության ծառայությունից: Մի խոսքով, 3 ամսվա մեջ 3 տեսչություններ մտան մանկապարտեզ՝ ստուգումների: Հարկայինը պարզեց, որ ոչ մի անօրինականություն չկա, ուղղակի իրենք էլ սրտացավ արտահայտվեցին, որ նամակ է եկել, որ բոլոր մասնավոր մանկապարտեզները, որոնք լիցենզիան ուշացրել են, պիտի տուգանվեն»: Է. Մարդոյանը պատմեց, որ օգոստոսի 13-ին ակտը դրվել է իր սեղանին, թե վաղը պիտի մուծեք գումարը, եթե ոչ՝ տուգանքը օրական կավելանա նախանշված տուգանքի 0.15 տոկոսի չափով. «Դա պարզապես շանտաժ էր, քանի որ իրականում օրենքով այդպիսի բան չի նախատեսվում»: Է. Մարդոյանը շարունակեց. «Հարկայինն ասում է, որ իրենք տեղյակ չեն, ուղղակի հանձնարարություն է եկել ցանկով ստուգել մանկապարտեզները: Հարկայինը մեղքը գցում է ԿԳՆ-ի վրա, ԿԳՆ-ն՝ հարկայինի: Ի վերջո, տարբեր տեղերից հայտնեցին, որ մուծումներն անենք, քանի որ դա նախագահի հրամանն է»:

«Առավոտի» տեղեկություններով, մասնավոր այս մանկապարտեզներ են հաճախում տարբեր օլիգարխների եւ պաշտոնյաների երեխաներ: Օրինակ՝ թիվ 53 մանկապարտեզ են հաճախում Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի 2 դուստրերը, «Փեթակի» Վարուժան Գրիգորյանի 5 թոռները, Արթուր Բաղդասարյանի եղբոր երեխաները, Ղազախստանի, Իտալիայի դեսպանների դուստրերը եւ այլ գործարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներ: Լրագրողներին հետաքրքրեց՝ արդյո՞ք կատարվածը նրանց չի մտահոգում: Վ. Մարդոյանը պատասխանեց. «Զարմանալի է, բայց նրանք ոչինչ անել չեն կարող: Բոլորը պնդում են, որ նախագահի հրամանն է: Նամակ ենք ուղղել պարոն նախագահին եւ գրել, որ պետական բյուջեն լցնելու այս մեթոդն անարդարացի է: Այսպիսով ոտնահարվում են նաեւ ծնողների եւ երեխաների իրավունքները: Մեզ մոտ ծնող կա, որ աշխատում է «ԱրմենՏելում», ստանում 250 դոլար աշխատավարձ, բայց աշխատավարձի կեսը տալիս եւ երեխային բերում է մեզ մոտ, ուստի սա միայն սոցիալական հարց չէ: Դիմել ենք նաեւ վարչապետին: Ինչո՞ւ ժամանակին չէին զգուշացնում, մեզ պատասխանում են, որ չգիտեին, բայց գիտեին, ուղղակի փնթի են եղել: Չէ՞ որ ռեգիստրում գրված է գլխավոր գործունեության տեսակը՝ զբաղվում է երեխաների կրթությամբ: Մյուս կողմից էլ այդ ինչպե՞ս է, որ նորանշանակ նախարար Արմեն Աշոտյանը ամեն բառի փոփոխություն շրջաբերականով ուղարկում է մեզ: Չէր կարո՞ղ նախորդ նախարարն էլ այսպես նրբանկատ աշխատել»: Մանկապարտեզների ղեկավարների միակ հույսն այն է, որ ՀՀ նախագահը ուշադրություն կդարձնի իրենց խնդրին:

Վ. Մարդոյանը այլ լուծում էլ է առաջարկում. «Կա փոքր եւ միջին բիզնեսի աջակցության ֆոնդ: Եթե ընդհանուր տուգանքը՝ 100 միլիոնը, պետությունը այդ ֆոնդից վճարի մեր փոխարեն, ապա մենք այդ աջակցությունը ստանալով՝ ավելի կզարգացնենք համակարգը, եւ մասնավոր մանկապարտեզների թիվը 10 տարուց կկրկնապատկվի»: «Էլտառոզի» տնօրենն էլ այսպիսի առաջարկ ունի. «Թող գոնե մեզ տան 3-5 տարի ժամանակ՝ գումարը մարելու համար: Բայց դա էլ չեն անում, հղում են անում օրենսգրքին, թե տրված է 6 ամիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել