Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վրաստանը վախենում է լեզվի կարգավիճակից

Սեպտեմբեր 05,2009 00:00

\"\"ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի՝ ՀՀ դիվանագիտական առաքելություն իրականացնող անձանց հետ հանդիպման ժամանակ Ջավախքի հարցի բարձրացումը շրջադարձային իրադարձություն կարելի է համարել Հայոց նորանկախ Հանրապետության պատմության մեջ։

Չնայած խիստ ուշացած, սակայն ՀՀ-ն, հանձինս երկրի առաջին դեմքի, աշխարհին ավետեց, որ ջավախահայությունն իր հայրենի հողի վրա ապագա ունի միայն այն դեպքում, երբ հայոց լեզուն փաստացի գործածվելուց բացի, ունենա նաեւ իրավական ուժ։ Իրականում Վրաստանի ղեկավարությունը առավել շատ վախենում է լեզվի կարգավիճակից, քան ինքնավարության տրամադրումից, քանի որ հայոց լեզվին իրավական կարգավիճակի շնորհումը միանգամից լուծում է մի քանի՝ ե՛ւ սոցիալ-տնտեսական, ե՛ւ մշակութային, ինչպես նաեւ արտագաղթին ու աշխատատեղերին առնչվող հարցեր։ Այդ իմաստով ՀՀ նախագահը խփել է ուղիղ նշանակետին, քանի որ Ջավախքում հայոց լեզվին իրավական կարգավիճակի շնորհումը ջավախահայության փրկության իրական բանալին է։ Ջավախքի մշակութային-հոգեւոր կյանքում մեծ նշանակություն ունի նաեւ կրոնական հարցի կարգավորումը, որը նաեւ հայոց սեփականությունը կդարձնի մինչ այժմ իրավականորեն անտեր մնացած, կամ Վրաստանի հոգեւոր վերնախավի կողմից բռնազավթված, կամ «վիճելի» մի շարք հոգեւոր կոթողներ ու եկեղեցիներ, ուստի պակաս կարեւոր չէր նաեւ ելույթի մնացած՝ ՀԱԵ Վիրահայոց թեմին իրավական կարգավիճակի հարցի բարձրացման մասը։

ՀՀ նախագահը համայն աշխարհի առջեւ խոսեց նաեւ ինտեգրման այնպիսի ձեւի մասին, որն անմիջականորեն բխում է Ջավախքի շահերից։ Ելույթն իսպառ ոչնչացրեց մինչ այժմ տիրող այն կարծրատիպը, թե Ջավախքը հայկական սովորական համայնք է։ Հասարակությանը ներկայացվեց Ջավախքի իրական խնդիրն ու վերջինս Վրաստանի կազմում գործոն ու սուբյեկտ դառնալու կարեւորության մասին։

Իսկ Մեղրի-Բաթում հյուսիս-հարավ մայրուղու շինարարության հիշատակումը անփոխարինելի դարձրեց Ջավախքի ռազմավարական նշանակությունը ՀՀ-ի ու տարածաշրջանի համար։

Ջավախահայությունը ոգեւորություն է ապրում ՀՀ նախագահի ելույթից հետո, սա խոսում է այն մասին, որ ՀՀ-ի անգամ ամենափոքր ու ոչ նյութական ուշադրությունը մեծապես կարող է փոխել իրադրությունը Ջավախքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել