«Հուրախություն բոլորիս՝ ասեմ, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացարձակապես սոցիալական առումով չի անդրադառնալու մեր քաղաքացիների վրա. սոցիալական ոլորտի համար նախատեսված պետական բյուջեի միջոցները չեն կրճատվել»,- երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում իր 100 օրվա առիթով հրավիրած ասուլիսում ասաց նախարար Գեւորգ Պետրոսյանը: Հանրապետության մի շարք ձեռնարկություններում, ճգնաժամի հետեւանքով, աշխատանքից զանգվածային կրճատումների մասին լուրերը նախարարը անհիմն համարեց՝ ասելով, որ կրճատումները կանխելու նպատակով կառավարությունը որոշ ընկերությունների մեծ գումարներ է տվել. «Անհատական ազատումներ եղել են, դա գործատուի իրավունքն է»: Գ. Պետրոսյանը նաեւ ասաց, որ նախորդ ամիսների ընթացքում ընտանեկան նպաստի համակարգում բացահայտվել է շուրջ 17 հազար ընտանիք, որոնք սոցիալական կեղծ տվյալներով տարիներ շարունակ նպաստներ են ստացել.
«Հետեւողական աշխատանքների արդյունքում բացահայտվել են այդ ընտանիքները եւ դադարեցվել նրանց վճարվող նպաստները, ավելի վճարված գումարները որոշակի պարբերականությամբ հետ կգանձվեն այդ ընտանիքներից»: Նախորդ 3 ամիսների ընթացքում աշխատանք փնտրողների ոլորտում բացահայտվել են նաեւ կեղծ գործազուրկների գրանցման փաստեր:
Նախարարությունը արձանագրել է նաեւ պետբյուջեի վատնման դեպքեր:
Նախարարը հույս հայտնեց, որ առաջիկայում կավելացվի նաեւ նվազագույն սպառողական զամբյուղի չափը: «Այսօր այն չի ապահովում մարդու բնականոն կյանքն ու կենսամակարդակը: Ճգնաժամի հետեւանքները աստիճանաբար հեռանան մեզանից՝ առաջնահերթ այդ հարցով ենք զբաղվելու»,- վստահեցրեց նախարարը: Նվազագույն աշխատավարձերի հնարավոր բարձրացման մասին խոսելիս էլ նախարարն ասաց, որ հեռու է մնում ավելորդ լավատեսությունից: Գ. Պետրոսյանի խոսքերով, նախարարությունը հանդես է եկել օրենքի փոփոխման առաջարկներով ու ծրագրերով՝ հատկապես հաշմանդամների ու տարեցների մասով: