Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվս մեկ բարեկարգ դպրոց

Սեպտեմբեր 05,2009 00:00

\"\"Արդեն 3-րդ ծրագիրը՝ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի տեղական մարմինների եւ Գերմանիայի «Հայ գործարարների միության» համատեղ ջանքերով նորոգվում էր եւ երեկ հանդիսավորությամբ բացվեց ՀՀ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի Հարություն Ճուղուրյանի անվան դպրոցը: Ավելի քան 250 աշակերտ ունեցող դպրոցի շենքը կառուցվել է 1973 թվականին եւ առայսօր չէր նորոգվել: Շենքի հիմնանորոգման աշխատանքներից բացի, բարեկարգվել է նաեւ դպրոցի բակը, ասֆալտապատվել դպրոց տանող ճանապարհը:

Խաշթառակցիները ամեն ինչ արել էին՝ օտար ափերից, Հայաստանի մայրաքաղաքից եւ մարզկենտրոնից եկած հյուրերին հավուր պատշաճի դիմավորելու համար: Նորոգված ճանապարհի սկզբնամասում հյուրերին դիմավորեցին աղուհացով, ծաղիկներով ու հայկական զուռնա-դհոլով, իսկ արդեն դպրոցի բակում՝ ծաղիկներով եւ զինվորական նվագախմբով:

Դպրոցի բացմանը մասնակցում էին ինչպես Հայաստանի գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներն ու մարզի ղեկավարությունը, այնպես էլ դպրոցի բարեկարգման համար ջանքեր ներդրած եւ հանգանակություն կազմակերպած սփյուռքահայ բարերարներ Ժիլբեր Մոմջյանը, Ավետիս Կիզիրյանը, Մուրադ Սքյուզը, Արման Դերդերյանը: Բարեկարգ դպրոցի կահավորումն էլ ապահովել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Ավստրիայի տեղական մարմինը, տրամադրելով սեղան, աթոռ, գրապահարան, գրատախտակ, համակարգիչ, հատուկ լաբորատոր սեղան: Նորոգման եւ կահավորման համար ծախսվել է ընդամենը 180 միլիոն դրամ:

Հիմնադրամի՝ Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանը բացման արարողության ժամանակ նկատեց, որ առաջին անգամ է, երբ Գերմանիայի հայ համայնքները միավորվել են հանուն մեկ նպատակի:

Բացի շենքի նորոգումից, սփյուռքահայ բարերարները՝ այս անգամ Հիմնադրամի՝ Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ջանքերով, Խաշթառակի եւ հարեւան Լուսահովիտ ու Լուսաձոր գյուղերի ավելի քան 350 աշակերտների նվիրել էին պայուսակներ եւ գրենական պիտույքներ:

Հիշեցնենք, որ դպրոցի հիմնանորոգումը այս տարի Խաշթառակ գյուղում՝ «Հայաստան» հիմնադրամի ավարտած երրորդ ծրագիրն է: Գարնանը բացվեց մոտ 1500 բնակիչ ունեցող գյուղի հիմնանորոգված բուժկետը, գյուղը գազիֆիկացվեց: Այս պահին ընթացքի մեջ է Խաշթառակ, Լուսահովիտ, Դիտավան գյուղերի ոռոգման համակարգի վերանորոգումը: Աշխատանքների ավարտին, ամենաուշը 2010-ի գարնանը, շուրջ 600 հեկտար հողատարածք կունենա շուրջօրյա ջրամատակարարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել