Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՂԱՑԱԾ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՄՈԶԵՑ

Սեպտեմբեր 05,2009 00:00

\"\"Հնդկաստանից գոմեշի միս ներկրողները վարչապետի վերջին հրահանգի հետ կապված՝ լուրջ դժգոհություններ ունեին

Մսի որակի նկատմամբ ուժեղ հսկողություն սահմանելու մասին վարչապետի վերջին հայտարարությունից հետո, Հնդկաստանից գոմեշի միս ներկրող հայկական ընկերությունները լուրջ դժգոհություններ ունեին: Մասնավորապես, ինչ գյուղատնտեսության նախարարությունն ասել էր, որ Հնդկաստանում ընդամենը 4 ձեռնարկություն ենք ստուգել եւ թույլ ենք տալու մեր երկիր միս ներկրել միայն այդ ձեռնարկություններից, ներկրողները կասկածներ ունեին, որ այս ամբողջ աղմուկը՝ սատկած գոմեշի միս բերելու շուրջ, բարձրացել է՝ մոնոպոլիա ստեղծելու համար. «Ուզում են արգելեն ուրիշ ձեռնարկություններից առեւտուր անելը, որ միայն իրենց նշածներից միս ձեռք բերենք ու շուկան էլ իրենք թելադրեն»:

Երեկ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն այսպիսի շահարկումներից խուսափելու համար խորհրդակցություն էր հրավիրել Հնդկաստանից միս ներկրող բոլոր խոշոր ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու նրանց դժգոհությունները: Խորհրդակցությանը ներկա էր նաեւ «Առավոտը»: Նախարարի խոսքերով՝ «Ներմուծողները կարող են միս գնել Հնդկաստանի ցանկացած ընկերությունից, բայց՝ գյուղնախարարության տեսուչի հետ միասին այնտեղ ստուգումներ անցկացնելուց հետո: Մեր պատվիրակությունը գործուղման ընթացքում հասցրել էր ստուգել միայն 4 ընկերություն, բայց դա չի նշանակում, որ այդ 4-ից բացի, նրանք ուրիշ տեղերից չեն կարող միս գնել, այնպես որ, մենաշնորհային դաշտ ստեղծելու մասին ձեր շահարկումները տեղին չեն»: Տնտեսվարողները գտնում էին, որ նախարարության տեսուչին Հնդկաստան գործուղելն ու այդ ծախսերը կիսելը լրացուցիչ խնդիրներ է ստեղծելու իրենց համար. «Մենք կարող է մի անգամ տեսուչին տանենք, դրական պատասխան տա, մեկ ամիս հետո ուզենանք փոխել մեր պարտնյորին, նորից պիտի տեսուչին տանենք ստուգումների, այդպես՝ ամբողջ տարին Հնդկաստանում կարող ենք անցկացնել»:

Գոմեշի մսի հետ կապված, կառավարության նիստի ժամանակ վարչապետին ցուցադրվել էին հնդկական «Նագանա» ձեռնարկությունում հակահիգիենիկ պայմաններում սատկած գոմեշի մսերի սարսափելի կադրեր, եւ դրանից հետո էր, որ վարչապետը հրահանգեց խիստ վերահսկողություն սահմանել: Ներկրողները նախարարին դժգոհում էին, որ իրենք այդ «Նագանայի» անունն առաջին անգամ են լսում, որ նրանց հետ չեն աշխատում, հետեւաբար չէր կարելի վարչապետին այնպես ներկայացնել, որ վերջինս նման խնդիրներ ստեղծեր իրենց բիզնեսի համար: Խոշոր ներկրող «Մոկոնաթ» ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ «Դուք նպատակային եք գնացել հենց «Նագանա», սատկած մսերը նկարել ու հետ եկել, ինչո՞ւ այն ընկերությունները չեք գնացել, որտեղից հայկական ընկերությունները միս են գնում, օրինակ, ես բերում եմ «Միրա» ձեռնարկությունից»: Հնդկաստան ստուգումների մեկնած հայկական պատվիրակության անդամ Տիգրան Գալստյանը նկատեց, որ իրենք զանգել են «Միրա», որ այնտեղ էլ չափորոշիչները ստուգեն, սակայն «Միրայից» հրաժարվել են ընդունել, իսկ դա նշանակում է, որ այնտեղ համապատասխան պայմաններն ապահովված չեն եղել: Ինչ վերաբերում է կոնկրետ «Նագանայում» անցկացրած ստուգումներին, ըստ նախարարի՝ «Ճիշտ է, կոնկրետ այդ ձեռնարկությունից Հայաստան մինչ օրս միս չի ներկրվել, բայց մտավախություն կա, որ այն հնդկական ընկերությունները, որոնց հետ դուք աշխատում եք, այնտեղի սպանդանոցից են միսը բերում, քանի որ սեփական սպանդանոցն այդքան մեծ քանակություն չի կարող ապահովել»:

Միս ներկրողները նաեւ նախարարին բողոքում էին, որ «Մենք 10 տարի շարունակ նույն ձեռնարկություններից միս ենք ներկրել Հայաստան ու առայժմ ոչ մի դեպք չի եղել, որ մեր բերած մսից մեկի առողջությանը վնաս հասցրած լինենք, ինչո՞ւ հենց հիմա այդ հարցը բարձրացրիք»: Գերասիմ Ալավերդյանն էլ հակադարձեց, որ առայժմ ոչ ոք չի կարող ասել՝ այդ մսից մեր ժողովուրդը տուժե՞լ է, թե՞ ոչ. «Դրա վնասներն ի հայտ կարող են գալ 15-20 տարի հետո: Մենք լուրջ մտահոգություններ ունենք, որովհետեւ երկիր կա, որ Հնդկաստանից ընդհանրապես արգելել է միս ներկրել: Վարչապետն ինձ վրա հանձնարարական է դրել, ես ուզում եմ այն կատարել՝ չվնասելով ձեր շահերը: Չենք ուզում ոչ մեր երկրում երշիկեղենի գները բարձրանան, ոչ էլ ուզում ենք մեր ժողովրդին կերակրել վատ, սատկած գոմեշի մսով»:

Տնտեսվարողները նկատեցին, որ այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսիք են Ինդոնեզիան ու Սինգապուրը, Հնդկաստանից մեծ քանակությամբ միս են ներկրում, այնպես որ, Հայաստանը կարող է մսի որակի հետ կապված մտահոգություններ չունենալ:

Նախարարի հետ երկար բանակցություններից հետո, ի վերջո, ներկրողները համաձայնեցին, որ եթե ուզում են Հնդկաստանի որեւէ այլ ձեռնարկության հետ աշխատել, պետք է նախարարության տեսուչի հետ գործուղվեն, տեսնեն, թե ինչպես են գոմեշին բերում, 24 ժամ հսկողության տակ պահում, այնուհետեւ մորթում, սպանդից հետո միսը ենթարկում լաբորատոր փորձաքննության, նոր սահմանն անցկացնում:

Նշենք, որ մինչ այժմ գյուղատնտեսության նախարարության տեսուչները ներկրողների բերած միսը սահմանի վրա ստուգել են այլ մեթոդով. 10-20 տոննա մսից 3-4 նմուշ են վերցրել ու լաբորատորիա տարել, սակայն այսօր գյուղնախարարության պաշտոնյաներն էլ խոստովանեցին, որ կարող է վիրուսն իրենց վերցրած նմուշի մեջ չլինի ու այդ միսը ներկրվի Հայաստան, ուստի հսկողությունը պետք է սահմանել հենց սպանդանոցից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել