Երեկ Մարզահամերգային համալիրում մեկնարկեց «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերության եւ Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության կողմից անցկացվող «Armenia expo 2009» 9-րդ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը, այն տեւելու է մինչեւ սեպտեմբերի 9-ը: Այս ունիվերսալ տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդես-ֆորումը բացեց հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա իր ելույթում ասաց, որ ավանդական դարձած այս ցուցահանդեսի անցկացումը կարեւոր է մեզ համար. «Նման միջոցառումները ստեղծում են լավ նախադրյալներ՝ միասին հաղթահարելու այսօր առկա բոլոր դժվարությունները: Մենք աջակցում ենք նման միջոցառումների իրականացմանը Հայաստանի Հանրապետությունում՝ քաջ գիտակցելով, որ բիզնես միջավայրի ձեւավորման առումով նման ձեռնարկումներն ունեն էական նշանակություն»: Նրա խոսքերով, չափազանց կարեւոր է այն, որ ցուցահանդեսին մասնակցում է 9 երկրից շուրջ 150 կազմակերպություն, որը, ըստ վարչապետի, նշանակում է, որ մարդիկ եկել են այստեղ ծրագրերով, ունեն ներկայացնելու ծառայություններ. «Ցուցահանդեսին մասնակցող ընկերությունները նոր գործընկերներ գտնելու եւ շուկաներ ընդլայնելու ցանկություն էլ ունեն»: Ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Գերմանիայի, Վրաստանի, Չինաստանի ավելի քան 150 կազմակերպություն եւ միություն: