«Սթար», «Երեւան Սիթի», «Kaiser», «X-press», «Ուրարտու», «Մեծ խանութ», «Արեւ», «Ռոբերտո». սրանք այն սուպերմարկետներն ու խանութներն են, որտեղ կատարված գնումների դիմաց սպառողներին հաճախ ճանապարհում են ներքին շրջանառության համար նախատեսված կտրոններով: Դրանք ՀԴՄ կտրոն չեն եւ չեն կարող մասնակցել Պետեկամուտների կոմիտեի հայտարարած վիճակահանությանն ու բոնուսային ակցիային: Մինչդեռ, այս խանութների վաճառողները սպառողների գնումների տոպրակի մեջ են գցում հենց այդ թղթի կտորները, իսկ ՀԴՄ իսկական կտրոնները պահում իրենց: Նշենք, որ երբ հաճախորդները մեծ սուպերմարկետներից մաստակ կամ լուցկի են գնում, վաճառողներն առանց հապաղելու կտրոնը տպում-տալիս են, իսկ խոշոր գնումների դեպքում՝ հապաղում: Բացի այդ, եթե նույնիսկ վաճառողները բարեխիղճ են գտնվում ու սպառողներին շահող թվերով իսկական ՀԴՄ կտրոն են տալիս, հաճախ սարքերի թանաքը չի բավականացնում ու կտրոնի վրա ոչ մի տառ չի երեւում: Նման կտրոնները հարկայինի աշխատակիցները համարում են անվավեր ու եթե նույնիսկ դարձերեսի թիվը շահի էլ՝ կտրոնը չեն վերցնում: Շատ կտրոնների վրա չի երեւում ՀԴՄ-ի տվյալները, այդ դեպքերում էլ հարկային տեսչությունը կտրոնը հետ է տալիս:
Այսինքն, բացի այն, որ սպառողը գնումներ կատարելուց հետո պետք է վաճառողից պահանջի ՀԴՄ կտրոնը, նա նաեւ պետք է ուշադիր լինի, որ այն ներքին շրջանառության թուղթ չլինի, որ անպայման դարձերեսին նշված լինեն շահող թվերն ու այբուբենի տառերը, որ ֆիքսված լինեն գնումների իրական չափերը, նաեւ կտրոնի վրա մուգ տառերով տպված լինեն հսկիչ դրամարկղային մեքենայի տվյալներն ու առեւտուր անելու ամիս-ամսաթիվը: Եթե յուրաքանչյուր գնորդ այս բոլոր գործողություններն անի, կարելի է պատկերացնել, թե ինչ կկատարվի սուպերմարկետների դրամարկղերի մոտ: