Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԴՈ՞ՒՌ ԿԲԱՑՎԻ

Սեպտեմբեր 05,2009 00:00

\"\"Հայ-թուրքական սահմանի բացման հարցում գործարարները միակարծիք չեն

Ի՞նչ կտա հայ-թուրքական դիվանագիտական հարբերությունների վերսկսումը հայ գործարարներին, կշահի՞ մեր երկիրը, թե՞, ընդհակառակը, այն նրանց համար մի շարք խնդիրներ կառաջացնի: Այս հարցերի առնչությամբ «Առավոտը» զրուցեց մի քանի ճանաչված գյումրեցի գործարարների հետ:

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Գ. Աթոյան եւ ընկերներ» կազմակերպության ղեկավար Գեւորգ Աթոյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ, նախանցած տարի լինելով Ղարսում ու մասնակցելով բիզնես-ֆորումի, անձամբ համոզվել է, թե ինչպես են թուրք գործարարները համագործակցություն խնդրում: Օրինակ, նրանցից մեկը այնքան է հիացել հայկական «չեչիլ» տեսակի պանիրով, որ անմիջապես 6000 տոննա պանիր է պատվիրել: «Դուք պատկերացնու՞մ եք, թե դա ինչ քանակ է, եթե Հայաստանի ամբողջ գործարարներով փորձեինք արտադրել, երեւի չհասցնեինք, ես վստահ եմ, որ սահմանի բացմամբ անպայման դրական շարժ կլինի, թուրքերը պատրաստ են Գյումրիում ներդրում կատարել, նրանք կարող են թանկարժեք սարքավորումներ բերել, մենք էլ կարող ենք կարգին պանիր արտադրել: Իմիջիայլոց, մենք պայմանավորվեցինք թուրք գործարարի հետ, նա ուզում էր Հայաստան գալ, բայց երեւի ինչ-որ քաղաքական հարցեր առաջ եկան ու չստացվեց: Իսկ եթե սահմանը բաց լիներ, այս գործը միանշանակ գլուխ կհանեինք: Օգուտից բացի, ոչինչ չի լինի, վերջիվերջո ինչքա՞ն կարող ենք էսպես շարունակել, գործարարը պիտի բաց ճամփա ունենա: Կոնկրետ պանրի արտահանումը ես շատ եմ կարեւորում, քանի որ Հայաստանի շուկան գերհագեցած է, էսօր արտադրողները շատ են, գնագոյացում չկա, էժան-էժան վաճառում են»,- ասաց գործարարը:

Գյումրիի գարեջրի գործարանի տնօրեն Ռուբեն Սանոյանը չշտապեց դրական կարծիք հայտնել: Նա ասաց, որ ժամանակը ցույց կտա՝ գործարարի համար լա՞վ կլինի, թե՞ վատ: «Թուրքիան մեզ համար նոր շուկա կլինի, կփորձենք-կտեսնենք, հիմա հարյուր տոկոս ասել, թե լավ կլինի, ի՞նչ իմանաս, Գյումրիի գարեջուրը կարող է թուրքերի դուրը գալ, կարող է եւ չգալ»,- նշեց Ռուբեն Սանոյանը:

Իսկ Կովկասյան կենտրոնի տնօրեն Արտուշ Մկրտչյանը «Առավոտին» կարծիք հայտնեց, թե մի շարք ապրանքատեսակների հետ միասին, հայկական գարեջուրը եւս կարող է նվաճել թուրքական շուկան, այն Արեւելյան Անատոլիայի շրջանների համար մեծ պահանջարկ կունենա. «Հայկական հյութերը եւս պահանջարկ կունենան, չնայած Թուրքիան այս առումով լավ կազմակերպված արտադրություն ունի, բայց, կարծում եմ, նորություններից չի հրաժարվի: Պահանջարկ կունենան նաեւ ինֆորմացիոն տեխնոլոգիաները, որոնք Թուրքիայում վատ են զարգացած, հատկապես արեւելյան շրջանում, բացի այդ, պարտադիր չէ համագործակցել ապրանքների տեսքով, Հայաստանը մշակույթի տեսքով եւս կարող է մտնել Թուրքիա, Թուրքիայի ամենամոտիկ մշակութային հաստատությունները Ղարսից 1000 կիլոմետր հեռու են, իսկ էստեղ՝ Ղարսից 100 կիլոմետրի վրա, տասնյակ պատկերասրահներ են, թանգարաններ, երաժշտանոցներ, կան բազմաթիվ ժամանցի վայրեր, բացօթյա սրճարաններ, որոնց մասին ղարսեցիները երազել անգամ չեն կարող: Մեր երկիր բավականին մեծ ներհոսք կլինի, շատ ավելի հաճելի է ժամանցը անցկացնել 20-30 կիլոմետր կտրելով ու Գյումրի հասնելով, կամ 100 կիլոմետր կտրելով ու Երեւան հասնելով, քան զվարճանքից ընդհանրապես զրկվել: Շատ աշխույժ առեւտրատնտեսական, զբոսաշրջային հարաբերություններ կձեւավորվեն ու միանշանակ կխթանի Հայաստանի տնտեսության զարգացմանը, Հայաստանի բյուջե ահռելի քանակությամբ հոսք կլինի: Եթե էսօր մեր երկիրը տարեկան ունի 200-300 000 զբոսաշրջիկ, բավականին ուրախ ու հպարտ է դրանով, էդքան մարդ միայն Անատոլիայի շրջանից կարող է գալ Հայաստան՝ բուժվել, սովորել, վայելել, գնումներ կատարել եւ գնալ: Հայաստանը Թուրքիայի հետ կարող է համագործակցել ոչ միայն ապրանքաշրջանառության տեսքով, այլ որոշակի ծառայությունների: Ես հույսս դնում եմ հայկական ինտելեկտուալ ռեսուրսների վրա»:

Ըստ Ա. Մկրտչյանի, այսօր հայաստանյան բժշկությունը հանգիստ կարող է ծառայել թուրքերին՝ մեծ եկամուտներ ապահովելով մեր երկրին: Նրա ասելով՝ Ղարսին ամենամոտ «մակարդակով» հիվանդանոցը 1000 կիլոմետր հեռավորության վրա է, մինչդեռ «Էրեբունին» կամ «Հանրապետական» հիվանդանոցը «քթների տակ է»: Նրա խոսքերով. «Հայաստանում այնպես են սրտի վիրահատություններ անում, որոնց մասին կերազեին թուրքերը»:

Բացի այս, ըստ պարոն Մկրտչյանի, ղարսեցիները, 100 կիլոմետր կտրելով՝ կարող են օգտվել մեր ավիաուղիներից՝ թռչելով աշխարհի 30 երկիր, սա ավելի էժան ու ձեռնտու կլինի, քան Ստամբուլ հասնելը ու նոր միայն ճանապարհորդելը: Իսկ, որ ամենակարեւորն է, ըստ մեր զրուցակցի, հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանին կստիպի տնտեսապես մրցունակ դառնալ ու վերջ դնել տնտեսության կլանային համակարգին, քանի որ կլանները կարող են գործել միայն փակ շուկայի պայմաններում, բաց շուկայում նրանք անզոր են: «Այն, ինչ այսօր արտադրվում է Հայաստանում, յուրահատուկ որակի է, ոչ ոք չի կարող ասել, լավն է, թե՝ ոչ, միայն կարող ենք ասել, որ մեր տնտեսությունը որոշ ապրանքատեսակներով համապատասխանում է եվրոպական եւ համաշխարհային ցուցանիշներին, որոշներով էլ՝ ոչ: Թուրքիան ունի որոշակի ստանդարտներ, եւ շատ դժվար է Թուրքիա հայկական ապրանք մտցնելը, ոչ թե նրա համար, որ լավն է կամ վատը, այլ, որ որոշակի ստանդարտների պետք է բավարարի, իսկ էսօր դա չի բավարարում: Մի կողմից, սա կմղի Հայաստանին որոշակի փոփոխություններ անել իր արդյունաբերության մեջ, որպեսզի կարողանա համապատասխանել թուրքական օրենքներին, ապրանք մտցնել եւ հաջողությամբ վաճառք իրականացնել, ես հույս ունեմ, որ հայ գործարարները դա կանեն, քանի որ 80 միլիոն շուկան հսկայական դաշտ է: Համագործակցությունը կստիպի վերանայել մեր վերաբերմունքը ե՛ւ մեր գյուղատնտեսության, ե՛ւ մեր արդյունաբերության նկատմամբ: Մեր բերրի հողերի աննշան մասը կամ կեսն է վերամշակվում, որովհետեւ շուկա չունենք, էսօր Հայաստանը արտադրում է հրաշալի գինիներ, բայց չի կարողանում վաճառել, նույնը պիտի ասել մրգերի մասին, էսօր մեր ծիրանը՝ Աստծո տված բարիքը, ծառերի տակ փչանում է»,- ասում է Ա. Մկրտչյանը, հավելելով, որ համաշխարհային տնտեսությանը ինտեգրվելուց խուսափելը երկրին պատիվ չի բերում, ավելին՝ «լացկան, ավտորիտար ռեժիմով, փակ սահմաններով» երկիրը երկիր չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել