Թուրքիայի ազգային մեծ ժողովում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության խմբակցության ներկայացուցիչ Ջանան Արըթմանը Էրդողանի կառավարությանը նախազգուշացնում է, որ հոկտեմբերի 14-ին Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը դիտելու նպատակով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա կարող է աննախադեպ բողոքի ցույցերի պատճառ դառնալ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն՝ վկայակոչելով թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցները, իր գրավոր հայտարարության մեջ տիկին Արըթմանը սուր քննադատության է ենթարկել «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության կառավարությանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունների նախաստորագրման համար, քանի որ, նրա կարծիքով, այդ փաստաթղթերն առավելապես արտացոլում են Հայաստանի շահերը եւ հակասում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին: «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը Թուրքիայի՞ կառավարությունն է, թե՞ Հայաստանի»,- իր վրդովմունքն է հայտնել ընդդիմադիր թուրք պատգամավորը՝ Էրդողանի կառավարող կուսակցությանը խորհուրդ տալով այդ արձանագրությունները «ոչ մի տեսքով» չներկայացնել Թուրքիայի ազգային մեծ ժողովի վավերացմանը: Իսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին տիկին Արըթմանը խորհուրդ է տվել հոկտեմբերի 14-ին չմեկնել Թուրքիա ֆուտբոլի խաղը դիտելու, քանի որ «հակառակ դեպքում կհանդիպի բողոքի աննախադեպ ցույցերի»: