Խորհուրդ է տալիս Հանրապետական Գալուստ Սահակյանը եւ ընդդիմադիր որոշ ուժերի, առանց անուններ տալու, որակում որպես մոլախոտեր եւ նապաստակներ:
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը երեկ մամուլի ասուլիսում պնդում էր, որ հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացումը ոչ մի կապ չունի ղարաբաղյան հարցի լուծման հետ, որ այս հարաբերությունների հաստատման ճանապարհին չկան սակարկելի թեմաներ, որ Ցեղասպանության հարցը ոչ ոք չի էլ քննարկում, քանի որ դա պատմական փաստ է, որ հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտնի երկու արձանագրություններում չկան նախապայմաններ: «Առավոտը» նկատեց, որ, ըստ էության, սրանք մտքեր են, որոնք ընդունում է ամբողջ հասարակությունը, բոլորն են միակարծիք, որ որեւէ նախապայման ընդունելի չէ, եւ հայ-թուրքական հարաբերությունները պետք է խստորեն տարանջատել ղարաբաղյան հարցի կարգավորումից, ուրեմն, եթե իշխանությունը, եւ, մասնավորապես, Հանրապետականը եւս նույն բաներն է ասում եւ հավաստիացնում, որ իրականությունը սա է, ինչո՞ւ մեր հասարակության մեջ կան ուժեր եւ գործիչներ, ովքեր չեն հավատում նրանց այս խոսքերին:
Ի պատասխան՝ պարոն Սահակյանն ասաց. «Ասեմ՝ ինչու: Ընդդիմադիր դաշտը ոչ ծրագիր ունի, ոչ քաղաքական օրակարգ, նրանց ինչ-որ պրոցեսներ են պետք, որպեսզի շահարկեն, իրենց գոյությունն ապահովեն: Իսկ ո՞վ ասաց, որ հասարակությունը մեզ չի հավատում, հավատում է, իսկ այս աղմուկը մի քանի՝ ձողը չբարձրացրած, ծանրաձողի ձգտող մանր-մունր էակներ են անում: Դրա համար ասացի, որ երբ անտառը մի քիչ խառնվում է, նապաստակներն էլ են կոչով հանդես գալիս: Ժողովրդի մեջ այդ հարցը չի էլ քննարկվում, ինչ-որ մի քանի գործիչներ են եւ վայ-քաղաքագետներ, որոնք իրենց համար հանելուկային մի դրսեւորում են գտել, մտածում են՝ էնքան լարված են Հայաստանի պայմանները, որ հեսա-հեսա…»:
«Առավոտը» խնդրեց կոնկրետ անուններով նշել, թե ովքեր են նապաստակները եւ մոլախոտերը: Չպատասխանեց, ավելի ճիշտ ասաց հետեւյալը. «Չէ, եթե խոսքն անտառին է վերաբերվում, պիտի որսի գնաք, իսկ որսորդի աչքը միշտ հզոր է լինում՝ եւ նապաստակին կտեսնեք, եւ շակալներին»: Գալուստ Սահակյանի կարծիքով՝ «Մեր քաղաքական ուժերը հիմնականում զբաղված են թուլացնելու ժողովրդի միտքը, նրա ոգին, նրա հետագա գործունեությունը: Որեւէ հայ չէր կարող երբեւէ ասել, որ մենք Ղարաբաղը տալիս ենք որեւէ կարգավիճակով՝ Ադրբեջանի կազմում, բայց քաղաքական այդպիսի ուժ ունենք, այդպիսի հայեցակարգով մարդիկ ունենք. սա ես համարում եմ մոլախոտային դաշտ, որը պիտի ժողովուրդը կարողանա ֆիլտրել, հանել-դեն գցել եւ գնալ ճիշտ ճանապարհով»: