ՀՀԿ գործիչները դեմ են արտահայտվում մինչեւ հայ-թուրքական արձանագրությունների վերջնական ստորագրումն ու վավերացումը դրանք հանրաքվեի դնելու վերաբերյալ «Ժառանգության» առաջարկին: Թեեւ հանրապետականները նաեւ չեն բացառում, որ կարելի է անցկացնել նման հանրաքվե: Փորձեցինք պարզել, թե ինչպես է այս նախաձեռնությանը վերաբերվում Դաշնակցությունը: ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանն ասաց. «Կուսակցությունը չի քննարկել նման հարց, հետեւաբար չեմ կարող այս հարցի վերաբերյալ հայտնել ՀՅԴ դիրքորոշումը: Բայց, իհարկե, սկզբունքորեն մենք կողմ ենք ու նաեւ պատրաստվում ենք ակտիվ գործունեության, նախաձեռնությունների: Եվ կարծում ենք, որ իհարկե՝ սա միայն մեր խնդիրը չի, այլ քաղաքական ու հասարակական ուժերի ակտիվությունը նույնպես անհրաժեշտ է: Այնպես որ՝ այս խնդրով ակտիվությունը միշտ արժանի է ուշադրության, եւ ուղղակի պետք է քննել, թե որքանով է նպատակահարմար ու ճիշտ»: Մեր հարցին, թե նման հանրաքվեն նպատակահարմար ու ճիշտ համարո՞ւմ է՝ պրն Շահբազյանը պատասխանեց. «Իմ անձնական կարծիքն ասեմ՝ մենք կարող ենք դնել նման խնդիր, բայց արդյոք էներգիա չե՞նք ծախսի դրա վրա, եւ որքանո՞վ է իրատեսական՝ իրավական ու քաղաքական առումով, թե կարող է նման կերպ շտկում մտցվել այդ փաստաթղթերի ճակատագրի հարցում: Սա կարեւոր խնդիր է»:
Նշենք, որ նման հանրաքվե անցկացնելու հնարավորություն ընձեռվել է «Հանրաքվեի մասին» օրենքում 2008-ի դեկտեմբերի 26-ին արված լրացմամբ, ըստ որի՝ հանրաքվեի կարող են դրվել նաեւ «պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելուն» ուղղված հարցեր: Բայց նման հանրաքվե անցկացնելու նախաձեռնության, ըստ նույն լրացման՝ իրավունք ունի միայն կառավարությունը՝ այդ հարցերը նախապես քննարկելով ՀՀ նախագահի հետ:
Այնպես որ՝ ԱԺ աշնանային նստաշրջանում նման հանրաքվե անցկացնելու ստորագրահավաք նախաձեռնելու փոխարեն, «Ժառանգությունը» ճիշտ կաներ՝ միանգամից դիմեր կառավարությանը «Հանրաքվեի մասին» օրենքում իրեն վերապահված իրավասությունն իրականացնելու պահանջով, ինչի մասին եւս նշել էին իրենց հայտարարության մեջ: