Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ հանձնաժողովը քննարկելու է Հայաստանի հարցը

Սեպտեմբեր 05,2009 00:00

Հայաստանի պատվիրակության ղեկավարը պետք է տեղեկատվություն ներկայացնի, թե ինչպես է կատարվել հունիսին ընդունված բանաձեւը:

Սեպտեմբերի 9-ին Փարիզում գումարվելու է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում կան շուրջ 10 երկրների վերաբերող հարցեր: Մասնավորապես քննարկվելու են Մոլդովայում ժողովրդավարական հաստատությունների գործունեության եւ Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ պատերազմի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւերի կատարման հարցերը: Ադրբեջանի պատվիրակությունը տեղեկատվություն է ներկայացնելու, թե ինչպես է իրականացվել Մոնիտորինգի հանձնաժողովի հունիսի 24-ի որոշումը՝ հ/կ-ների եւ խղճի ազատության մասին օրենսդրության մեջ նախատեսվող փոփոխությունների առնչությամբ: Եվ Ադրբեջանի հարցի քննարկմանը նախորդելու է Հայաստանի պատվիրակության ներկայացրած տեղեկատվությունը՝ 1677 բանաձեւի կատարման վերաբերյալ: Որպես կանոն՝ նման տեղեկատվությանը հաջորդում է նաեւ մտքերի կարճ փոխանակում:

Հիշեցնենք, որ անտեսվել է ԵԽԽՎ 1677 բանաձեւի կոչը՝ հետախուզման մեջ գտնվող անձանց մինչեւ հուլիսի 31-ն ինքնակամ ներկայանալու դեպքում նրանց չկալանավորելու վերաբերյալ, եւ Նիկոլ Փաշինյանը մնում է բանտում՝ չնայած բազմաթիվ միջնորդություններին, հունիսից հետո ավելացել է եւս մի քաղբանտարկյալ՝ Տիգրան Առաքելյանը: Այս եւ այլ հանգամանքները նկատի առնելով՝ հնարավո՞ր է, որ առաջիկա ամիսներին Հայաստանի հարցը դարձյալ քննարկվի ԵԽԽՎ լիագումար նիստում. մեր այս հարցին ԵԽԽՎ պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, թե նման որեւէ ակնկալիք չունի. «Կարծում եմ, որ քաղաքական որոշում է ընդունվել Հայաստանի հարցն առայժմ չքննարկել լիագումար նիստում: Եվ այդ մասին է վկայում նաեւ համապատասխան զեկույցի նախագծի բացակայությունը»: Այսուհանդերձ, Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է ԵԽԽՎ-ին սեպտեմբերի 9-ին ամփոփ տեղեկատվություն ուղարկել՝ բանաձեւի ընդունումից հետո տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ:

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը հարցին, թե ինչ զարգացումներ կհետեւեն ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստից հետո՝ այսպես պատասխանեց. «Միանշանակ գնահատական չեմ ուզում տալ, թե այսպես կլինի կամ այնպես կլինի, բայց ես այսպես եմ դիտարկում հարցը, ու կարծում եմ, որ նաեւ Եվրոպայի խորհրդում են այդպես դիտարկում: Մենք անցանք բավական ծանր շրջան 2008-ի մարտից հետո: Այն, ինչ կարողացանք անել մինչեւ հունիս՝ շատ էական ու կարեւոր էր: Բազմաթիվ հարցեր լուծվեցին, կան դեռեւս որոշ մնացորդներ: Քայլերը շարունակական են լինելու, այսինքն՝ մենք դեռ չենք լուծել բանաձեւում շարադրված բոլոր խնդիրները»: Մեր դիտարկմանը, թե Հայաստանի իշխանությունը կարծես հանգստացավ հունիսին ԵԽԽՎ-ի կողմից ստացած փոքրիշատե դրական գնահատականից հետո՝ Զոհրաբ Մնացականյանն այսպես արձագանքեց. «Չեմ կարծում, թե մենք հանգստացանք, ու չեմ կարծում, որ մենք համարում ենք, թե ամեն ինչ վերջացել է: Այդ զգացումը չունենք, քանի որ մենք մշտական մոնիտորինգի տակ գտնվող երկիր ենք, ինչպես եւ ԵԽ անդամ այլ 11 պետություններ: Եվ ե՞րբ կլինի հերթական գնահատականը՝ սեպտեմբերի՞ն, թե՞ հաջորդ նստաշրջանին կամ հունիսին՝ չեմ ցանկանում կանխատեսել»:

Հ. Գ. ԱԺ ղեկավարությունը սկսել է Զարուհի Փոստանջյանի առջեւ խոչընդոտներ հարուցել՝ մերժելով հոգալ ԵԽԽՎ կառույցների նիստերին մասնակցելու համար գործուղման ծախսերը: «Որտեղ տեսնում են, թե քննարկվելու են մարդու իրավունքների կամ այնպիսի հարցեր, որոնք կարող են վերաբերել Հայաստանի կամ նույնիսկ Թուրքիայի իշխանություններին՝ չեն ցանկանում, որ ես մասնակցեմ: Թեեւ այս ծախսերը հոգալն ԱԺ պարտավորությունների մեջ է մտնում՝ մասամբ են դրանք կատարում»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել