Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԽԼԵԼ ՄԻԼԻՈՆ

Սեպտեմբեր 04,2009 00:00

Կամ պատմություն՝ կուլ չգնացող վիրավորանքի մասին

Մայիսի 29-ին Բրյուսել-Մոսկվա-Երեւան չվերթով հերթական անգամ Հայաստան է գալիս փեսաս՝ Պերճ Հակոբյանը, որը 1997-ի ապրիլի 10-ից Բելգիայի Թագավորության քաղաքացի է: 10 օր անց՝ հունիսի 8-ին, Բելգիա վերադառնալիս, նրան ինքնաթիռ չեն թողնում՝ ՀՀ իշխանությունների կողմից հետապնդվելու պատճառաբանությամբ: Պարզվում է, որ նախկին երեւանցի, 1975 թվին ծնված, 1992-ին ծնողների հետ՝ միանգամայն օրինական կարգով, ի դեպ՝ Ռուսաստանի Դաշնության նմուշի անձնագրով, Բելգիա մշտական բնակության մեկնած ապագա փեսաս խուսափել է 1995-ի աշնանային զորակոչից, ինչի համար էլ հետապնդվում է մեր իշխանությունների կողմից եւ «հայտնաբերվել» է միայն 2009-ի հունիսի 8-ին: Նշեմ, որ նրան կարող էին 10 օր առաջ Հայաստան գալիս ձերբակալել կամ նախորդ 10 տարիների ընթացքում: Ասեմ նաեւ, որ Բելգիայի քաղաքացիություն ստանալուց եւ 2000-ին դստերս հետ ամուսնանալուց հետո մշտապես՝ ամեն տարի կնոջ հետ եկել-գնացել է եւ երբեւէ սահմանապահ կետերում խնդիրներ չի ունեցել: Փեսայիս օդանավից իջեցնելուց հետո գնացել ենք Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանություն՝ գործով քննիչ Լութոյի (ինչպես ինքն է ներկայացել) մոտ: Նա մեզ ասաց, որ դեռեւս 2002-ից քրեական գործ կա հարուցված, որով Պերճ Հակոբյանը հետապնդվում է ժամկետային զինծառայությունից խուսափելու համար եւ որ նյութերով ընդամենը 3 զորակոչից է խուսափել, ինչի համար 300 հազար դրամ պետք է մուծի: Այդ ժամանակ ես առարկեցի եւ ասացի, որ քրեական գործը հարուցվել է վաղեմության ժամկետի խախտմամբ եւ նույն տարում էլ կարճվել է իմ ու տվյալ տարածքի պատգամավորի միջնորդությամբ: Փեսաս շտապում էր իր երկիր եւ ինձնից առաջ ընկնելով ասաց, որ առարկություն չունի 300 հազար դրամը մուծելու առումով, միայն թե կարողանա արագ մեկնել: Նա քննիչի ցուցումով էլ գրեց, որ փաստաբանի կարիք չունի: Հաջորդ օրն արդեն համայնքի դատախազ Սինանյանի մոտ պարզեցինք, որ Պերճը խուսափած ոչ թե 3, այլ 8 զորակոչի համար պետք է մուծի, այսինքն՝ զորակոչային տարիքի հասնելուց մինչեւ Բելգիայի քաղաքացիություն ձեռք բերելու ողջ ընթացքի համար: Փեսաս սրան էլ համաձայնեց:

Հունիսի 11-ին ես Հանրապետական զինկոմիսարիատում խնդրեցի միջգերատեսչական հանձնաժողովի արտահերթ նիստով քննել փեսայիս հարցը եւ դատախազ Սինանյանի հետ առերես պայմանավորվեցի պահանջվող 800 հազար դրամը միանգամից մուծելու մասին, որից հետո փեսաս կարող է մեկնել: Նա հավաստիացրեց, որ այդպես էլ կլինի: Գումարը նույն օրը մուծեցինք, ձեռք բերեցինք ինքնաթիռի նոր տոմս: Գումարի մուծման անդորրագրի օրինակն էլ հասցրինք քննիչ Լութոյին եւ վերադարձանք դատախազություն: Սակայն այս ընթացքում հայտնի դարձավ, որ միջգերատեսչական հանձնաժողովը իր գումարած նիստով որոշել է Պերճից գանձել 1,8 միլիոն դրամ՝ զորակոչային տարիքի ամբողջ՝ 18-27 տարեկան ժամանակահատվածի համար: Ինքնաթիռի տոմսը 2-րդ անգամ չկորցնելու համար ստիպված եղանք 10 օրվա ընթացքում լրացուցիչ 1 միլիոն մուծելու պարտավորագիր գրել: Նույն տեղում՝ դատախազի մոտ, պարզում եմ, որ Պերճի մասով դատախազական որոշման առաջին էջի տեքստում մի տեղ «Պերճ Ղուկասի Հակոբյանի» փոխարեն գրված էր «Սուրեն Երվանդի Հակոբյան»: Ես չնայեցի որոշման 2-րդ էջը, որտեղ գործով դատախազի անունից գրված էր. «որոշեց Պերճ Ղուկասի Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին»: Հարազատներիս ընկերակցությամբ հաջորդ օրը գալիս ենք օդանավակայան՝ Պերճին ճանապարհելու, սակայն սերժանտների ուղեկցությամբ նրան դուրս բերեցին՝ արգելելով ինքնաթիռ բարձրանալ: Ես ստիպված հենց օդանավակայանից զանգեցի հանրապետության գլխավոր դատախազին՝ խնդրելով ազատել ինձ այդ փորձանքից: Ի պատիվ նրա, հնարավոր դարձավ փեսայիս վերադարձը ինքնաթիռ: Հաջորդ օրն իսկ փեսաս ուղարկեց պարտավորված 1 միլիոնը: Սակայն ես որոշեցի այդ գումարը լրավճարելուց առաջ հասկանալ, թե ինչ է կատարվել մեզ հետ: Շատ արագ պարզեցի, որ Պերճի վերաբերյալ քրեական գործն ապօրինի էր ի սկզբանե: Այն հարուցվել է վաղեմության ժամկետի կոպիտ խախտմամբ, հարուցման տարում էլ՝ 2002-ին, կարճվել է, սակայն քաղաքի վերադաս դատախազի գրավոր ցուցումով՝ կարճման հիմքերը բավարար չլինելու պատճառաբանությամբ, այնուհետեւ փոխվել է կասեցման մասին որոշումով: Ասեմ, որ միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքում նման քրեական գործերի թիվը անցնում է 300-ից: Զինվորական դատախազության համապատասխան ոլորտը սպասարկող բարեկիրթ դատախազ Համլետ Մկրտչյանի հետ խորհրդատվական զրույցի արդյունքում եկանք կոմպրոմիսային հանգուցալուծման, որ ես գրում եմ Զինվորական կոմիսարիատի Ս. Չալյանի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովին` ի հայտ եկած նոր հանգամանքներից ելնելով, վերանայել հանձնաժողովի որոշումը 1,8 միլիոն դրամ գանձելու մասին եւ բավարարվել 800 հազար դրամ արդեն կատարված մուծումով: Հ. Մկրտչյանի հետ պայմանավորվեցինք, որ հանձնաժողովի նիստից առաջ ինքն էլ ինձ հետ կգա Չալյանի մոտ եւ կբացատրի ամեն ինչ: Նա վստահեցրեց, որ հանձնաժողովն իր որոշումը կվերանայի եւ չարժե ավելի հեռուն գնալ: Այս դիմումը զինկոմիսարիատի իրավախորհրդատու Արեն Սարգսյանի գրասենյակի միջոցով հասցնում եմ Չալյանին, միաժամանակ այդ կերպ հարցը չլուծելու դեպքում խնդրում եմ ինձ տրամադրել հանձնաժողովի որոշումը (մինչ այդ Ա. Սարգսյանն ուղիղ 20 օր տարել-բերել էր): Չալյանից տեղեկանում եմ, որ հարցին կանդրադառնան իրավախորհրդատու Արեն Սարգսյանի՝ հուլիսի վերջին արձակուրդից վերադառնալուց հետո: Մենք սպասում ենք: Հուլիսի 28-ին հերթական անգամ եմ գալիս հանձնաժողովի նստավայր: Այստեղ պարզվում է, որ Չալյանն էլ է խաբել մեզ, Արենն ավելի շուտ է եկել եւ առանց մեզ տեղյակ պահելու՝ որոշումը թողել են նույնը: Ինչ վերաբերում է հանձնաժողովի՝ որոշման տրամադրելուն, Չալյանն արհամարհել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել