Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժարգոնով խոսողներն են հայրենիք պաշտպանել»

Սեպտեմբեր 04,2009 00:00

Ռուբեն Գեւորգյանցը դեմ չէ սերիալների լեզվին

Աշունը Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի համար ե՛ւ քաղաքական, ե՛ւ մշակութային իմաստով լավ է սկսվել: Քաղաքական իմաստով դրական է համարում, որ ընդդիմադիրներից Խ. Սուքիասյանը վերադարձել է Հայաստան: Հայ-թուրքական հարաբերությունների իմաստով կարծում է, որ ամեն ինչ շատ հագիստ կլինի եւ գտնում է, որ ճիշտ քայլեր են արվում: Երեկ կայացած ասուլիսում նա կանխագուշակեց. «Եթե այսպես շարունակվի, 2 ամսից հետո 2 նախագահներն էլ կստանան Նոբելյան մրցանակ: Բայց մենք պետք է շատ զգույշ լինենք, որովհետեւ գիտենք՝ թուրքական դիվանագիտությունը հարյուրավոր տարիների փորձ ունի, իսկ մերը՝ ոչ»: Լինելով նաեւ ազգայնական կուսակցության նախագահ, Կինեմատոգրաֆիստների միության նախագահը մեծ գործ է համարում, իր խոսքով՝ «սանիտարական» գործ, կուսակցություններից մեկի՝ փողոցներում փակցրած հակաաղանդավորական եւ այլ թռուցիկները:

Սեպտեմբերի 26-ից սկսվում է «Ես եմ» երիտասարդական փառատոնը: Գեւորգյանցը այս տարվա ֆիլմերից այնքան էլ գոհ չէ: Հանձնաժողովը 224 ֆիլմերից ընտրել է 135-ը: «Արտասահմանյան ծրագիրն ավելի հետաքրքիր է: Հայկական խաղարկային ֆիլմերն ահավոր մակարդակի են… Գրական հիմք չկա, երիտասարդները գրականություն չեն կարդում: Իսկ կինոյի հիմքը սցենարն է»,- ասում է բանախոսը:

Ըստ Գեւորգյանցի՝ Կինեմատոգրաֆիստների միության համար այս տարին ավարտվում է բավականին հետաքրքիր ֆիլմերով. «Ֆիլմ է արել ոմն երիտասարդ՝ Գալստյան ազգանունով, ֆիլմի անունն այնքան բարդ է… (նկատի ունի Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռները»- Լ. Խ.): Մյուսը Միքայել Դովլաթյանի աշխատանքն է՝ «Սողանքը», եւ հաջորդը՝ Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելու մեջ»: Ռ. Գեւորգյանցը սկսեց գովել իր որդիների նկարահանած «Մեծ տոնը», «30 տարի եւ 3 օր» ֆիլմերը: Հարցրինք՝ իսկ ի՞նչ միջոցներով են նկարահանվել այդ 2 ֆիլմերը: Ազգայնական կինոգործիչը պատասխանեց. «Քանի որ տղաս Ամերիկայում է ապրում, ինքն է գումարներ հայթայթել, հավաքել»: Դառնալով վավերագրական կինոյին ու քարի դարից մինչեւ մեր օրերը ներկայացնող «Հայոց պատմություն» սերիալին, բանախոսն ասաց, որ շատ կարեւոր է եւ ուսուցողական, բայց ֆինանսավորումը չնչին է. «Դիմել ենք կրթության, Սփյուռքի նախարարություններին՝ ֆիլմերը Սփյուռքում տարածելու համար, բայց չի հետաքրքրել»: Հետաքրքրվեցինք՝ իսկ ինչպե՞ս եք ներկայացնելու հանրությանը: Պատասխանեց, որ «Ժամանակի վկան» հաղորդաշարով ցուցադրվում է, պատրաստ է յուրաքանչյուր դպրոցին տրամադրել, բայց որոշակի գումարով: «Պետությունը խաղարկային եւ դոկումենտալ կինոյին տալիս է 1 մլն դոլար փող, որը շատ քիչ է, սակայն օրեր առաջ Մոսկվայում ժողովի ժամանակ տեղեկացա ուրիշ հանրապետությունների մասին: Բոլորը պարզապես մեզ նախանձում են: Օրինակ՝ Վրաստանը, որ այդպիսի կինեմատոգրաֆիկ երկիր է, ստանում է չնչին գումար՝ տարեկան 200 հազար դոլար: Բայց մենք էլի գոհ չենք: Պայմանագրերից ոչ բոլորն են արդյունք ունենում: Արտասահմանյան գրանտներն ունեն մի շատ բացասական բան. իրենք թելադրում են այն, ինչ որ իրենք են ուզում տեսնել, իսկ իրենց թելադրածից մենք հստակ տեսնում ենք, թե ինչպես են ուզում Հայաստանը տեսնել… «բոմժերի» երկիր… Մեր ռեժիսորներից ոմանք դժբախտաբար նկարում են այդպիսի ֆիլմեր, ինչը գաղափարական դիվերսիա է: Իհարկե, մենք եւս «բոմժ» ունենք եւ հղփացած մարդիկ էլ, բայց կինոյի միջոցով պետք է մարդուն լավ օրինակ տանք»,- ասում է Գեւորգյանցը:

«Վրիժառու» սերիալում օրենքով գող «Սվո Ռաֆի» կերպարը մարմնավորող Կինեմատոգրաֆիստների միության նախագահը վստահ է, որ սերիալների մակարդակը վերջերս բարձրացել է, որովհետեւ մարդը պայքարում է օլիգարխների, գողերի դեմ. «Շատ տեղերից հրավեր եմ ստացել, նույնիսկ հոլիվուդյան ընկերությունից, բայց էլի մաֆիոզի դեր: Սկզբնական շրջանում սերիալները թողնում էին սիրողական տպավորություն: Դրանք անհրաժեշտ են պարզ մարդկանց համար, որովհետեւ ամեն օր չես կարող Ֆելինի կամ Փարաջանով նայել»:

Հարցրինք՝ իր կարծիքով սերիալները հասարակության վրա բացասաբար չե՞ն անդրադառնում: Ռ. Գեւորգյանցը պատասխանեց. «Ոչ մի երիտասարդ այդ սերիալները չի նայում, որովհետեւ այդ ժամերին կաֆեներում է, չեմ կարծում, որ լուրջ, հասուն մարդու վրա սերիալը վատ ազդեցություն թողնի, իսկ անհասուն մարդու վրա՝ թերեւս կազդի: Յուրաքանչյուր ժամանակ իր կնիքը, ազդեցությունն է թողնում արվեստի ու գրականության վրա: Երբ մտավորականությունը նվազում է, եւ գալիս է բիրտ ուժը, պարզ է, որ արվեստն էլ չի կարող այդ շրջանակներում ստեղծել ռոմանտիկ բան: Պատերազմի ժամանակ Իրաքի կառավարությունը հատուկ ուրիշ տեղերից, Ամերիկայից բերում էր ռեժիսորներ, պատվերով ֆիլմեր էին անում, ու ապացուցում էին, որ պատմական առումով իրենք են ճիշտ: Այս 20 տարիների ընթացքում որեւէ պրեզիդենտ, կառավարիչ մի օր չասաց՝ մեզ անհրաժեշտ է այսպիսի ֆիլմ, պատվեր ենք տալիս, որ անեք ֆիլմ, օրինակ՝ Ղարաբաղի պատերազմի մասին: Մենք ինքներս գիտակցելով արել ենք տասնյակ ֆիլմեր, մինչդեռ պետք է լինի պետական պատվեր»: Լրագրողներից մեկի հակադարձմանը, թե «Սարդարապատ» ֆիլմի համար եղավ պետական պատվեր, սակայն 3 անգամ հետաձգեցին, սցենարներ չներկայացվեցին, չնայած 5 մլն նախնական տրամադրել էին, Ռ. Գեւորգյանցը զարմացավ՝ «5 մլն դոլա՞ր, առաջին անգամ եմ լսում, ուրեմն գումարները չեն եկել»: Հարցի առումով՝ չե՞ք կարծում, որ օրական 3-4 սերիալները խանգարում են, որ մարդը գնա թատրոն կամ կինո, բանախոսը նշեց. «Սերիալը կապ չունի, ամբողջ աշխարհը սերիալ է ցույց տալիս, բայց գնացեք-տեսեք՝ որեւիցե եվրոպական երկիր նման խնդիր ունի՞»: Մտահոգությանը, թե երեխաները ոչ միայն նայում են, այլեւ կրկնօրինակում սերիալների հերոսների շարժուձեւն ու ժարգոնը, իսկ ինքը դրական է արտահայտվում, որովհետեւ խաղում է սերիալում, Ռ. Գեւորգյանցը համաձայնեց. «Պրեզիդենտը, վարչապետը հավաքվեցին, ասացին՝ հանեք էդ ժարգոնը …թո՛ղ հանեն: Ախր օրենք պետք է լինի: Մյուս կողմից էլ չեմ կարծում, որ դրանք այդքան մեծ վտանգ են ներկայացնում: Ղարաբաղի պատերազմին, որին ես մասնակցում էի, կռվողների 90%-ն այն տղաներն են եղել, որոնք ժարգոնով խոսողներ էին՝ Չարբախից, 3-րդ մասից ու գյուղերից, բայց անձնազոհ կռվել, պաշտպանել են իրենց հայրենիքը, իսկ այն երիտասարդները, ովքեր լավ հայերենով խոսում էին, կռվի դաշտում չէին»:

Հանրայինի՝ առաջիկայում նկարահանելիք ֆիլմերի մասին էլ ասաց. «Քանի որ ես գիտեմ՝ ովքեր են անելու դրանք, կասկածում եմ, որ ֆիլմերը լինեն արվեստի ցայտուն գործեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել