Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ Է

Սեպտեմբեր 04,2009 00:00

\"\"Նոր զարգացումներ՝ նոր խախտումներով

Սարգիս Հացպանյանը դատապարտվել էր 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնության համար:

2009 թ. հուլիսի 1-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բողոքարկվել էր ՀՀ վճռաբեկ դատարան: Մինչեւ վերջերս հիշյալ գործի վերաբերյալ Վճռաբեկ դատարանից որեւէ տեղեկություն չկար, իմ՝ նրա փաստաբանի հեռախոսազանգերին դատարանից պատասխանում էին, որ կծանուցեն: Սեպտեմբերի 1-ին ՀՀ վճռաբեկ դատարանից ուղարկվեց բողոքը վերադարձնելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2009 թ. օգոստոսի 14-ի որոշման պատճենը: Որոշման մեջ նշված էր. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չկան հիմքեր եզրակացնելու, որ վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերեւույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետեւանքներ»: Այս եւ այլ պատճառաբանությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը որոշել էր Սարգիս Հացպանյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը վերադարձնել:

Ցանկանում եմ նշել, որ եթե իրոք առկա են եղել վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմքեր, ապա այդ մասին Վճռաբեկ դատարանը պետք է կայացներ որոշում՝ գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում: Բողոքը Վճռաբեկ դատարանը ստացել է 2009թ. հուլիսի 2-ին, իսկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը կայացվել է միայն օգոստոսի 14-ին, այսինքն՝ ավելի քան մեկ ամիս հետո: Իսկ պաշտպանին որոշման պատճենը ուղարկել են ընդամենն օգոստոսի 31-ին, այսինքն՝ որոշումը կայացնելուց 17 օր հետո:

Վճռաբեկ դատարանին, բացի վճռաբեկ բողոքը, ուղարկված էր նաեւ Սարգիս Հացպանյանի՝ մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ փաստաթղթերի պատճենները, որոնց դատարանն ընդհանրապես չի անդրադարձել եւ վճռաբեկ բողոքի հետ միասին վերադարձրել է:

Դեռեւս 2009թ. օգոստոսի 20-ին ՀՀ արդարադատության նախարարությունից Սարգիս Հացպանյանին գրություն էր ուղարկվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նշված էր, որ քննարկվել է Ս. Հացպանյանի նկատմամբ համաներում կիրառելու հարցի վերաբերյալ դիմումը: Գրության համաձայն համաներում կիրառելու որեւէ հիմք չկա: Չնայած որ արդարադատության նախարարության կողմից չէր քննարկվել քրգործի մեջ առկա Ս. Հացպանյանի սպայի վկայականը եւ Ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքն առ այն, որ «Համաձայն ԼՂՀ ԱԱԾ տվյալների, 1993թ. ՀՀ ռազմական ոստիկանության կողմից առգրավվել է ՊՄ տեսակի թիվ 4249 OS սերիայի ատրճանակ, որը հաշվառված է եղել ԼՂՀ ՊԲ թիվ 49971 զորամասում եւ ամրակցված է եղել Սարգիս Հացբանյանին»: Բացի այդ, գրության մեջ նշված էր նաեւ «Ձեր նկատմամբ կայացված դատավճիռը դեռեւս օրինական ուժի մեջ չի մտել, ինչից բխում է, որ հարցը, էստ էության, կարող է քննարկվել միայն դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից»:

Քանի որ արդեն հայտնի է, որ առկա է Վճռաբեկ դատարանի որոշում, որն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, հուսանք, որ Ս. Հացպանյանի նկատմամբ համաներում կիրառելու հարցը, ըստ էության, արդարադատության նախարարության կողմից արդեն կքննարկվի բազմաթիվ վկայությունների՝ Մահապարտների «Արծիվ» գումարտակի «X» կործանիչ դասակի եւ Վլադիմիր Բալայանի անվան ջոկատի մարտիկների, ԼՂՀ ԱԺ փոխնախագահի եւ ԼՂՀ ԱԺ պատգամավորների, մտավորականների, հասարակական, քաղաքական գործիչների, Արցախյան պատերազմի վետերանների վկայությունների հիման վրա՝ անպայման ներառելով իր սպայի վկայականը եւ արդեն իսկ հիշատակված՝ ազգային անվտանգության գրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել